Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լևոն Տեր-Պետրոսյանը փրկեց իր դեմքը, Ռոբերտ Քոչարյանն օգտագործեց առիթը

Փետրվար 20,2015 15:32

«Ե՛վ ՀՀ ղեկավարությունը, և՛ իրենց ընդդիմադիրները համոզվեցին, որ ՌԴ-ում շահագրգռված չեն այսօր ՀՀ-ում իշխանափոխության հարցի սրացմամբ»,-այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում պատասխանելով Aravot.am-ի հարցին` արդյոք ներքաղաքական պայքարում «Ժառանգություն» կուսակցությունը մենա՞կ է մնացել, քանի որ Սերժ Սարգսյանի հետ Գագիկ Ծառուկյանը գնաց հաշտեցման, Լևոն Տեր-Պետրոսյանը` երկխոսության, այսպես պատասխանեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նա նշեց. «Ուստի այն ուժերը, որոնք իշխանափոխություն են պահանջում, զրկվում են ՌԴ աջակցությունից և պաշտպանությունից»:

Ըստ Բորիս Նավասարդյանի`ցանկացած ներքին քաղաքական սրացում ձեռնտու չէ մեր ներքին օլիգարխական համակարգին, քանի որ հասկանում են, որ եթե սեպ է խրվում իրենց մեջ, դա սպառնալիք է ամբողջ համակարգի համար:

Բորիս Նավասարդյանը պատահական չի համարում այն, որ ներքաղաքական սրացումները հանդարտեցնելու հարցում խառնվեց մի անձ, որը մեծ ազդեցություն ունի օլիգարխական համակարգի վրա: Պարոն Նավասարդյանը կարծում է. «Կարծես թե մեր քաղաքական առաջատար գործիչները զգացին, որ ժողովրդի, հասարակության մեջ այնքան էլ դրական չի ընկալվում ներքաղաքական սրացումը ապրիլի 24-ից առաջ»:

Դառնալով «Ժառանգությանը»` պարոն Նավասարդյանը նկատեց. «Երբ հիմնական գործող անձինք իրենց մեծ մասով վարկաբեկեցին, ապա ցանկացած երրորդ ուժ շանս ստացավ գրավել այն տեղը, որը թափուր է: Իսկ թե դա ինչքանով «Ժառանգությանը» կհաջողվի, որքանով նրանց ներքին ռեսուրսները, վճռականությունը, կարողությունը կբավարարի, դա կախված է իրենցից: Բայց նախորդ փորձերը ցույց են տալիս, որ դա նրանց մոտ չի ստացվում: Եռյակի ձևաչափում «Ժառանգությունը» ոչինչ չուներ, իսկ այսօր գոնե ունի իր դիրքերը բարելավելու շոշափելի հնարավորություններ»:

Մեր մյուս հարցին` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեռ իր խոսքը կասի՞ քաղաքականության մեջ, ինչպես ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է վստահեցնում իր «Սրտիս պարտքը» հոդվածում, պարոն Նավասարդյանը պատասխանեց. «Լևոն Տեր-Պետրոսյանի այդ արտահայտությունը կապված էր ոչ թե Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ իր կանխատեսումների հետ, այլ նպատակ ուներ արդարացնելու նախորդ տարիների իր համագործակցությունը, որը վարկաբեկվել էր նախորդ օրերին: Լևոն Տեր-Պետրոսյանին պետք էր բացատրել, թե ինչ պատճառներով, Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի որ դրական կողմերի վրա էր ինքը հենվում: Ուստի ավելի շատ նախորդ քայլերի արդարացում էր, քան ապագայի կանխատեսում»:

Ներքաղաքական հետագա զարգացումների մասին խոսելով` պարոն Նավասարդյանը չբացառեց, որ ՀՅԴ-ն կմտնի կոալիցիա: Իսկ Ռոբերտ Քոչարյանի` հարմար պահին վերադարձը պարոն Նավասարդյանը չբացառեց. «Ռոբերտ Քոչարյանը պահպանում է իր հնարավորությունները հարմար պահի վերադառնալ քաղաքականություն: Նա հանդես եկավ որպես ընդդիմության շահերի, ազատությունների պաշտպան: Սա հասարակության համակրանքը շահելու առումով բավականին հարմար առիթ էր և նա այդ առիթից օգտվեց»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728