Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանն ինքն էլ հավատաց, որ ինքն իսկապես հենց այն կերպարն է, փրկիչն է, որ կա. «Հայոց աշխարհ»

Փետրվար 20,2015 11:59

Տեր-Պետրոսյանի հայտնի «քաղաքագիտական վերլուծությամբ» ու դրան հաջորդած շրջանում հետեւողականորեն իրականացվում էր Ծառուկյանի «առասպելականացում»: Նրան վերագրվում էին բազմապիսի հատկանիշներ ու առաքելություններ: Սկսած «բուրժուադեմոկրատական հեղափոխության» առաջնորդ կամ առաջնորդներից մեկը կարգելուց, վերջացրած փրկչական ներշնչանքով, ապա՝ ինքնաներշնչանքով: Ահա այսպիսի ու այսպիսի բարի, լավ, ուժեղ, ամենակարեւորը՝ հարուստ, չէ՝ շա՛տ հարուստ, հսկա, որ ասում է, թե իրեն պաշտոն պետք չէ եւ այսպես շարունակ:

Ոչ ոք, այդ թվում եւ մենք, չի վիճարկում կոնկրետ անհատի՝ Գագիկ Ծառուկյանի մարդկային իրական հատկանիշները կամ բնավորության գծերը: Դա չէ հարցը: Հարցն այն է, որ «կերպարակերտման» ընթացքում, չգիտես ինչու, եւ առաջին հերթին հենց կերպարաստեղծները մի տեսակ «մոռանում էին», որ կոնկրետ Գագիկ Ծառուկյանը իսկապես քաղաքական գործիչ չէ, կամ ինչպես ինքն է ասում՝ «դասական քաղաքական գործիչ չէ»:

Մինչդեռ դա էական հանգամանք է: Որովհետեւ քաղաքական մեծ պարտիա նախաձեռնելն ու ամբողջ «խաղադրույքը» ոչ քաղաքական անձնավորության վրա դնելը չափազանց ռիսկային ձեռնարկում է: Դա մոտավորապես նույնն է, եթե նոր-նոր լողալ սովորած, ընդամենը մի քանի անգամ լողավազան այցելած մարդուց ակնկալես, որ հեսա-հեսա «բատերֆլայ» ու «բրաս» լողաոճերով Եվրոպայի էլ չէ՝ աշխարհի ռեկորդ է սահմանելու:

Ամենից տխուրն այն էր, որ շատերն այնքան բուռն լծվեցին փրկչի կերպար կերտելուն, որ կարծես իրենք էլ հավատացին, որ արհեստականորեն ստեղծած կերպարի հետ գործ ունեն, այլ ոչ թե՝ իրական ու կոնկրետ անհատի:

Եվ հիմա, երբ իշխանության բառացիորեն 1-2 քայլից հետո ցրվեցին քարոզչական մշուշն ու փայլը, ու կատարվեց այն, ինչ միանգամայն կանխատեսելի էր, նրանք… անակնկալի եկան:

Ավելին՝ Ծառուկյանից հեղափոխականի կերպար կերտողները «մոռացան», թե դրանից առաջ իրենք իսկ ինչեր էին ասում նրա մասին, ինչպիսի ծանր մեղադրանքներ ու վիրավորական արտահայտություններ էին անում: Եվ նրանց թվաց, թե մնացած բոլորն էլ դա մոռացան:

Ինչ-որ պահից սկսած, Գագիկ Ծառուկյանն ինքն էլ հավատաց, որ ինքն իսկապես հենց այն կերպարն է, փրկիչն է, որ կա: Մարդկայնորեն դժվար էլ է, հատկապես «ոչ դասական» գործչի համար, դիմանալ այդքան գովասանքներին, երբ օրնիբուն քո զինակիցները, քո հեռուստաընկերությունը, քո դաշնակիցները եւ բոլոր-բոլորը ասում են, թե դու ես «ամենա-ամենա-ամենա»-ն: Նման ինքնաներշնչանքի մասին են վկայում ԲՀԿ ղեկավարի ոչ այնքան վաղուցվա թեկուզ այն հայտարարությունները, թե ինքն ում է տեսնում երկրի ղեկավարի թեկնածու, կամ մեծահոգաբար համաձայնում էր ինքը դառնալ, եթե այլ հարմար թեկնածու չգտնվի ու նման բաներ:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728