Փետրվարի սկզբներին ՖԻՖԱ-ի ընտրական կոմիտեն հաստատեց մայիսի 29-ին կայանալիք այդ կազմակերպության նախագահի ընտրության թեկնածուների անունները, որոնց մեջ է նաեւ պորտուգալացի Լուիշ Ֆիգուն:
Աշխարհի նախկին լավագույն ֆուտբոլիստի թեկնածությունը սատարողների թվում է լեգենդար Դեւիդ Բեքհեմը, որի կարծիքով՝ Ֆիգուն այդ կազմակերպությունն ավելի լավ կղեկավարի, քան ներկայիս նախագահ Զեպ Բլաթերը: «Ես ողջունում եմ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իմ ընկերոջ թեկնածությունը: ՖԻՖԱ-ն պետք է ունենա այնպիսի ղեկավար, որը հրապուրված է ֆուտբոլով եւ ցանկանում է երկրպագուների համար լավ բան անել: Ֆուտբոլի զարգացման իրենց տեսլականն ունեցող ուժեղ թեկնածուների առկայությունը միայն օգտակար կլինի ՖԻՖԱ-ի համար»,- հայտարարել է Բեքհեմը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.02.2015