Դերասան Նարեկ Դուրյանի «Հաջողության բանալին»
Նրանց անցած ճանապարհը հեշտ չի եղել, աշխատել են, ձգտել ամենալավին, փնտրել են կատարյալի ճանապարհը, հիասթափությունն ու դժվարություններն են եղել այդ մարդկանց կյանքի ուսուցիչները, ամեն ինչին դիմացել են՝ համառությունն ու նպատակասլացությունը դարձնելով կյանքի ուղենիշ: Նրանք ապրում են մեր կողքին, շատերս գիտենք նրանց, գնահատում ենք նրանց կատարած աշխատանքը: Նրանք մարդիկ են, որոնք հաջողել են: Մեր կողքին ապրողների հաջողության բանաձեւն է «Առավոտը» փորձելու բացահայտել իր նոր՝ «Հաջողության բանաձեւը» շարքում: Շարքը սկսում ենք դերասան Նարեկ Դուրյանի հաջողության բանաձեւի բացահայտումներով:
Ճիշտ պահին հայտնվել ճիշտ տեղում, ճիշտ մարդու կողքին. սա դերասանի հաջողության գաղտնիքի առաջին նախապայմանն է, բայց սրանից զատ, նա հաջողության կերտման ճանապարհին ամենաշատը կարեւորում է աշխատասիրությունը: «Էվոլյուցիան է, դա չբավարարվելն է նրանով, ինչին հասել ես»,- ասում է նա, պատմում, որ Ավստրիայում ապրելու առաջին շրջանում, երբ գերմաներեն չգիտեր, զբաղմունք էլ չուներ, իր հայրիկի՝ Օհան Դուրյանի առաջարկով նոտաներ էր գրում: «Այն ժամանակ չկար փասթ, քոփի, թուղթը դնում էինք, հինգ հատ գիծ քաշում, նոտան վրան գրում էինք, նախ գրում էինք մատիտով, հետո ջնջում էինք, վրան գրում էինք թանաքով, գործ էինք անում: Ինքը գալիս էր, նայում էր, եթե տեսնում էր նոտան չունի կլառնետաձեւ, ասում էր, գնում էր: Հետո ես գրեցի, վերջացրեցի, նայեց ու քը՛րթ, պատռեց: Ես ապշեցի, բերանս բաց… Ասաց՝ բան չասես: Գիտնա՞ս, որքա՜ն ես պատռած եմ, թող աս ալ քո առաջինը ըլլա… Նորից գրեցի, էլի՝ լավ չէ.. ոչ մի կոմենտարիա: Գիտե՞ք ես մինչեւ այսօր պատռում եմ իմ գործերը, եթե դուրս չեն գալիս: Դե հիմա, փառք Աստծո, Word-ը կա, չեմ պատռում: Եվ իմ ուսանողներին էլ ես ասում եմ՝ այն օրը, որ դուք ասացիք՝ այս բանը շատ լավն է, ինձ մոտ լավ է ստացվում, վերջացրեցիք: Եթե ներկայացումից առաջ եկաք, կուլիսներում կանգնեցիք, վախը չզգացիք, վերջացած եք: Անպայման պետք է պարտաճանաչ լինես, ահավոր պարտաճանաչ լինես, հայերը այս բառը բացասական են օգտագործում, բայց մազոխիստ պետք է լինես ինքդ քո հանդեպ»,- նշում է Նարեկ Դուրյանը:
Ասում է՝ պատանի տարիքում «հաղթանակները» կերտվում, կյանքի դասերը սերտվում էին նոր գրքեր կարդալով. «Ինձ գրքերը սովորեցրել են շատ աշխատասեր լինել: Ինձ համար մեծ հաղթանակ էր լինում, երբ մաման գալիս էր, ասում էր՝ այսօր թատրոնում ներկայացում կա, չորս երեխա պետք է վազեն: Ֆրունզիկը պետք է դուրս գա բեմ, «Ղազարը գնում է պատերազմ» ներկայացումն է, կասես՝ պապա, պապա, կթռնես Ֆրունզի գիրկը, կգրկես Ֆրունզիկ դյադյային ու դուրս կգաք: Դա գիտե՜ք ի՞նչ էր… ես երեք օր չէի քնում….Կամ խոր էր պետք լինում երեխաների, հայրս թողնում էր, որ այնտեղ կանգնեմ»:
Դժվարություններն ու հիասթափությունները Նարեկ Դուրյանի երիտասարդական տարիների ուղեկիցն էին, երբ գաղթյալ էր օտար երկրում. «Մեր ժամանակ սահմանն անցար, աշխարհը շուռ էր գալիս: Որպեսզի ես մորս հետ խոսեի, զանգում էի Մոսկվա օպերատորին, որը երկու օրից ինձ կասեր՝ որ օրը, որ ժամին ինքը ինձ կմիացնի եւ քանի րոպե է ինքը ինձ թույլ տալու, որ ես խոսեմ: Ինքը ինձ ասում էր՝ У вас 3 минуты. Եվ ես խոսում էի մամայի հետ, երեք րոպեում պետք է մամայիս ասեի, թե ինչքան եմ իրեն սիրում, ինքը պիտի հասցներ լացել, եւ եթե մի քիչ ավելորդ բան