Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր ռիսկերը» հաշվի առնելով՝ երաժշտի կալանքը չփոխվեց

Փետրվար 20,2015 14:52

Էդգար Դուրգարյանին դանակահարելու մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել երաժիշտ Արտյոմ Լալայանի նկատմամբ: Նա մեկ տարուց ավելի է, ինչ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը երրորդ անգամ մերժեց Ա. Լալայանի պաշտպան Սամվել Հովհաննիսյանին, որը միջնորդել էր կալանավորումը փոխարինել ստորագրությամբ: Պաշտպանը 2014թ. հոկտեմբերի 8-ին միջնորդել էր կալանքը փոխարինել գրավով, իսկ այս տարվա փետրվարի 3-ին պաշտպանը դարձյալ միջնորդել էր գրավ կիրառել, առաջարկելով դատարանի դեպոզիտ հաշվին մուծել 2 մլն դրամ գումար:

Այսօրվա դատական նիստին պաշտպանը հայտնեց, որ վերացել է կալանավորման նպատակահարմարությունը, քանի որ իրենց միջնորդությամբ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ Ա. Լալայանի վերաբերյալ սույն գործը քննած քննիչի նկատմամբ:

Պաշտպանը նաեւ հայտնել էր, որ քննիչի դեմ քրեական գործը ըստ ամենայնի կձգձգվի, իսկ իր պաշտպանյալն այդ ողջ ժամանակաընթացքում աննպատակ կմնա անազատության մեջ: Դատարանը խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ մերժեց պաշտպանի միջնորդությունը, նաեւ փաստելով. «Հաշվի առնելով գործով ամբաստանյալ Ա. Լալայանին մեղսագրվող արարքների բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվելը, տեւական ժամանակ 2012թ. հոկտեմբերի 10-ից մինչեւ 2014թ. հունվարի 16-ն ընկած ժամանակահատվածում հետախուզման մեջ գտնվելը, իրավապահ մարմինների աշխատանքի շնորհիվ հայտնաբերվելը»:

Դատարանը արձանագրեց նաեւ, որ դեռեւս պահպանվում են հավանական ռիսկերն առ այն, որ նա հայտնվելով ազատության մեջ, վերստին կխուսափի վարույթն իրականացնող մարմնից եւ հնարավոր քրեական պատասխանատվությունից:

Ինչ վերաբերում է «քննիչի գործով» նախաքննության հնարավոր ձգձգման վերաբերյալ պաշտպանի փաստարկին, դատարանն արձանագրել էր, որ պաշտպան Ս. Հովհաննիսյանի «վարկածը որեւէ կերպ հիմնավորված եւ պատճառաբանված չէ»:

Իսկ երկրորդ միջնորդության հետ կապված՝ դատարանը կրկին մերժեց մեղադրանքը պաշտպանող դատախազ Ա. Աբրահամյանին բացարկ հայտնելը: Երկու որոշումների հրապարակման ժամանակ մեղադրողը ներկա չէր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728