Չնայած ՀՀ վարչապետը հրամայել է փոքր ու միջին բիզնեսին չստուգել,
բայց խոշոր բիզնեսը ստուգելիս ՓՄՁ-ում ստուգումներն անխուսափելի են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջեւ տեղի ունեցած բանակցությունները փոքր-ինչ մեղմացրել են Ծառուկյանին պատկանող բիզնեսներում ստուգումները, սակայն որոշակի լարվածություն դեռեւս կա:
Քաղաքական որոշման արդյունքում իշխանությանը «հաթաթա» տալու համար բիզնեսմենին ճնշելու որոշումը, այսինքն՝ հարկերը թաքցնելու մասին լուրերի իսկությունը ստուգելու հրահանգը երկրի ղեկավարի կողմից որքանո՞վ կարող է ընդհանրապես ազդել Հայաստանում ներդրումների վրա եւ հատկապես օտարերկրյա ներդրողների վրա ի՞նչ ազդեցություն կարող է թողնել: «Առավոտի» այս հարցերին ի պատասխան՝ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն ասաց, որ ընդհանրապես դասական ճշմարտություն է՝ ներդրումներն ուժեղանում են այնպիսի երկրներում, որտեղ ներդրումային միջավայրը լավն է, եւ այդ միջավայրի մի կարեւոր գործոնն էլ այն է, որ խոշոր ձեռնարկություններն ու մրցակցությունները նաեւ հարկերի վճարման առումով լինեն հավասար ու թափանցիկ, որովհետեւ հարկեր չվճարելը անհավասար մրցակցության էլեմենտներ է ստեղծում: «Չսեւեռվենք Ծառուկյանի կամ մեկ դեպքի վրա. եթե մենք ուզում ենք ներդրումային միջավայրը լավացնել, նաեւ՝ խոշոր կամ օլիգարխիկ բիզնեսի հետ կապված աշխատանքները, որովհետւ նրանք են շատ հաճախ եղանակ ստեղծում ներքին շուկայում, ապա հարկերի վճարման հարցում պետք է լինեն թափանցիկ ու հավասար»,- ասաց տնտեսագետը:
Գագիկ Մակարյանը հիշեցրեց, որ երբ Հովիկ Աբրահամյանը ստանձնեց վարչապետի պաշտոնը, կարճ ժամանակ հետո հայտարարեց, որ պիտի գնա ստվերի դեմ պայքարի: Եվ որպեսզի վարչապետն իր խոսքի տերը լինի, օբյեկտիվ լինի, ինչպես նկատեց Մակարյանը՝ Հովիկ Աբրահամյանը պետք է գնա այդ քայլին ու շարունակի ստուգումներն այլ խոշորների, օլիգարխների բիզնեսներում, ինքը չպիտի մեկի վրա սեւեռված լինի:
Կարդացեք նաև
«Կարծում եմ՝ այդ մտահոգությունը հենց նույն Հանրապետական կուսակցության՝ բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ արդեն ունեն իրենց գլխում, որովհետեւ Գագիկ Ծառուկյանի նման տրամաչափի խոշոր բիզնեսմենի նկատմամբ զանգվածային սանկցիաների կիրառումը պիտի մտորելու առիթ տա, անհանգստություն առաջացնի նաեւ իրենց մոտ: Ի վերջո՝ իրենք էլ երաշխավորված չեն դրանից, եւ եթե իրենք Հանրապետական կուսակցությունում են, չի նշանակում, որ իրենք պատսպարված են: Պետք է հասկանան, որ մոդելը պետք է լինի հավասար, եթե ընդհանրական ենք նայում»,- նշեց Մակարյանը:
