Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Ամեն տարվա նման, այս անգամ էլ թբիլիսահայությունն իր այցելությամբ հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, որտեղ ամփոփված է Մեծ Լոռեցու աճյունը, իր սիրո և հարգանքի տուրքը մատուցեց ժողովրդական մեծ բանաստեղծին ու իր խոնարհումը բերեց նրա հիշատակի առջև: Մեծն Թումանյանի տապանաքարի մոտ, Վիրահայոց թեմի առաջնորդի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ:
Հավարտ արարողության դիմելով ներկաներին, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը գնահատանքի խոսքեր ուղղեց թբիլիսահայ մտավորականին ազգի մեծերի հիշատակը պահելու համար: Թեմակալ առաջնորդն իր խոսքում արժևորեց նաև Թբիլիսիի քաղաքապետարանի խնամատարությունը և ՀՀ Սփյուռքի նախարարության հոգատարությունը Խոջիվանքի Մեծաց մեծերի պանթեոնի նկատմամբ:
Բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանն, անդրադարձ կատարելով 10 տարի առաջ երջանկահիշատակ Լևոն Անանյանի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը գիրք նվիրելու նախաձեռնությանը, նշեց, որ ավանդական դարձած այս գործողությանը հավատարիմ, ինքը վերստին ներկաներին նվիրում է գրքեր իր հրատարակած և անձնական գրադարանից:
«Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը ափսոսանքով նշեց, որ երիտասարդությունը կտրվել է գրքից և հեռացել ընթերցանությունից, կոչ անելով սիրել գիրքը, ակտիվորեն ընդգրկվել գիրք նվիրելու գեղեցիկ գործողությանը և այն դարձնել համընդհանուր:
Կարդացեք նաև
Հովհաննես Թումանյանի չափածոյից գեղեցիկ ծաղկաքաղով և մայրենի լեզվին նվիրված բանաստեղծությունների արտասանությամբ հանդես եկան «Հայարտուն» կենտրոնի ասմունքի խմբակի սաները ուսուցիչ՝ Սամվել Էլբակյանի գլխավորությամբ: Թբիլիսահայ մտավորականության ներկայացուցիչների, «Հայարտուն» կենտրոնի ստեղծագործական խմբերի սաների ու նրանց ուսուցիչների կողմից ծաղիկներ խոնարհվեցին հայոց մեծերի տապանաքարերին:
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ
Եկեղեցու Վիրահայոց Թեմ