Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակը աղբաման պետք է նետել». պնդում է ճարտարապետը

Փետրվար 20,2015 15:42

Ներքաղաքական վերջին զարգացումները համախմբել է մի խումբ մտավորականների: Այսօր «Հայելի» ակումբում Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ճարտարապետ Ֆերդինանտ Առաքելյանի եւ գրականագետ Ազատ Եղիազարյանի հետ ներկայացրին ուղերձը: Դրա տակ արդեն 12 մտավորական է ստորագրել: Ուղերձին միացածներին մտահոգում է, որ Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ ներքաղաքական լարվածություն է առաջացել:

«Ուղերձը ոչ մի կուսակցական նպատակ չունի, կուսակցական հավակնություններ չունենք»,- ասաց գրականագետ Ազատ Եղիազարյանը: Ըստ նրա՝ «Մենք մտածում ենք, որ իրավիճակն իրոք շատ ծանր է: Մեր այս հայտարարությունը նախապատրաստվում էր այսօրվա միտինգի նախօրյակին: Միտինգը չեղյալ հայտարարվեց, բայց պարզվեց, որ մեր հայտարարության հրատապությունը չի կորչում: Ցեղասպանության 100-ամյակն ավելի է սրում այդ խնդիրները: Միջազգային հարաբերությունների մեջ արդարության խնդիր դժբախտաբար չկա: Եթե այլ երկրներից գան ապրիլի 24-ին, նրանք կգան ոչ թե նրա համար, որ մենք արդար ենք, այլ, որ մենք ինչ-որ ուժ ենք ներկայացնում միջազգային ասպարեզում»,-ասաց Ազատ Եղիազարյանը:

Նրա խոսքով, այն մտավորականները, որոնք միացել են այդ ուղերձին, հիմա մշակում են առաջարկությունների փաթեթը՝ ինչպես գտնել լուծումներ:

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էլ պատմեց, որ իրենք պատրաստվում են համապարփակ մի ծրագիր ներկայացնել, որը տարբերվելու է այսօրվա քաղաքական գծից և բոլոր այն քաղաքական ուժերի տեսակետից, որոնց հետ իրենք գաղափարական ընդհանրություններ չունեն. «Թե այդ ծրագիրը երբ պատրաստ կլինի, չեմ կարող ասել, բայց առաջիկա 1-2 ամիսներին կլինի: Դա լուրջ աշխատանք է, որը գործողությունների ծրագիր է: Մենք ամեն մի բնագավառի հետ կապված պետք է ունենանք հստակ մեխանիզմներ: Մենք այս հայտարարության մեջ գրել ենք, որ այն Հայաստանը, որը երևի թե երանելի է բոլոր հայերի համար այսօր դեռ գոյություն չունի և պետք է ձգտել դրան»:

Նա լսել է վարչապետի խոսքը, հիմա սպասում է գործին. «Եթե իսկապես մեր կառավարության խոսքը գործ է և նրանք պետք է պայքարեն կոռուպցիայի և մի շարք այլ խնդիրների դեմ, ուրեմն իրենք աջակից են, իսկ եթե ոչ, ուրեմն իրենք պետք է ներկայացնեն ժողովրդին, թե ինչպիսի իրավիճակ է և ինչպես կարելի է դրանից դուրս գալ»

Անդրադառնալով ՀՀ նախագահին ուղղված Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին` ճարտարապետ Ֆերդինանտ Առաքելյանն առաջարկեց այն պատռել և լցնել աղբամանը:

Հիշեցնենք, որ առաջին նախագահը բաց նամակով ներկայացրել էր քաղաքական մթնոլորտի առողջացման իր ծրագիրը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728