էիր ասում՝ այնտեղից ասում էին՝ перестаньте, перестаньте, а то отключу: Մեր ժամանակ Արմեն Էլբակյանը խմբով եկավ Մարսել, մամայիս կողմից ինչ-որ բան էր բերել՝ «Երեկոյան Երեւան» թերթի մեջ փաթաթած: «Երեկոյան Երեւանից» հոտ էի քաշում, Արմենի փեշից չէի կարողանում պոկվել: Ես իր վրայից Երեւանի հոտն էի զգում»: Իսկ դժվարություններին դիմանում էր, քանի որ հիշում էր՝ հայրենիքում մայր ունի, որն իր օգնության կարիքն է զգում, մոր առջեւ դեռ «պարտքեր» ուներ մարելու. նրա ջանքերով էր կարողացել Խորհրդային Հայաստանից դուրս գալ. «Այնտեղ գնալու համար պարտքեր արեցինք: Էդգար Հովհաննիսյանը, Էդվարդ Միրզոյանը օգնեցին, Առնո Բաբաջանյանն օգնեց, տոմս պիտի առնեի, այս պիտի անեի, այն պիտի առնեի, պարտքերը մնացին մամայի վրա, ես պետք է փակեի»,- պատմում է Նարեկ Դուրյանը:
Կարդացեք նաև
Հաջողության ճանապարհին նրա կյանքում մեծ դեր է խաղացել իր ընտանիքը՝ կինը եւ երեք երեխաները: Եվրոպայի կյանքին սովորելուն հենց կինն է սովորեցրել: Ափսոսում է, որ իր երեխաների հետ շատ ժամանակ չի անցկացնում, հպարտանում է, որ նրանք շատ են սիրում Հայաստանը, խոսում են հայերեն եւ կարծում է, որ նրանք ի վերջո գալու են Հայաստանում ապրելու:
Ամենամեծ հաջողության մասին Նարեկ Դուրյանը հպարտությամբ է հիշում. Երեւանի թատերական ինստիտուտն ավարտած երիտասարդը Փարիզի օպերայում բեմադրված ներկայացմանը գլխավոր դեր խաղաց: Ընկերներն էին պատմել, որ ռուս մեծ դերասան եւ ռեժիսոր Յուրի Լյուբիմովը պատրաստվում է բեմադրել Ֆլոբերի «Սալամբո» գործի հիման վրա գրված Մուսորգսկու օպերան՝ իր ոճով եւ նոր մոտեցմամբ, փնտրում է երկու դերասան՝ Ֆլոբերի եւ Մուսորգսկու դերը խաղացողներին: «Գնացի այդ քասթինգին՝ հե՜րթ, բոլորը բլոնդ, սիրուն տղերք, բոլորը ոսկի մեդալներով ավարտած, ես նախավերջինն էի: Ես որ մտա, սկսեցի նվագել, Լյուբիմովը եկավ, սկսեց կողքերս պտտվել, նայեց, ռուսերեն սկսեց հետս խոսել, ասաց՝ Армянин?, ասացի՝ да, ասաց՝ С ума сойти, приехать в Париж и найти Мусоргского армянина ու ինձ վերցրեց: Եվ ես բախտ եմ ունեցել Մուսորգսկու դերը խաղալ»,- պատմում է պարոն Դուրյանը, հիշում, որ ներկայացման պրեմիերային՝ Փարիզի օպերայում անհանգստությունից ձեռքերը դողում էին, ամբողջությամբ ջուր էին եղել, բայց հուզմունքը չխանգարեց, ամեն ինչ լավ անցավ, ժամանակի փարիզյան մամուլի առաջին էջերում ինքը հայտնվեց՝ Մուսորգսկու կերպարով: Նրա ձեքբերումը նաեւ դարձավ Յուրի Լյուբիմովի հետ մտերմությունը:
Հիմա վերագնահատելով իր անցած ճանապարհը՝ նույն ճանապարհն ընտրողը երիտասարներին խորհուրդ է տալիս՝ մնալ խենթ: «Ես շատ եմ սիրում ռուսական այդ խոսքը՝Если бы молодость знала, если бы старость могла, բայց ես ռուսերեն էլ կշարունակեմ միտքը՝ Наверное поэтому, молодость это молодость, а старость -старость»,- ասում է պարոն Դուրյանը՝ հորդորում՝ կյանքում չպետք է խուսափել զոհաբերություններից: «Շատ հաճախ պետք է լինում որոշ բաներ զոհել: Քո որոշ ամբիցիաներ զոհել՝ այս «պավառոտն» անցնելու համար,- ասում է նա, ավելացնում,-պետք է կարողանաս ինչ-որ բաներ զոհաբերել, որ առաջ գնաս եւ մի բան էլ է պետք, պետք է չհիասթափվել: Պատկերացնո՞ւմ եք՝ կյանքը երբեք ապտակ չտար: Մի ընտանիք քառասուն տարի ապրեր, չվիճեր: Ես կպայթեի: Չհիասթափվել ապտակներից, ընդհակառակը, «ղզղնել» այդ ապտակից եւ առաջ գնալ»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.02.2015