Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամանակն էր անորոշությանը վերջ դնել»

Փետրվար 20,2015 16:00

Վահրամ Տեր-Մաթեւոսյանը՝
հայ-թուրքական արձանագրությունների հետկանչի մասին

Օրեր առաջ նախագահ Սերժ Սարգսյանը հետ կանչեց հայ-թուրքական արձանագրությունները Ազգային ժողովից, եւ նրա այս որոշումը դարձավ բոլորի քննարկման առարկան: Թուրքիան այն համարեց «սխալ եւ անհաջող քայլ», իսկ հայկական շրջանակներում հիմնական կարծիքն էր, թե շուտ պետք է դա արվեր:

Թուրքագետ Վահրամ Տեր-Մաթեւոսյանը «Առավոտի» հետ զրույցում նշում է, թե անիմաստ է խոսել այն մասին՝ ուշացա՞ծ էր Հայաստանի նախագահի որոշումը, թե՞ ոչ, բայց որ այն ճիշտ էր՝ անվիճելի է: «Բոլորի համար պարզ է, որ Հայաստանը այս գործընթացում միայնակ էր մնացել, բացառությամբ թերեւս Ամերիկայի Միացյալ Նահանգների»,- ասում է պարոն Տեր-Մաթեւոսյանը եւ նշում, որ հոկտեմբերի 5-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման պահին Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի մեջքին կանգնած պետություններն ու կառույցները այս ընթացքում չկատարեցին իրենց պարտավորությունները, նրանցից որոշները ժամանակի ընթացքում «հոգնեցին», որոշների համար էլ առավել կարեւոր քաղաքական խնդիրներ ծնվեցին:

«Այնպես որ՝ շատ դանդաղ հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը նահանջեց նրանց առաջնահերթությունների սանդղակում եւ դարձավ ոչ կարեւոր: Արդյունքում Հայաստանը, ցավոք, մնաց միայնակ, եւ ժամանակն էր անորոշությանը վերջ դնել»,- ասում է պարոն Տեր-Մաթեւոսյանը: Նա կարծում է, որ Հայաստանն այս գործընթացից, այնուամենայնիվ, դասեր քաղեց. «Կարողացավ մեն-մենակ նստել թուրքերի դեմ, բանակցել, որոշ հարցերում հստակություն մտցնել, ինչու ոչ՝ որոշ հարցերում էլ առավել անորոշություն հաղորդել, սակայն այս դրվագից բացի, կարծում եմ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, նոր հարթակի ստեղծման այս փորձը չստացվեց»,- ասում է թուրքագետը:

Կարծում է, որ Թուրքիան իրավիճակից որոշ օգուտներ քաղեց. «Թուրքիայի համար այս գործընթացը շատ լավ մեխանիզմներ էր ստեղծել, որ համաշխարհային հանրությանը «վաճառեր» հետեւյալ թեզը. «մի խանգարեք հայ-թուրքական գործընթացին, քանի որ այն կարծես թեեւ դժվարությամբ, բայց առաջ է ընթանում»: Չմոռանանք, որ բազմաթիվ առիթներով Դավութօղլուն էլ, Էրդողանն էլ կրկնել են, որ տեղի են ունենում գործընթացներ ու հանդիպումներ, այդ պնդումներին հաջորդել են հայկական կողմի հերքումները եւ գումարած դրան՝ Եվրամիություն, ԵԽԽՎ, ԵԽ՝ բոլորը կարծես ավելի հակված են եղել այն բանաձեւմանը, որ լավ, թե վատ՝ կարծես թե գործընթաց է տեղի ունենում, ավելի լավ է չխանգարենք՝ լռելով կամ պասիվ դիրքորոշում հայտնելով»,- ասում է պարոն Տեր-Մաթեւոսյանը: Նա նաեւ հակված է կարծելու, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը մի հնարավորություն էր, որ թուրք ժողովուրդը կորցրեց: «Հաջորդը երբ կլինի, ինչպես կլինի, ինչ ձեւաչափով կլինի՝ դա հարց է: Բայց այն, որ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը չկարողացավ քաղաքական կամք դրսեւորել, այս խնդրին լուծում տալ՝ փաստ է, եւ ինչպես Աբդուլլահ Գյուլն ասաց 2008թ. սեպտեմբերի 6-ին՝ որպեսզի այս խնդիրը չթողնեն սերունդներին: Թուրքական կողմը չկարողացավ իր խոստմանը տեր կանգնել, չկարողացավ դրսեւորել այնպիսի քաղաքական կամք, որ կարողանար այդ խոստումը գոնե մեկ քայլ առաջ տանել եւ կարողանալ նաեւ իրականացնել»,- ասում է պարոն Տեր-Մաթեւոսյանը:

