Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանի «եփած ճաշի» եւ Ծառուկյանին ուղղված «հրաժեշտի ձոնի» մասին

Փետրվար 20,2015 16:06

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր «Սրտի պարտքը» հոդվածում ներկայացնում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անցած ճանապարհը, գնահատում նրա վաստակը եւ ընդգծում, որ երբեք չեն մոռանա Ծառուկյանի արածը:

Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեց՝ դա հրաժեշտի ձո՞ն էր՝ ուղղված Գագիկ Ծառուկյանին, այդ հոդվածով նա «թաղո՞ւմ է» Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչին՝ Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Ես այդպես չեմ կարծում, եւ գտնում եմ, որ Գագիկ Ծառուկյանն էլ ինքն իրեն խաղից դուրս չի համարում: Եկեք չշտապենք, հստակություն կլինի: Ես վստահ եմ, որ ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի գլխավորությամբ դեռ թափ կտա իրեն եւ իր դերակատարությունը կվերցնի քաղաքական դաշտում»:

Lyudmila-Sargsyan

Թե ո՞ւմ նկատի ուներ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ի ներսում խառնակիչներ ասելով՝ տիկին Սարգսյանը վստահեցրեց, որ որեւէ տեղեկություն չունի այդ մասին. «Ես չգիտեմ Ծառուկյանի թիկունքում ինչ են արել, այդ թիմի մասին տեղյակ չեմ»:

Նրա խոսքերով՝ «Այն կարծիքը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտնել է Գագիկ Ծառուկյանի մասին, ես ամբողջությամբ կիսում եմ: Կարծում եմ, որ Գագիկ Ծառուկյանն ազնիվ է եղել իր գործընկերների հետ: Նա իրոք,ազնիվ մղումներով, ունենալով ամեն ինչ, ապահովված լինելով բարեկեցիկ կյանքով, ունենալով բավականին լուրջ թիմ եւ քաղաքական դաշտում իր ապահով դերակատարությունը, նա իրոք կարողացավ հրաժարվել այդ ամեն ինչից եւ եկավ կանգնեց ժողովրդի կողքին: Շատ լավ գիտակցելով, որ վիճակը ճգնաժամային է, ժողովրդի վիճակը ծայրահեղ ծանր է, փորձեց ազնվորեն քաղաքական ուժերի հետ միասին եռյակով կազմակերպել մի գործընթաց, որ քայլ առ քայլ պարտադրեն իշխանություններին գնալ բարեփոխման: Սակայն, ինչպես տեսաք, իշխանությունն ականջալուր չեղավ քաղաքական ուժերի պահանջներին, ժողովրդի՛ պահանջներին, որոնք ներկայացվել էին կառավարությանը 12 կետի տեսքով: Բայց չստացվեց: Իշխանությունը համառ էր իր որոշումների մեջ եւ վերարտադրության նպատակը դարձել էր առաջնային: Առաջին գիծ մղվեց Սահմանադրական փոփոխությունները, դրա համար Եռյակի ուժերը հասկացան, որ հապաղելը վտանգավոր է, պետք է անցնել ավելի սուր գործընթացների եւ պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Դրա արդյունքում Սերժ Սարգսյանը, հասկանալով, որ արդեն իր թիմի ներսում կազմաքանդման գործընթաց է տեղի ունենալու, որոշեց գնալ վա-բանկ եւ փորձեց վարկաբեկել Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչին, կարգին մարդու: Մենք գիտենք իշխանության մեթոդները, գիտենք, որ իշխանությունը բռնազավթած մարդիկ ամեն կերպ փորձելու են պահել իշխանությունը, գիտենք ինչերի են ընդունակ: Այս օրերի նրանց քայլերը դրա վառ ապացույցն էին: Հստակ էր, որ Գագիկ Ծառուկյանին այլընտրանք չէին թողել»:

Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանը 2 տարբերակ ուներ՝ կա՛մ շարունակել գործընթացը եւ ամսի 20-ին չարտոնված հանրահավաքը կայացներ, որի արդյունքում նրան հստակ ասվել էր, թե ինչքան արյուն կթափվի եւ այդ արյան մեղքը կբարդվի նրա վրա, կա՛մ էլ պիտի իր վրա չվերցներ նման պատասխանատվություն եւ մի կողմ քաշվեր:

Մեր դիտարկմանը, որ հիմա սլաքներն ուղղվում են Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմը, քննադատություն կա, որ նա ուզում էր կրակից շագանակներ հանել եւ այս ամբողջ «ճաշը» եփել է նա՝ Լյուդմիլա Սարգսյանը չհամաձայնեց. «Սովորաբար մեղադրում են նրանց, ովքեր ինչ-որ բան անում են: Մեղադրողները լինում են նրանք, ովքեր ոչինչ չեն անում: Տվյալ դեպքում բնական է, որ թիրախում հայտնվել են Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Գագիկ Ծառուկյանը: Բայց միշտ հեշտ է քննադատել նրանց, ովքեր որոշումներ են կայացնում: Ովքեր թիրախ են դարձնում առաջին նախագահին ու Գագիկ Ծառուկյանին, թող իրենց վրա մի պահ վերցնեն՝ իրենք ի՞նչ կերպ կվարվեին այս իրավիճակում եւ նոր միայն խոսեն: Եղավ այն, ինչ եղավ: Միգուցե, այն, ինչ պիտի լիներ, կարող էր ավելի վատ լիներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728