Լրահոս
Օրվա լրահոսը

Որքա՞ն հարկեր են վճարել հանրությանը հայտնի օլիգարխները. «Ազգ»

Փետրվար 20,2015 12:21

Այսպիսով, անցնող շաբաթվա ընթացքում երկու հակասական հայտարարություն հնչեց: Առաջինը երկրի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից, այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը խուսափում է միլիարդավոր դրամների հարկերի վճարումից, երկրորդը նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կողմից, որ Գագիկ Ծառուկյանը` իր բոլոր ընկերությունների վճարած հարկերի ընդհանուր ցուցանիշով առաջինն է: Այն, որ Գագիկ Ծառուկյանը մշտապես առաջինն է եղել ամենամեծ ստվերային շրջանառություն ունեցող գործարարների թվում, բազմիցս ենք նշել: Պարզապես այն ժամանակ ԲՀԿ-ն կոալիցիոն գործընկեր էր, մաս էր կազմում իշխանության եւ նման հրապարակումները իշխանությունների կողմից անարձագանք էին մնում:

Այսպիսով, Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններից ամենախոշոր հարկատուն 20-րդ տեղում գտնվող «Օնիրա քլաբ» խաղատնային համալիրն է, որն անցյալ տարի վճարել է 4,7 մլրդ դրամ հարկ: Այնուհետեւ գալիս են 104-րդ տեղում գտնվող «Արարատցեմենտ»` 1,2 մլրդ դրամ վճարած հարկերով, 115-րդ տեղ` «Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը»` 1,1 մլրդ դրամ վճարած հարկերով, 129-րդ տեղում գտնվող «Ար-Բե հայ-բելառուսական առեւտրի տունը»` 967 մլն դրամ վճարած հարկերով: Գագիկ Ծառուկյանին պատկանող մյուս 4 ընկերությունները` «Մուլտի-լեոնը», «Կոտայք գարեջրի գործարանը», «Ավիասերվիսը», «Մուլտի գազը» առաջին 300 հարկատուներից ներքեւ են գտնվում եւ միասին վերցրած վճարել են մոտ 1 մլրդ դրամ հարկեր ամբողջ տարվա ընթացքում: Եթե ընդհանրացնենք Հայաստանի ամենահարուստ օլիգարխին պատկանող վերոնշյալ ընկերությունների կողմից վճարված հարկերի ամբողջ գումարը 2014 թ-ին, ապա այն կկազմի մոտ 9 մլրդ դրամ:

Հանրության կողմից հանրաճանաչ մյուս օլիգարխի` Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 3-րդն է` «Գազպրոմ Արմենիայից» եւ «Ղ-Տելեկոմից» հետո, վճարելով 21,5 մլրդ դրամ հարկ: Նրան պատկանող մյուս ընկերությունը` «Նատալի Ֆարմը», 34-րդ տեղում է 3,4 մլրդ դրամ վճարած հարկերով: Այսինքն, այս խոշոր գործարարի` մեզ հայտնի միայն այս երկու ընկերությունները միասին վերցրած վճարել են գրեթե 25 մլրդ դրամ հարկեր, ինչը մոտ 2,8 անգամ ավելի է Գագիկ Ծառուկյանի վճարած հարկերից: Բնականաբար, հեռու ենք այն մտքից, որ Սամվել Ալեքսանյանը կամ մյուս խոշոր գործարարները ստվերային շրջանառություն չունեն, բայց փաստերը համառորեն մատնացույց են անում հարկեր վճարելուց ամենից շատ խուսափողին:

… Որպես ամփոփում, հարկ ենք համարում նշել, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունները Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ ոչ մի նորություն չէին պարունակում: Նորությունը միայն այն էր, որ դա ասվում էր երկրի նախագահի կողմից: Մյուս կողմից էլ, դրանց հավաստիությունն ապացուցվում է թե՛ նրա ընկերությունների իրական շրջանառությունից եւ դրա համեմատ վճարած չնչին հարկերից, թե՛ հարյուրների հասնող թիկնապահներից, թե՛ Հայաստանում իր տեսակով եւ արժողությամբ նմանը չունեցող առանձնատներից, թե՛ կուսակցության ստեղծման եւ պահպանման փաստից: Պարզապես հանրության մի մասը սկսում է այս ամենը «չնկատել» սկսած այն պահից, երբ դա «նկատեց» երկրի նախագահը:

Դատելով իրադարձությունների զարգացումից, դեռ հարց է, թե նախագահը կշարունակի՞ վերոնշյալ օլիգարխից պահանջել վճարել միլիարդներ կազմող թաքցրած հարկերը: Սակայն, երբ իշխանությունը, անկախ դրա քաղաքական ենթատեքստից, սկսում է քայլեր անել, որոնք նա պարտավոր էր անել բնակչության եւ պետական ընդհանուր շահի համար, որոնք չանելու համար նրան քննադատում էին, շատերը սկսում են քննադատել իշխանությանը` հիմա էլ իր պարտականությունը կատարելու համար: Մեր հասարակության մեջ առկա մեծագույն անոմալիաներից մեկը…

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728