Ինչ վերաբերում է օտարերկրյա ներդրումներին, ապա Գագիկ Մակարյանն ասաց՝ եթե չսեւեռվենք մի բիզնեսմենի վրա, այլ ընդհանրապես կիրառվի հավասարության սկզբունքը, այն կարող է խրախուսող դառնալ. «Որովհետեւ աշխարհի բոլոր երկրները կողմ են, որ լինեն թափանցիկ ու հավասար, ազնիվ վճարվող հարկեր: Օտարերկրյա ներդրողն ինքը որեւէ կուսակցության չի պատկանում, չի էլ ցանկանում Հայաստան գալով՝ դառնալ որեւէ կուսակցության անդամ, եւ պատսպարվեըու խնդիր պիտի չունենա: Հիմա, եթե օբյեկտիվ ստուգումներ գնան, մյուս ոլորտներում էլ օբյեկտիվություն լինի, ասենք՝ դատական համակարգում անկողմնակալ վերաբերմունք դրսեւորվի, ճիշտ սխեմա լինի, ապա օտարերկրացիները կնայեն, կասեն՝ օ՜, Հայաստանում վերջապես հավասար պայմաններ են ստեղծվում: Եթե իմ նշածը չլինի, բնականաբար՝ օտարերկրացիները կզգուշանան»:
Գագիկ Մակարյանն անդրադառնալով ՀՀ նախագահի՝ ստուգումներ անցկացնելու հրամանի հոգեբանական ազդեցությանը՝ նկատեց, որ այն բարդ իրավիճակ է ստեղծել, քանի որ խոշոր բիզնեսները կապված են նաեւ փոքր ու միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) հետ:
«Պետք է հաշվի առնենք, որ խոշոր բիզնեսները եթե ստուգվեն, նորից կրկնեմ՝ ոչ միան Ծառուկյանինը, այլ նաեւ գրեթե բոլոր խոշորները կապված են բազմաթիվ տարբեր ՓՄՁ-ների հետ, եւ հաճախ այդ ստուգումները չեն ավարտվում միայն այդ խոշորում: Ստուգումները լինում են խաչաձեւ, նայվում են փոխկապակցված ընկերությունները, խոշորների գործընկերներին, որպեսզի տեսնեն՝ ով ինչ է վճարել, ստվերը որտեղ է, ով ինչ է մատակարարել»,- ասաց Գագիկ Մակարյանը: Նրա ներկայացմամբ՝ ստացվում է, որ ինչ-որ շառավղով ստուգման, հարվածի տակ են դնում այն ձեռնարկություններին, որոնք ՓՄՁ կատեգորիայի տակ են ընկնում. «Այդ ընկերությունները սպասարկում են խոշորներին, հետեւաբար այստեղ մասշտաբի էֆեկտ կա. ինչ չափի խոշորի են կպնում, քանի խոշորի են կպնում եւ դրա արդյունքում քանի հազար ՓՄՁ-ի կկպնեն, ինչի արդյունքում խուճապ կառաջացնե՞ն, թե՞ ոչ, արդյոք օբյեկտիվությունն այդ շղթայի մեջ մինչեւ վերջ կպահպանե՞ն ՓՄՁ-ի հանդեպ: Տեսեք՝ մյուս կողմից էլ կառավարությունը հրամայել է ՓՄՁ-ին չստուգել. հիմա այս 2 երեւույթներն ու հրամանները կարող են հակասել իրար, բայց ուզեն, թե չուզեն՝ խոշորին ստուգելիս ՓՄՁ-ին էլ պետք է ստուգեն»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.02.2015
այժմու դրությամբ, դրսից, միայն՝ յիմար, միամիտ, արկածախնդիր կամ պղտոր բարոյականով անձիք կարող են գործ անել Հայաստանում. բոլոր պարագաներին ել, միայն ծանր վնասներ ստանալու համար, խաբվելու եւ կողոպտվելու հանար.
սակայն այս իրողությունը երբեք չի խանգարում տեղւոյն «բիզնեսմարդոց», որովհետեւ այս ձեւով, շուկան մնում է անոնց ձեռքում, անոնք անում են ինչ որ ուզում են, ու վերջ. իսկ արդեն բաւարար չափով խաբել ու կողոպտել են դրսի տատրակներին… այժմ ինքնաբաւ են…
տակաւին գոնէ յիսուն տարի է պէտք, որպեսզի, թերեւս, փոխվի այս վիճակը
դրսից, ներկայիս, կարելի է միայն ազգային եւ մարդասիրական բարեգործություն կատարել Հայաստանում. լիովին հեռու մնալով քաղաքականությունից.