Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղղակի այսօր փետրվարի քսանն է

Փետրվար 20,2015 13:18

Կարծեմ հանճարեղ Վահրամ Փափազյանի հուշերում եմ կարդացել (չէ, «Սրտի պարտք» չեմ գրելու), որ 1922 թվականին, երբ բացվել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնը, որ այն ժամանակ Պետթատրոն էր կոչվում, կառավարության որոշմամբ (Սովետական կառավարության որոշմամբ) թատրոնի վերջին մի քանի շարքերն անվճար հատկացնում էին Ղանթարի առևտրական ժողովրդին: Ու Ղանթարի ժողովուրդը՝ թրիքոտ ոտքերով, դեղնած բեղ-մորուքով, քրտնահոտով, կեղտի մեջ կորած շորերով գալիս էր թատրոն: Նրանք նստում էին իրենց հատկացված շարքերում, աղմկում էին, բարձրաձայն ծիծաղում էին, բարձրաձայն խոսում միմյանց հետ: Բայց կառավարությունը Շեքսպիրի, Սունդուկյանի, Վահրամ Փափազյանի, Հովհաննես Աբելյանի, Հրաչյա Ներսիսյանի, մեր թատրոնի մեծերի ու թատրոնի միջոցով ուզում էր Ղանթարի ժողովրդից ժողովուրդ կերտել:

88-ի փետրվարին հենց այդ ժողովուրդն էր Հայաստանում: Հենց այդ ժողովուրդը կերտեց Հայաստանի անկախությունը, հենց այդ ժողովուրդը անհավատալի պայմաններում ստեղծեց ազգային բանակ, հենց այդ ժողովուրդն ազատագրեց Լեռնային Ղարաբաղը: Բայց Ղանթարի ժողովրդից ժողովուրդ կերտող մի կառավարության չափ չեղանք, նույնիսկ, ու համառորեն, ու պնդաճակատությամբ ու հետևողականությամբ մեզանից օտարելով Շեքսպիր, Սունդուկյան, թատրոն, մշակույթ, որ ազգի ինքնություն է, ընդամենը քսան տարում ժողովրդին տարանք դեպի…Ղանթարի ժողովուրդ:

Ոչի՞նչ, որ սրտի պարտք ստացվեց: Ուղղակի այսօր փետրվարի քսանն է՝ Ղանթարի ժողովրդից ժողովուրդ դարձած հայության օրը:

Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Լուսանկարը` Զավեն Խաչիկյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728