Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ում քննարկվեց Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախագիծը (Տեսանյութ)

Փետրվար 20,2015 12:10

«Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ վերջին զարգացումների ֆոնին այս նախագծի հաջողության հասնելու հնարավորությունը նվազել է: Բայց վերջին օրերի քաղաքական շոկի ֆոնին մենք հարկ ենք համարում վերահաստատել, որ ՀՀ-ում հաստատված կոռումպացված իշխանության հեռացումը անհրաժեշտություն է»,- այսօր հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր նիստում այսօր քննարկում էր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախագիծը`ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին: Ուշագրավ էր, որ հանձնաժողովի նիստին չէին մասնակցում հանձնաժողովի անդամ ԲՀԿ-ական պատգամավորները:

Նիկոլ Փաշինյանը եւ «Քաղաքացիական պայմանագիրը» հասկանում են` այսօր ավելի նվազ են շանսերը, որ այսօրվա խորհրդարանում նախագիծը անհրաժեշտ ձայներ կհավաքի, քան դեկտեմբերին, երբ ներկայացվել է այն: Այդուհանդերձ Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ սա ուղերձ դառնա հանրության համար. «Որ ՀՀ-ում ինստիտուցիոնալ իշխանության ձևավորման մեկնարկը տված է, որ մենք ընթանալու ենք Հայաստանում ազատ և անկախ իշխանություն կառուցելու ուղղությամբ»:

Նաև հավելեց, որ նախագծում ներառել են այնպիսի կետեր, որոնք ցանկացած ատյանում կարող են ապացուցել: «Դուք գիտեք, որ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախագիծը ի սկզբանե բաղկացած էր ութ կետից, հետո ավելացավ ևս մեկ կետ և վերջին իրադարձություններից հետո ավելացավ ևս մեկ կետ այն է՝ Սերժ Սարգսյանի ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ ելույթը»,-ասաց բանախոսը`շարունակելով. «Այս ամենից պարզ է դառնում, որ վերջինս իր լիազորությունները ծառայեցրել է խմբային շահերին, ինչը քրեորեն պատժելի արարք է և երբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տեսակետները դուրս են եկել Սերժ Սարգսյանի քաղաքական պատկերացումներից՝ վերջինս որոշել է փոխել իր դիրքորոշումը, Գագիկ Ծառուկյանի հանդեպ»:

Jhangiryan-2

Նախագիծը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը խոսեց մարտի 1-ի իրադարձություններից և նշեց, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ անօրինությունների շնորհիվ զավթել են իշխանությունը. «Ես ուզում եմ հատուկ անդրադարձ կատարել նախագծի առաջին կետին, որտեղ Սերժ Սարգսյանը մեղադրվում է մարտի 1-ի գործով ստեղծված փորձագետների փաստահավաք խմբի լուծարման մեջ: Այդ փաստահավաք խումբը լուծարվել է, որպեսզի չբացահայտվի մարտի 1-ի հանցագործությունները»: Նա օրինակ բերեց մարտի մեկին զոհված Համլետ Թադևոսյանի զրահաբաճկոնի անհետացումը. «Զրահաբաճկոնը անհետացավ, որպեսզի բոլոր գործողությունների պատասխանատվությունը դրվի ընդդիմադիր շարժման վրա, և կոնկրետ ընդդիմադիր քաղաքական ուժի վրա: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ի գործը օգտագործել են իշխանություն բռնազավթելու համար»,- եզրափակեց Փաշինյանը:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց`ինչպե՞ս է վերաբերում ավելի վաղ իր կողմից ներկայացված նախագահի իմպիչմենտի պահանջի համար հիմք հանդիսացող երեք դրույթներին` մադրիդյան սկզբունքների վերաբերյալ հռչակագրի ստորագրմանը, Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու որոշմանը, որն, ըստ Զ.Փոստանջյանի, պետական դավաճանություն է և 2013թ-ի նախագահական «կեղծված ընտրություններին»: Ինչո՞ւ դրանք տեղ չեն գտել Փաշինյանի նախագծում`հետաքրքրվեց պատգամավորը: Նախագիծ հեղինակը պարզաբանեց, որ նախագծում ներառել են այն դրույթները, որոնք կարող են ապացուցել ցանկացած ատյանում: Իսկ քանի որ նախագահական ընտրությունների մասով ՍԴ-ն ունի որոշում, ապա դրա համար այդ հարցը չի ներառվել . «Մենք պայմանավորվել էինք ձեզ հետ, որ դուք այդ երեք կետերը ձևակերպեք ու դրանից հետո ես դրանք կներառեմ նախագծում»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հետաքրքրվեց` նախագծում տեղ գտածը Նիկոլ Փաշինյանի պատկերացումնե՞րն են, թե՞ հստակ տեղեկություններ ունի: Հարցը, մասնավորաբար, վերաբերվում էր հայ-թուրքական արձանագրությունները`իբրեւ Թուրքիային աջակցություն որակելուն: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՀՀ նախագահի վերջին ծրագրային ելույթին ու ասաց, որ երկրի ղեկավար հանդիսացող անձը նոր տերմին է ներմուծել քաղաքականության մեջ` «չստուգված տեղեկություններ»: «Բայց ես այս նախագծում միայն փաստեր եմ ներկայացրել, մինչդեռ Սերժ Սարգսյանի նորամուծությունից հետո կարելի է նախագծում ավելացնել նաև չստուգված տեղեկություններ: Օրինակ, որ Սուրիկ Խաչատրյանը մի քանի միլիոն դոլար է կաշառք տվել` Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու համար, կամ որ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ամեն օր միլիոններով կաշառք է վերցնում, վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ ու էլի չստուգված տեղեկություններով, դրանց մի մասը տալիս է Սերժ Սարգսյանին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Այլ հիմնավորումները` տեսանյութում.

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728