Հայաստանցի որոշ արվեստագետներ, մանավանդ՝ ճանաչված, երբ ինչ-որ ժամանակահատված չեն երեւում, հանրության շրջանում սկսվում են տարաբնույթ խոսակցություններ, թե մեկնել են արտերկիր՝ հետեւելով այնտեղ հանգրվանած այլ կոլեգաների օրինակին: 2014թ. սկզբից, ընդմիջումներով, համարյա ողջ տարվա ընթացքում նման իրավիճակում էր հայտնվել ազգային օպերային թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գեւորգ Հակոբյանը (բարիտոն): Վերջին շրջանում արտերկրյա օպերային թատրոնների ցանկալի հյուր երգչի պարագայում կարծես արդարացված էր երգչի հաճախակի բացակայությունը:
2014թ. սկզբից՝ փետրվարից ապրիլ ամիսներին հայ բարիտոնը «իջեւանել» էր Իսպանիայի Վալենսիա քաղաքում, որտեղ հանդես է եկել Պաոլո Ալբիանիի դերերգով՝ Վերդիի «Սիմոն Բոկանեգրա» օպերայում, խաղընկեր ունենալով աշխարհահռչակ Պլասիդո Դոմինգոյին: Գեւորգ Հակոբյանը 2013թ. հրավիրվել էր փոխարինելու Դոմինգոյին՝ Վերդիի «Երկու Ֆոսկարիներ» օպերայում: Իհարկե, հայ երգիչը բեմ դուրս չի եկել, բայց շուրջ 45 օր իտալացի երգչի հետ զուգահեռ փորձել է Ֆրանչեսկո Ֆոսկարիի դերերգը: Անցյալ տարվա գարնանից հետո էլ երգիչը ուղեւորվել է Գերմանիա, Քիլի թատրոնում կատարել է Շարլպլեսի դերերգը՝ Պուչինիի «Մադամ Բաթերֆլայում» եւ անձնական դերացանկը հարստացրել Կարոլ Ժերարդիի դերերգով՝ Ումբերդո Ջորդանոյի «Անդրեա Շենյե» օպերայում: 2014թ. ընթացքում դարձյալ մեկնել է հյուրախաղերի, իսկ տարեվերջին երգիչը հանդես է եկել Կալյարիի թատրոնում (Իտալիա) Բեսիի դերերգով՝ հայտնի ռեժիսոր Յուրի Ալեքսանդրովի բեմադրած Չայկովսկու «Չերեվիչկի» օպերայում:
«Առավոտի» հետ զրույցում Գեւորգ Հակոբյանը փաստեց, որ անցյալ տարի, թեեւ հաճախակի բացակայել է, բայց Ազգային թատրոնի բեմում, չի կարծում, թե այդքան զգացվել է իր բացակայությունը, որովհետեւ մեր թատրոնում էլ զբաղված է խաղացանկային բոլոր ներկայացումներում՝ բարիտոնի գլխավոր դերերգերով (այդ թվում՝ Վերդիի «Աիդա», Չուխաջյան՝ «Արշակ Երկրորդ», Ռախմանինով՝ «Ալեկո»):
Մեր դիտարկմանը, թե գոնե Երեւանում չենք հիշում Գեւորգ Հակոբյանի որեւէ մենահամերգ, երգիչը նշեց, թե դրան պատրաստվելը ժամանակատար աշխատանք է, հետո էլ հավելեց, որ շուտով կթողարկվի իր ձայնագրությունների CD-ն, որտեղ ընդգրկված են հայ կոմպոզիտորների ռոմանսները, ինչն էլ, համոզված է, կփոխհատուցի մենահամերգների բացակայությունը: «CD-ում ընդգրկված են Սպենդիարյանի, Մելիքյանի, Աբրահամյանի, Միրզոյանի, Խուդոյանի, Բաբաջանյանի, Ամիրխանյանի ստեղծագործությունները, որոնց բնօրինակները միայն ձայնի եւ դաշնամուրի համար էին: Իմ եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանի փոխհամաձայնությամբ որոշեցինք դրանք գործիքավորել նվագախմբի համար, ինչը հիանալի իրականացրեց Արտակ Հակոբյանը: Ընդ որում՝ CD-ի համար բոլոր ձայնագրություններն ավարտված են, մոտ ժամանակներս էլ այն կթողարկվի եւ որ իմ կարծիքով ամենագլխավորն է՝ երիտասարդ սերունդը կճանաչի մեր կոմպոզիտորներին, որոնց, այս դեպքում՝ ռոմանսները այդքան հաճախ չեն կատարվում»,- հայտնեց Գեւորգ Հակոբյանը:
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում նրա մանկավարժական գործունեությանը: Այս առումով էլ է երգիչը բավարարված: «Մասնագիտական դասարանի ուսանողներս մշտապես արժանացել են հանրապետական, միջազգային եւ ՀՀ նախագահի մրցանակի համար հայտարարված մրցույթների հեղինակավոր ժյուրիի բարձր գնահատականներին: Օրերս էլ սաներիցս Մարիանա Մարտիրոսյանը կմեկնի Կրասնոդար՝ մասնակցելու երիտասարդ երգիչների «Օպերան առանց սահմանների» միջազգային մրցույթին»,- հայտնեց նա: Կանխելով մեր հարցը, թե հավանաբար մի քանի օրից դարձյալ իրեն սպասում է արտերկրյա օպերային թատրոններից մեկը, Գեւորգ Հակոբյանը նշեց, որ մարտին կմեկնի Շվեյցարիա՝ «Stats opera», որտեղ ընթանում են 2016թ. կայանալիք Պրոկոֆեւի «Կրակե հրեշտակ» օպերայի նախապատրաստական աշխատանքները, ինքն էլ հանդես է գալու հիշյալ օպերային բեմադրության առաջին 9 ներկայացումների առաջնախաղերով:
Հավելենք, որ հայ բարիտոնի արտերկրյա հյուրախաղերը հոգում է ճանաչված STAGE DOOR գործակալությունը, որը ժամանակին հանդիսացել է Լուչիանո Պավարոտիի, Ռիկարդո Մուտիի, Կլաուդո Աբադոյի եւ աշխարհահռչակ այլ երաժիշտների ներկայացուցիչը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Պլաչիդո Դոմինգոն եւ Գեւորգ Հակոբյանը՝ «Սիմոն Բոկանեգրա» օպերայում:
«Առավոտ» օրաթերթ
19.02.2015