ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Իգոր Պոպովը Ռուսաստանի Դաշնությունից, Ջեյմս Ուորլիքը Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ Պիեր Անդրեուն Ֆրանսիայից) փետրվարի 16-19-ը այցելեցին տարածաշրջան: Նրանց միացել էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Այսօր տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ համանախագահները հանդիպեցին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին, արտաքին գործերի նախարարներին եւ պաշտպանության նախարարներին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի «դե ֆակտո իշխանություններին»: Համանախագահների հիմնական նպատակն էր եղել հունվար ամսին բռնությունների վտանգավոր աճից հետո դիմել կողմերին, որպեսզի խստորեն պահպանեն հրադադարի ռեժիմը:
Համանախագահների հետ քննարկումների ընթացքում կողմերը հաստատեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ճանապարհով լուծման իրենց հանձնառությունը: Նախագահները նաեւ համաձայնեցին համանախագահների առաջարկներին, որոնք կարող են ամրապնդել հրադադարի ռեժիմը:
Համանախագահները նախագահների եւ արտաքին գործերի նախարարների հետ քննարկեցին հակամարտության կարգավորման հաջորդ քայլերը, ինչպես նաեւ այս տարվա ընթացքում նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքները:
Կարդացեք նաև
Տարածաշրջան այցելության ժամանակ համանախագահները նաեւ հանդիպեցին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում կորած անձանց հետ կապված խնդիրները: Նրանք կարեւորեցին 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում նախագահների հանդիպումների ընթացքում ձեռքբերված անհայտ անձանց վերաբերյալ ԿԽՄԿ-ի հովանու ներքո տեղեկատվության փոխանակման պայմանավորվածությունը:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