Կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված «Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել ՀՀ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանին
– Պարոն Եղիազարյան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել է իր ղեկավարությամբ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ եւ փորձագիտական հանձնախումբ ստեղծել։ Նշենք, որ նման խորհուրդներ արդեն իսկ նախկինում եղել են։ Իսկ վերջին փորձը ՀՀ նախկին վարչապետ, ԱՍՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանն արեց, որը, սակայն, այդպես էլ կյանքի չկոչվեց։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ ՀՀ իշխանություններին չի հաջողվում այդ ոլորտում առաջընթաց արձանագրել։
– Նախկին վարչապետը պայքարը սկսեց Կիպրոսում։ Նրան հաջողվեց թալանել գործարար Փայլակ Հայրապետյանին։ Կարեւորը նաեւ այն է, թե ով է սկսում այդ պայքարն ու ինչպես է ավարտում։ Իսկ եթե ընդհանուր նայենք՝ կոռուպցիան վերացնել չի լինի, քանի որ այդ ամենն աշխարհով մեկ է, բայց, համենայնդեպս, վիճակը փոխել կլինի, եթե կամք ունենան ու իսկապես իրենք ուզենան ինչ-որ բան անել։
Ես կհավատամ կոռուպցիայի դեմ պայքարին, եթե այն սկսվի իշխանական բարձր օղակներից, կոռուպցիայի դեմ պայքար չի նշանակում բռնել հերթական տեղամասային տեսուչին, չի նշանակում բռնել միջին մի չինովնիկի։ Կոռուպցիայի դեմ պայքար նշանակում է չնայել ոչ մեկի հարազատի մռութին, դեմքին եւ պատժել, եթե ինքը մտել է պետության եւ քաղաքացու գրպանը։ Այ, սա կլինի պայքար, իսկ այդ թույլատվությունը, իմ կարծիքով, վարչապետը չի ստանա։
Կարդացեք նաև
– Այդ դեպքում ինչո՞ւ են նորից ՀՀ իշխանությունները նման հայտարարությամբ հանդես գալիս։
– Քաղաքական պայքարը ՀՀ-ում չի մարել, այն ժամանակավոր դադար ունի, որպեսզի այս ամենը լավ քողարկվի, հարկավոր է նման հայտարարություն։ Այդ հայտարարություններն անելուց հետո կնայենք, թե ինչ կատարվեց դրանից հետո, ես դեռ սեպտեմբերին եմ ասել՝ Հովիկ Աբրահամյանին թույլ չեն տա, որ նա աշխատի։ Սա ձեւ է, որպեսզի մարդկանց ուշադրությունը քաղաքական դաշտից շեղվի։
Իսկ երկրորդն էլ՝ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը, որ պետք է տարիներ առաջվա Գագիկ Ծառուկյանի գործունեությամբ հետաքրքրվեն, վեր հանեն, ստուգեն, պարզաբանեն բոլոր տեղեկությունները կոռուպցիայի հետ կապված, հարկերի չվարման եւ այլն, այս ամենն էլ լղոզելու մի ուղիղ դրվագ է՝ կոռուպցիայի դեմ հայտարարված անձի դեմ պայքար։ Ես կհավատամ այս պայքարին, եթե այն սկսվի հանճարեղ Պյութագորասի թեորեմը եւ «Վարդանանք»-ը սերտած գործչի բնագավառից։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում