Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդիները դժգոհ են Շարմազանովից. «Պետք է ամաչի, ոչ թե հպարտանա»

Փետրվար 20,2015 15:52

Եզդիները դժգոհ են մնացել «Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների եւ այլ կրոնական ու ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն համարելու եւ դատապարտելու մասին» հայտարարության որոշման նախագծից:

«Ինչո՞ւ չընդունվեց եզդիների ցեղասպանությունը ներկայացված նախագծի մեջ»,- այսօր «Հայելի» ակումբում նման հարցադրմամբ սկսեց ասուլիսը

«Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սաիդ Ավդալյանը:

Նրա խոսքով իրենք այս օրերին աշխարհի տարբեր երկրներում ապրող եզդիներից դժգոհություններ են ստացել. «Մեր դժգոհությունն ու զայրույթը ոչ թե հույների և ասորիների ցեղասպանության դեմ է, այլ այդ նախագծի դեմ այնքանով, որքանով, որ դրա մեջ եզդիների ցեղասպանությունը չի ներառվել»:

Նա հիշեցրեց, որ այդ նախագիծը իրավական փորձաքննության է ենթարկվել ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչությունում և դրական եզրակացություն է ստացել: Այնուհետև ներկայացվել է նաև Արտաքին գործերի նախարարություն և այնտեղ նույնպես դրական եզրակացություն է ստացել, բայց չնայած դրան, փետրվարի 16-ին Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որոշել է դրական եզրակացություն չտալ Զարուհի Փոստանջյանի նախագծին:

«Այս նախագծի փոխարեն հավանության է արժանացել մեկ այլ նախագիծ՝ Էդուարդ Շարմազանովի և մի շարք պատգամավորների կողմից առաջ քաշված, որը վերնագրված է եղել «Օսմանյան թուրքերի կողմից 1914 և 1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին նախագիծ»: Այն ընդգրկվելու է ԱԺ-ի 5-րդ գումարման 7-րդ նստաշրջանի և փետրվարի 23-26 ընկած նիստերի օրակարգում: Փաստորեն, ընդունվեց մի նախագիծ, որի մեջ եզդիների ցեղասպանություն չկա: Ըստ այդ նախագծի համահեղինակների՝ եզդիների ցեղասպանության մասին կոնկրետ պատմական փաստեր չկան, որպեսզի այդ նախագծի մեջ ներառվի նաև դա: Նրանք իրենց լուրջ պատմաբաններ են համարում ու հպարտանում,  բայց ես կասեմ, որ ոչ թե հպարտանալու կարիք կա, այլ ամաչելու, քանի որ եզդիների ցեղասպանության մասին կան բավականին ցայտուն արխիվային նյութեր, և նրանք՝ որպես պատմաբան պարտավոր էին իմանալ այդ ամենի մասին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728