Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը դարձնում են թոշակառուների երկիր»

Փետրվար 20,2015 14:30

Իր մտահոգություններն է հայտնում ազգագրագետը

Ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը, անդրադառնալով վերջին ներքաղաքական իրադարձություններին, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի հանդիպմանը, կարծիք հայտնեց, որ վերջիններիս հաշտեցման մասին համոզմունք հայտնել պետք չէ, քանի դեռ այդ մասին չենք լսել որեւէ առաջնորդի բերանից: Նրա ընկալմամբ՝ պարզապես չեն ցանկանում Եղեռնի 100-ամյակին ընդառաջ՝ իրավիճակը սրել, որպեսզի խայտառակ չլինենք, ԲՀԿ-ն էլ ամսի 20-ի հանրահավաքին չի մասնակցում հենց այդ պատճառով: Սակայն, ըստ նրա, արդեն խայտառակ եղել ենք, քանի որ երկու միլիոն հայ լքել է Հայաստանը: «Հայաստանում խորը ճգնաժամային իրավիճակ է, պրոցեսը մարդիկ չեն կառավարում: Եվ եթե այս անգամ էլ հանրահավաքներից հետո ժողովուրդը հիասթափվի, կտրուկ փոփոխություններ չլինեն Հայաստանում, ասենք՝ տնտեսությունը չզարգանա, աշխատավարձերը չավելանան, ներգաղթի համար նախադրյալներ չստեղծվեն, Հայաստանը նորից հարյուր հազարավոր հայեր կլքեն:

Եվ էստեղ խոսել հանրապետության անվտանգության, Ցեղասպանության 100-ամյակի, Ղարաբաղի հակամարտության մասին ավելորդ է: Հայաստանում էլ մարդ չի մնա: Ո՞ւմ պիտի պաշտպանեն, եթե էդ երկրում մարդ չի ապրում, պիտի ապրեն միայն թոշակառուներ ու երեխանե՞ր, հա՞: Էլ ո՞ւմ անվտանգությունն են ապահովում, եթե ծնունդները նվազում են, մահացությունն ավելանում է: Իմաստը ո՞րն է, ճառ ասելով հո երկիր չե՞ս կառուցում: Ես տպավորություն եմ ստանում, թե ամեն ինչ խառնվել է իրար, ոչ մի լավ հեռանկար չեմ տեսնում: Այսինքն՝ իշխանությունը բռնել է էն դիրքը,որ ինչ ուզեմ՝ կանեմ՝ կացինը իմ ձեռքն է, ծառն էլ կկտրեմ, էս էլ կանեմ, էն էլ կանեմ, ընդդիմությանն էլ ասում է՝ խելոք նստեք տեղներդ: Դաշնակցությունն էլ միշտ հոտառու կուսակցություն է, հեչ լավ հոտ չի առնում, միշտ արյան հոտ է առնում… Կարծեք 100 տարի է՝ էդ արյան հոտն է առնում ու էդ արյան հոտով էլ տառապում է»,- ասում է ազգագրագետը:

Արտաշես Բոյաջյանի համոզմամբ՝ ինչքան էլ փորձեն վախի մթնոլորտ ստեղծել երկրում, ժողովուրդը վախի մթնոլորտում չէ, որովհետեւ կորցնելու ոչինչ չունի: «Վախի մթնոլորտում նրանք են, որոնք ճանապարհի կեսից հետ են կանգնում, իսկ Գյումրիի դեպքերը ցույց տվեցին, որ վախի մթնոլորտ չկա: Վախի մեջ քաղաքական վերնախավն է, որը շատ բան ունի կորցնելու: Վաղը-մյուս օրը եթե այս իշխանությունները չկարողանան կտրուկ փոփոխություններ կատարել, իսկ ես համոզված եմ, որ նրանք ի զորու չեն, նորից զանգվածային արտագաղթ կսկսվի: Իսկ սա ո՞ւմ ձեռք կտա, առաջին հերթին այն պետությանը, որը աշխատուժի կարիք ունի, էդ պետությունը Ռուսաստանն է»,- ասում է Արտաշես Բոյաջյանը: Վերջինս նշում է՝ դեռ վաղ է մտածել, թե Գագիկ Ծառուկյանը որպես քաղաքական գործիչ տանուլ է տվել կամ կործանված է:

Ըստ նրա՝ ժամանակը ցույց կտա ու պարզ կդառնա ապրիլի 24-ից հետո: «Ուղղակի այսօր հատկապես Դաշնակցությունը շատ սխալ բան է անում: Ժողովրդին խաբելու, ժողովրդի ուշադրությունը շեղելու խնդիր են դրել, եւ ցավով պիտի ասեմ, որ ջատագովը հենց Դաշնակցությունն է: Այս կուսակցությունը միշտ վճռական պահի՝ թե՛ 20 թվականին եւ թե՛ 2008 թվականին միշտ ժողովրդի թիկունքից խփել է, իր ձեռագիրն է, չի փոխում, խաղաղության աղավնի է ուզում ձեւանալ, բայց, դե, հասկանում ենք, էլի, դաշնակցական խաղերը»,- ասում է Արտաշես Բոյաջյանը:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728