Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական պատասխանատվություն՝ սուտ մատնության համար

Փետրվար 20,2015 14:00

Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ավագ քննիչի վերաբերյալ
ակնհայտ սուտ մատնության դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը, այն շուտով կուղարկվի դատարան:

Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործն այլ որակում ստացավ, երբ պարզվեց, որ գործով վկա քաղաքացին քրեական գործի դատաքննության փուլում անհիմն մեղադրել է նախաքննությունն իրականացրած հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչին՝ դատարանում հայտարարելով, որ իր տված ցուցմունքներն իր ձեռքով գրված չեն, իսկ ստորագրությունները նմանեցված են:

Դեռեւս 2012 թվականին ՀՀ ոստիկանության մարզային քննչական բաժնում (այժմ՝ ՀՀ քննչական կոմիտե) խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում երկու անգամ հարցաքննության է կանչվել գործով վկան՝ Արթուր Կարապետյանը:

Առաջին հարցաքննության ժամանակ Ա. Կարապետյանը ցուցմունք է տվել այն մասին, որ ականատես է եղել իր ընկերոջ ու քաղաքացիներ ոմն Լազարի ու Աշոտի վիճաբանությանը:

Նա նշել է, որ հենց այդ ժամանակ էլ իմացել է, որ ոմն Լազարը դանակով հարվածել է ընկերոջ հորը, ում տեղափոխել են հիվանդանոց: Իսկ երկրորդ անգամ հարցաքննվելիս, նա նախաքննական մարմնին հայտնել է, որ ոչնչից տեղյակ չէ:

ՀՀ ոստիկանության քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, վերջինս էլ այն հաստատել էր եւ գործն ուղարկել դատարան: Դատաքննության ժամանակ վկա Արթուր Կարապետյանը ցուցմունք էր տվել այն մասին, որ ինքը ոչնչից տեղյակ չէ, ու դատավորի որոշմամբ հրապարակվել է նրա նախաքննական մարմնին տված առաջին ցուցմունքը: Ցուցմունքը հրապարակվելուց հետո, Ա. Կարապետյանը դատարանին հայտնել է, թե ինքը նման բովանդակությամբ ցուցմունք չի տվել ու տեղյակ չէ այդ վիճաբանությունից: Դատավորի առաջարկով վկա Արթուր Կարապետյանն ուսումնասիրել է նախաքննության ժամանակ տված իր ցուցմունքը եւ պարզել, որ այն իրականում իր ձեռագրով գրված չէ, իսկ ստորագրությունը նմանեցված է:

Դատարանի դահլիճից դուրս գալուց հետո, Արթուր Կարապետյանը շտապում է ոստիկանություն ու բաժնում հաղորդում է տալիս այն մասին, որ խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում քրեական գործը քննող քննիչը կեղծել է իր նախաքննական ցուցմունքը, որն ուղարկվում է Հատուկ քննչական ծառայություն: ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի քննչական վարչության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով ՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը, հարուցվում է քրեական գործ:

«Առավոտին» Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայության ղեկավար Միքայել Ահարոնյանի փոխանցմամբ՝ քրեական գործով անհապաղ նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն:

«Կատարված դատաձեռագրաբանական փորձաքննության արդյունքներով պարզվել եւ հիմնավորվել է, որ վկայի հարցաքննության արձանագրությունում Արթուր Կարապետյանի անունից կատարված ձեռագիր գրառումները, ինչպես նաեւ ստորագրությունները կատարվել են միմիայն իր՝ Արթուր Կարապետյանի կողմից,- ասում է պարոն Ահարոնյանը եւ շարունակում,- փորձաքննության եզրակացության շուրջ լրացուցիչ հարցաքննության ժամանակ Արթուր Կարապետյանը հայտնել է, որ ոստիկանության բաժնում իր ցուցմունքն, իբր, կեղծ լինելու վերաբերյալ հաղորդում է տվել՝ մտածելով, որ այդ կերպ կարող է օգտակար լինել ընկերոջը: Սուտ մատնության կատարման մեջ մեղադրվող Ա. Կարապետյանը նախաքննության ընթացքում խոստովանել է, որ քրեական գործը քննող քննիչի մոտ հարցաքննության է գնացել երկու անգամ, եւ երկու անգամ էլ ինքն անձամբ է գրել ու ստորագրել ցուցմունքի տակ»:

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է) հարուցվել է նոր քրեական գործ: Այս քրեական գործով էլ Արթուր Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է սուտ մատնություն, այն է՝ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ է մեղադրել ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչին:

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունում որոշում է կայացվել ավագ քննիչի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել, եւ վերջինիս կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքով հարուցված քրեական գործով վարույթը հանցագործության դեպքի բացակայության հիմքով կարճել:

«Առավոտ» օրաթերթ
19.02.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728