Անդրադառնալով վերջերս Կոլումբիայում սիմպոզիումի ժամանակ Էրդողանի արած հայտարարությանը, թե Ցեղասպանության ուսումնասիրմամբ թող պատմաբանները զբաղվեն, ուսումնասիրեն՝ մեր զրուցակիցն ասում է. «Դա թուրքական քարոզչամեքենայի սին ու դատարկ թեզերից մեկն է, որը վաղուց արդեն ոչ մի քննադատության չի դիմանում: Դրա մասին բազում մասնագետներ՝ հեղինակավոր եւ ոչ հեղինակավոր, բոլորը բազմիցս կարծիք հայտնել են. Ցեղասպանության շուրջ քննարկումը բացառված է, որովհետեւ ապացուցելու ոչ մի բան չկա, եթե թուրքերն իրենց երկրի պատմությունը չգիտեն, թող բարի լինեն՝ գնան, ուսումնասիրեն այնքան, որքան հարկավոր է: Հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով ստեղծելը ցնորամիտ գաղափար է եղել եւ շարունակում է մնալ: Դրա շուրջ ցանկացած մանիպուլյացիա, տեղապտույտ անթույլատրելի է, եւ Հայաստանը հաջորդ անգամ երբեք նման խայծ չպետք է կուլ տա՝ անկախ նրանից, թե այն ինչպիսի փաթեթավորմամբ կմատուցվի հասարակությանը կամ սփյուռքին: Եվ հետո՝ անգամ թուրք մասնագետներին իրավունք չի տրվում ուսումնասիրություններ կատարել այն արխիվներում, որոնք իրական ու սկզբունքային ինֆորմացիա են պարունակում, ինչպե՞ս կարելի է պատկերացնել հայազգի պատմաբանների անարգել աշխատանքը հույժ կարեւոր, օրինակ՝ Գլխավոր շտաբի արխիվներում»,- ասում է Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:

«Առավոտի» դիտարկմանը՝ արդյոք ավելի ճի՞շտ չէր Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներում շեշտադրվեր նաեւ իրավատիրության պահանջը, քանի որ ոմանց կարծիքով՝ «Հիշում եմ եւ պահանջում» կարգախոսն ամբողջությամբ չի արտացոլում մեր ցանկությունները, պարոն Տեր- Մաթեւոսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ չէր կարող լինել մի կարգախոս կամ բանաձեւում, որ բոլորին բավարարեր: Ընտրվել է այս կարգախոսը, որը հեշտ հիշվող է, ունի խորհուրդ եւ բովանդակություն: Դրան հաջորդել է հունվարի 29-ի հռչակագիրը, որը կարծես միտված էր ամբողջացնելու բանաձեւումը: Անվերջ կարելի է խոսել, քննարկել դրա դրական ու բացասական կողմերը: Սակայն պետք է հիշենք՝ դա անվերջ պրոցես է, իսկ հռչակագիրը վերջին խոսքը չէ: Այս պահին ունենք այն, ինչ ունենք: Անշուշտ, ցանկալի կլիներ, որ ավելի մեծածավալ մասնագիտական քննարկումների արդյունքում մշակվեին Ցեղասպանության միջոցառումների ամբողջ սիմվոլիկան, հիմնական մեսիջները, խորհուրդը, ցանկալի կլիներ, որ այդ գործի մասնագետներ ներգրավված լինեին դրա մեջ, ցավոք, ես նման բան չեմ լսել, գուցե իմ ավագ կոլեգաները ներգրավված են, բայց շփումները ցույց են տալիս, որ նրանց ներգրավումը եւս լայնածավալ չէ»,- ասում է պարոն Տեր-Մաթեւոսյանը եւ ավելացնում՝ կարեւորն այն է, որ այս պահին մենք ունենք մեր քաղաքական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ. «Պետք է այնպես անել, որ այս «Հիշիր եւ պահանջիր»-ը դառնա յուրաքանչյուր հայի համար ենթագիտակցության, գիտակցության մի մաս եւ ամենակարեւոր խնդիրը դառնա այն, թե 2015-ի այս միջոցառումների շարքում յուրաքանչյուրս ի՞նչ ենք արել, եւ ոչ թե սպասենք զեկուցմանը, թե պետությունն ինչ է արել. սա յուրաքանչյուրիս ցավն է, յուրաքանչյուրիս պատմությունն ու հիշողությունն է»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728