Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԲՀԿ-ի ներսում կան որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծվեն». Արմեն Բադալյան

Փետրվար 20,2015 15:17

«Սխալների մի մասը գալիս է Ծառուկյանի քաղաքական փորձառության պակասից, իսկ մեծագույն մասը՝ ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների մի փոքրիկ խմբակից, որն ուղղորդվում է բոլորովին մի այլ կենտրոնից եւ հետամուտ է բոլորովին մի այլ ծրագրի։ Թե՛ Ծառուկյանին, թե՛ Բարգավաճ Հայաստանին, եւ թե՛ Համաժողովրդական շարժմանը ոչ ոք այնքան վնաս չի տվել, որքան այդ խմբակի՝ մեծ վերլուծաբանների հավակնություն ունեցող մի քանի անդամները»,- առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անցած ճանապարհի մասին պատմող իր «Սրտի պարտքը» հոդվածում այսպիսի գնահատական էր տվել:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բադալյանը վստահեցրեց, որ չգիտի, թե ում նկատի ունի Տեր- Պետրոսյանը, ովքեր են ԲՀԿ-ի ներսի խառնակիչները եւ գուշակություններով չի ուզում զբաղվել: Կոնկրետ ինքը ԲՀԿ-ում խառնակիչների չի տեսնում. «Տեսնում եմ գործիչներ, որոնք իրենց տարբեր տեսակետներն ունեն կուսակցության, ապագայի վերաբերյալ եւ կուսակցության քայլերի հետ կապված»:

Արմեն Բադալյան

Արմեն Բադալյան

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի՝ վերջին օրերի քայլերին՝ հակամարտությանը, դրան հաջորդած հանդիպմանը ՝ Արմեն Բադալյանն ասաց. «Քաղաքականության մեջ չեն կռվում ու բարիշում: Լինում են ակտիվ կամ ոչ ակտիվ: ԲՀԿ-ն ու եռյակը մնում են ՀՀԿ-ի մրցակիցները, շարունակում են իրենց նախկին քաղաքականությունը: Որեւիցե ողբերգություն, որեւիցե խուճապային տրամադրություն, պարտություն ես այստեղ չեմ տեսնում: Ուղղակի գործընթացը ցույց տվեց եռյակի մաս կազմող կուսակցություններին, որ մասնավորապես, ԲՀԿ-ի ներսում կան որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Այդ խնդիրները լուծվելուց հետո ինչպես ԲՀԿ-ն, այնպես էլ ՀԱԿ-ը ամենայն հավանականությամբ, կշարունակեն իրենց պայքարը՝ իրենց առջեւ եղած նպատակներն իրականացնելու համար: Այն է՝ ՀՀ-ում նոր իշխանություն ձեւավորելը: Դա կլինի հերթական ընտրությունների միջոցով, թե արտահերթ՝ այնքան էլ էական չէ»:

Նա վստահ է, որ Գագիկ Ծառուկյանն անկեղծորեն ցանկացել է իշխանափոխություն անել, բայց չի ստացվել. «Ինչո՞ւ պետք է մտածեմ, որ Գագիկ Ծառուկյանն անկեղծ չէր: Իշխանափոխության օլիգարխներն էլ են անում: Վրաստանում իշխանափոխություն արեց օլիգարխ Իվանիշվիլին, Ուկրաինայում՝ Պյոտր Պորոշենկոն: Ուղղակի Հայաստանում է դա տարօրինակ դիտվում: Աշխարհի շատ երկրներում դա նորմալ երեւույթ է, երբ մի համակարգի օլիգարխը իշխանափոխություն է իրականացնում»:

Ի՞նչը կարող էր ստիպել Գագիկ Ծառուկյանին, որը խոսում էր հուժկու հանրահավաքների, ժողովրդին ոտքի հանելու մասին, չեղյալ համարել հանրահավաքները, ինչո՞վ են վախեցրել Գագիկ Ծառուկյանին՝ Արմեն Բադալյանը պատասխանեց. «Ոչ մեկը ոչ մեկին չի վախեցրել: Քաղաքականությամբ զբաղվողը չպետք է վախենա: Որեւէ երաշխիք չկար, որ փետրվարի 20-ի հանրահավաքին իշխանությունների կողմից չէր հրահրվի անկարգություններ, ինչը իշխանություններին լեգիտիմ իրավունք կտար բռնություն կիրառել հանրահավաքի մասնակիցների նկատմամբ: Առավել եւս, որ փետրվարի 20-ի հանրահավաքն արտոնված չէր քաղաքապետարանի կողմից, ինչը իշխանությանը հնարավորություն կտար բռնություններ իրականացնել եւ թույլ չտալ հանրահավաքի իրականացումը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728