Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես ծագեց ՀՀԿ-ԲՀԿ կռիվը

Փետրվար 20,2015 16:30

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարում թեման քննարկում են
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը
եւ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Արամ Աբրահամյան.– Այսօրվա վիճակը հասկանալու համար դառնանք նախագահի փետրվարի 12-ի ելույթին: Ինչի՞ց ծագեց այս կռիվը ահավոր: Ձեր վարկածները:

Լեռնիկ Ալեքսանյան.- Նախ՝ փետրվարի 12-ից առաջ ընկած հատվածի մասին պետք է խոսեմ, երբ եղան հայտարարություններ, կոշտ ձեւակերպումներ ԲՀԿ-ի կողմից, որը եղել էր Հանրապետական կուսակցության կոալիցիոն գործընկերը: Հանրապետության նախագահ-ԲՀԿ նախագահ հարաբերությունները բավականին զարմանալի էին, եւ մենք երբեմն հարցեր էինք ուղղում նախագահին՝ ինչո՞ւ է այդպես: Բոլոր դեպքերում Սերժ Սարգսյանը մեզ՝ հատկապես ԲՀԿ-ի ղեկավարի հարցում, զսպում էր եւ կոշտ հակադարձություններ չէին լինում: Բոլոր դեպքերում մենք դժգոհ էինք, երբ մեղադրանքներ էին հնչում հանրապետության նախագահի հասցեին, նաեւ անձնական վիրավորանքներ: Ի վերջո, եկավ փետրվարի 12-ը, որտեղ կոշտ արձագանք եղավ, առաջին հայացքից չհասկացվող, բայց կարծում եմ՝ հասկանալի կլինի, որ դա ժամանակին արված քայլ էր: Հանդուրժողականությունը երբեմն թուլության նշան է դիտվում մարդկանց կողմից, նույնիսկ սեփական կուսակիցների աչքում:

Ա. Ա.- Դուք է՞լ եք այդպես կարծում, այսինքն` նախագահը թուլությո՞ւն էր ցուցաբերում:

Լ. Ա.– Մենք գիտենք, նախագահին ճանաչում ենք, գիտենք, որ նախագահը թուլություն չի ցուցաբերում, կարծում եմ՝ բոլորն էլ գիտեն, որ Սերժ Սարգսյանը այն քիչ մարդկանցից է, որ դիմացինի նկատմամբ միշտ զուսպ է խոսում: Եղել են նախագահի հասցեին հայհոյանքի դեպքեր, բայց նախագահն ինքը անձնական դաշտ երբեք չի տեղափոխում: Ես, ճիշտն ասած, մտածում էի, որ քայլը ուշացած է, մի քանի տեղ ասել էի դա: Բայց հիմա հասկացա, որ քայլն արվել էր ժամանակին՝ եթե մի քիչ շուտ արվեր, ուրիշ գնահատականներ կտրվեին, իսկ ուշացած դեպքում` իրոք, կային մեր երկրի անվտանգությանը սպառնացող խնդիրներ:

Ա. Ա.- Նույն հարցը` ասեք, թե ինչո՞ւ այդ ելույթը տեղի ունեցավ, եւ արձագանքեք պարոն Ալեքսանյանի ասածին` հայհոյանքներ էին հնչում, կոշտ քննադատություն էր հնչում նախագահի հասցեին:

Գառնիկ Իսագուլյան.- Նախ՝ երբ որ մենք խոսում ենք փետրվարի 12-ին նախորդած բոլոր դեպքերի, հայտարարությունների, համաժողովների, խորհրդաժողովների մասին, պետք է ասենք՝ արդյոք խախտվե՞լ է օրենքը կամ Սահմանադրությունը: Ես չեմ թաքցնում, որ աջակցել ենք, հիմա էլ աջակցում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ու նրա առաջնորդին` պարոն Գագիկ Ծառուկյանին, եւ խորհրդաժողովին, որը հատկապես առաջացրել էր Հանրապետականի մեծ զայրույթը, ամենառադիկալ ելույթներից մեկը իմն է եղել… օրենքով արգելվա՞ծ է՝ ի՞նչ հայտարարություններ անել: Հիմա տեսեք, ամսի 12-ն ենք նայում. հանրապետության նախագահը, ես նորից եմ կրկնում` մենք շատ լավ հարաբերություններ ենք ունեցել, ընկերներ ենք եւ մնում ենք ընկերներ, բայց ինչ տեղի ունեցավ: Հստակ անվանարկվեց մարդը՝ դա կարող է շարքային մարդը իրեն թույլ տալ, բայց հանրապետության նախագահն իրավունք չունի:

Նախագահը փողոցային ասեկոսեների հիման վրա Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում, որպեսզի քննարկի ինչ-որ հարց. դա նույնպես անթույլատրելի է: Կարելի էր նախ անել Անվտանգության խորհրդի նիստ, քննարկել` արդյոք իմաստ ունի՞ այդ ասեկոսեներին ուշադրություն դարձնել, բայց ոչ թե դա ի լուր աշխարհի կուսակցական ժողովի ժամանակ հայտարարել ու դրա հիման վրա հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ: Ո՞վ է ասել, որ հանրապետության նախագահն իրավասու է որոշել, թե ով իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվելու, ով չունի: Ո՞վ է տեսել, որ մարդ, որ պետք է ընդհակառակը` փորձի հավասարակշռել իշխանության տարբեր թեւերի աշխատանքը, հանձնարարական տա այդ իշխանության համապատասխան թեւերին: Ես գտնում եմ, որ ամսի 12-ին հանրապետության նախագահը գերազանցեց Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունները, եւ, ըստ էության, դա արդեն իշխանազանցություն է: Քաղաքականությամբ զբաղվելու չափորոշիչներ որոշելու իրավունք որեւէ մեկին տրված չի, եւ ես կարծում եմ, որ այդ արձագանքը, որ հետո եղավ, ուղղակի համարժեք արձագանք էր:

Քննարկումն ամբողջությամբ


Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
19.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728