Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գերմանիայում հայկական համայնքները Ռուսաստանից պահանջում են հանձնել Վալերի Պերմյակովին Հայաստանին

Փետրվար 20,2015 15:03

Գերմանիայում հայկական համայնքների բաց նամակը՝ ուղղված Բեռլինում Ռուսաստանի Դեսպանին: 

Մեծարգո պարոն Դեսպան Վլադիմիր Մ. Գրինին

Ողջ Հայաստանի Հանրապետությունը, նրա հետ միասին սփյուռքը, ներառյալ Գերմանիայի ավելի քան 50 000 հայերը ցնցված են: Վստահաբար տեղյակ եք հունվարի 12-ի ողբերգական իրադարձությանը, ինչը տեղի է ունեցել Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում, որտեղ եւ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան: Ավետիսյանների յոթ անդամանոց ընտանիքը, այդ թվում եւ երկու տարեկան փոքրիկ աղջիկը՝ Հասմիկը, ինքնաձիգով դաժանաբար գնդակահարվեցին սեփական տանը: Նաեւ վեց ամսեկան մանուկ Սերյոժան, ով սվինահարության բազմաթիվ վերքից մահացու վիրավորվել էր, կյանքի ու մահու պայքարի տանջալից օրերից հետո, չապաքինվելով վերքերից, հունվարի 19-ին հեռացավ կյանքից:

Կասկածյալը ՌԴ քաղաքացի եւ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովն է, ով դեպքից հետո ենթադրաբար փախուստ է կատարել դեպի հայ – թուրքական սահմանը, ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից եւ հանձնվել է ռուսական 102-րդ ռազմաբազային, որտեղից էլ նա ենթադրաբար ավելի շուտ կատարել էր զինված փախուստը:

Այս սարսափելի միջադեպը միեւնույն ժամանակ շատ խորհրդավոր է: Քանզի կան լուրջ կասկածներ, որ ոչ թե մեկ, այլ մի քանի զինված անձինք են ներխուժել Ավետիսյանների տուն եւ միաժամանակ սպանել ընտանիքի բոլոր անդամներին:

Կասկածելի է նաեւ այն հանգամանքը, որ ռուս սահմանապահները քաղաքացիական հագուստով Պերմյակովին, ով իր մոտ անձը հաստատող փաստաթղթեր չուներ, ՀՀ ոստիկանությանը կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը հանձնելու փոխարեն՝ ինչպես ենթադրում են իրավական համաձայնագրերը եւ Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջեւ կնքված պայմանագրերը, հանձնեցին ռուսական ռազմաբազային: Բացի այդ, ողբերգական դեպքից միայն մի քանի օր հետո, երբ Հայաստանում ժողովուրդը սարսափելի սպանության լիարժեք հետաքննման համար դուրս եկավ փողոց եւ ցույցի միջոցով պահանջեց հարգել իրավունքն ու օրենքը, արձագանքեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, այն էլ ոչ թե հրապարակայնորեն, այլ ենթադրաբար հեռախոսազրույցով հայտնեց իր ցավակցությունը:

«Կիլիկիա» Հայկական Երիտասարդական Միություն
Հայ Ակադեմիականների Միություն 1860
Հայերի Եվրոպական Համագումար – Գերմանիա
Հայկական Վերածնունդ – Գերմանիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728