Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց երաժիշտ Արտյոմ Լալայանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատարան էր բերվել տուժող Էդուարդ Դուրգարյանի հագուստը՝ փաթեթավորված: Էդուարդ Դուրգարյանը՝ ըստ մեղադրանքի կողմի, դանակահարվել էր երաժշտի կողմից:
Մեղադրող Ա. Աբրահամյանը բացեց փաթեթը, ասելով. «Ինչքան սեւ գործ կա՝ դատախազի վրա է»: Հետազոտվեց արյունոտ վերնաշապիկը:
Արտյոմ Լալայանի պաշտպան Սամվել Հովհաննիսյանը դատարանին տեղեկացրեց, որ հարցում է արել Կոմիտասի անվան կոնսերվատորիա, որտեղից ստացվել է նախկին շրջանավարտ Ա. Լալայանի գործը, համաձայն որի՝ Ա. Լալայանը թե ընդունելության քննությունները, թե քննություններն առհասարակ հանձնել է ռուսերենով: Ի դեպ, սա անհրաժեշտ էր գործի համար, քանի որ վիճարկվում է նրա՝ հայերենին տիրապետելու հարցը, չնայած այն բանին, որ նա ունի թարգման եւ օգտվում է թարգման ունենալու իրավունքից: Պաշտպանի հաջորդ միջնորդությունը վերաբերում էր Արտյոմ Լալայանի խափանման միջոցը փոխելուն: Նա միջնորդեց, որպեսզի մեկ տարի կալանքի տակ գտնվող իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխվի ստորագրությամբ: Պաշտպանը հայտնեց նաեւ, որ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ այս քրեական գործի նախաքննությունն իրականացրած քննիչ Տիգրանյանի դեմ եւ պաշտպանը միջնորդեց, որպեսզի կասեցվի այդ գործը: Նրա երկրորդ միջնորդությունը, այն է՝ դատախազին ինքնաբացարկ հայտնելու կոչով դիմելը, քանի որ դատախազը, ըստ պաշտպանի՝ իրականացրել է հսկողություն նախաքննության նկատմամբ եւ չունի բարոյական իրավունք՝ իր դիրքորոշումն արտահայտելու համար, վրդովեցրեց դատախազին: Վերջինս ասաց, թե կընդուներ ինքնաբացարկը հաճույքով, միայն թե պաշտպանի հետ չմասնակցեր այս դատական նիստին եւ առարկեց պաշտպանի միջնորդությունների դեմ:
Կարդացեք նաև
Դատավոր Արշակ Վարդանյանն ասաց, որ չի ստացել քննիչի դեմ ՀՔԾ-ում հարուցված որոշումը, սակայն խափանման միջոցը փոխելու եւ դատախազին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունների հետ կապված մտել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Ի դեպ, երաժիշտը ընդամենը մի բան խնդրեց՝ «ուզում եմ երաժշտություն գրել»: Մեկ տարի գտնվելով «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, նա շարունակում է ստեղծագործել:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