Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյանը կփախչի միայն Զարուհի Փոստանջյանի հետ (Տեսանյութ)

Փետրվար 20,2015 12:57

«Փաստաթուղթը մանրակրկիտ ուսումնասիրել եմ, անձամբ նայել ու փորձել եմ հասկանալ դրա տրամաբանությունը: Ինձ թվաց, որ Նիկոլ Փաշինյանն իր տպավորությունների ամփոփ ժողովածուն է ներկայացրել Ազգային Ժողով, որովհետև այդ բոլոր մտքերը ԱԺ-ում նա ավելի վաղ հնչեցրել է ու միշտ արձագանքի արժանացել»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի` Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Հովհաննես Սահակյանը:

Նա նաև նկատեց, որ կարելի էր նախագծում ավելացնել այն հանգամանքը, որ ՀՀ նախագահի որոշմամբ հայ-թուրքական արձանագրությունները հետ են կանչվել ԱԺ-ից, իսկ արձանագրությունները այն դրույթներից մեկն է, որը ներառված է նախագծում, որպես Սերժ Սարգսյանի պաշտոնանկության փաստարկ:

Նիկոլ Փաշինյանի փոխարեն արձագանքեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, որը դիմելով ՀՀԿ-ական Սահակյանին՝ ասաց, որ հստակ գիտակցում է, թե այս գործընթացը չի կարող ԱԺ-ում հաջողություն ունենալ, բայց այնուամենայնիվ Սերժ Սարգսյանի հասցեին մեղադրանքներն առկա են ու ներառված են փաստաթղթում ու նա վաղ թե ուշ կնստի մեղադրյալի աթոռին և, վստահություն հայտնեց՝ կլինի դատավարություն: «Ես ուզում եմ իմանալ, եթե դուք չլինեք իշխանություն, կմասնակցե՞ք այդ դատավարությանը, թե փախչելու եք: Վաղ թե ուշ՝ միևնույն է ,այդ օրը գալու է»,- հայտարարեց Զ. Փոստանջյանը:

«Եթե փախչեմ, ապա միայն ձեր հետ: Ես փախչող չեմ ու դուք դա շատ լավ գիտեք»,- արձագանքեց ՀՀԿ-ական պատգամավորն`դեմքին ակնհայտ հեգնանքի արտահայտությամբ: Այնուհետ հայտարարեց` հասկանում է`Զարուհի Փոստանջյանը մամուլի ներկայացուցիչների է տեսել, ոգեւորվել է, բայց ճիշտ է, որ նա հանգիստ լինի, քանի որ ՀՀԿ-ականները ոչ մի տեղ էլ չեն փախչելու:

Մանրամասները`տեսանյութում.

«Այս փաստաթուղթը պետք է տանենք Ազատության հրապարակ, այնտեղ կազմակերպենք դատավարություն, ժողովրդի մասնակցությամբ, որովհետև ԱԺ-ում այն չի ունենա հաջողություն»,- հայտարարեց «Ժառանգության» ներկայացուցիչը:

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ դուք մնաք պատգամավոր, որ իրավաբանությամբ չզբաղվեք, պարոն Ջհանգիրյանը որպես դասախոս կարող է փաստել`մեզ համալսարանում սովորեցրել են…»,- Զարուհի Փոստանջյանին շարունակեց հումորախառն հեգնել Հովհաննես Սահակյանը: Նրա խոսքը ընդհատեց Փոստանջյանը. «Ջհանգիրյանին կարող եմ հաղթե՞լ, դրա համար»: «…Որ բժիշկներն ու իրավաբանները գործ ունեն մարդու ճակատագրի հետ»,- ի վերջո ասելիքն ավարտեց Հովհաննես Սահակյանը:

«Ես շատ դժբախտ եմ, որ այսպիսի ԱԺ-ում եմ»,- շարունակեց Զարուհի Փոստանջյանը: «Դա ձեր անձնական որոշումն էր»,- եզրափակեց Հովհաննես Սահակյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728