Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրին միստիկ քաղաք է. անընդհատ դժբախտությունների մեջ ենք». Շիրակի փոխմարզպետ

Փետրվար 20,2015 13:44

Վաղը լրանում է իրենց տանը գազանաբար սպանված Ավետիսյանների քառասունքը: Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանն Aravot.am-ի հետ զրույցում, առանց անուններ թվարկելու, իր վրդովմունքը հայտնեց այն քաղաքական ուժերի հանդեպ, որոնք այդ օրը փորձում են քաղաքական ակցիաներ անցկացնել Գյումրիում: «Եթե քաղաքական գործիչները ցանկանում են Գյումրի գալ, կարող են ցանկացած օր գալ, դա իրենց իրավունքն է: Այդ օրը կարող են գալ, մեզ հետ վշտակից լինել, բայց քաղաքական ակցիաներ չի կարելի անել: Կարծում եմ՝ չի կարելի վկայակոչել դժբախտությունը, իրավիճակը ու դրա արդյունքում կամ հետեւանքով ինչ-որ բան կազմակերպել: Ես այդպես եմ մտածում, հայ քրիստոնյան իրավունք չունի նման բան անելու»,- ասաց Սեյրան Պետրոսյանը:

Մեր դիտարկմանը՝ միգուցե ակցիաների հեղինակները կիսո՞ւմ են հասարակության այն մտահոգությունը, որ դեռ ոչինչ արված չէ հանցագործության բացահայտման ուղղությամբ, մի բան էլ ուզում են սակավամիտ դարձնել Պերմյակովին ու տանել մեր երկրից: «Ես՝ որպես մարդ, այդ կարծիքին չեմ, որ կփորձեն սակավամիտ դարձնել, որովհետեւ հասարակությունը պատասխանի է սպասում ու սխալ թույլ տալու իրավունք չկա: Ես վստահ եմ, որ ամեն ինչ հրապարակային է լինելու, ե՛ւ քննության արդյունքները, ե՛ւ դատը հրապարակվելու են: Իսկ թաքցնելը բացառված է, ես որպես քաղաքացի եմ պատասխանում ու համոզված եմ, որ ի լուր աշխարհի կհստակեցվի ու կասվի ճշմարտությունը»:

Իսկ ինչո՞ւ հատկապես Գյումրիում են տեղի ունենում նման դժբախտ դեպքերը, անիծվա՞ծ է այս քաղաքը: «Դժվար հարց եք տալիս, տեսեք, դեպք դեպքի վրա է լինում, ինչո՞ւ…Չգիտեմ, ես մի բան գիտեմ, որ անընդհատ ինչ-որ բան կատարվում է, չտա Աստված, մի ուրիշ տեղ էլ կատարվի…Ճիշտ է՝ ես սնոտիապաշտ չեմ, բայց միգուցե ինչ-որ բան կա, տեսեք՝ նոյեմբերին միկրոավտոբուսը շուռ եկավ, հունվարին Ավետիսյաններին սպանեցին, բոլորովին վերջերս առողջ, առույգ 24 տարեկան աղջիկը տանը ինքնասպան եղավ…Ինչո՞ւ, միգուցե ինչ-որ բան չի բավարարում, ինչ-որ բան պակաս է, միգուցե տարածքն է այդպիսին, ինչ-որ միստիկա կա, չեմ կարող պատասխանել: Ինձ համար էլ է զարմանալի, չեմ ուզում որեւէ տեղ որեւէ բան լինի, այդ թվում ՝Գյումրիում, բայց չգիտեմ…Միգուցե մեր պապերը ճիշտ չեն ընտրել քաղաքի տեղը, իհարկե, ներողություն արտահայտությանս համար, ինչ ասես մարդու մտքով անցնում է…»,- ասաց փոխմարզպետը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728