Սլավի-Ավիկ Հարությունյանը հաստատուն քայլերով մտավ պոեզիայի դռներից ներս` 1989-ին Երևանում արևերես անելով իր բանաստեղծությունների «Չուղարկված հեռագրեր» անդրանիկ ժողովածուն: Դրան արդեն նախորդել էին «Պիոներ կանչ», «Սովետական Ղարաբաղ» թերթերում, Արցախում և Երևանում լույս տեսնող գրական ալմանախներում, հաջորդիվ «Գարուն» ամսագրում տպագրված բանաստեղծական շարքերը:
Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի շրջանավարտի, ռադիոլրագրողի և Արցախյան գոյամարտի ականատեսի ու մասնակցի համար այդ տարիները, իրավամբ, փորձառության դասեր եղան:
Իսկ երբ «մեր սուրը փառքով դրեցինք պատյան», Սլավի-Ավիկ Հարությունյանի հոգում կրկին արթնացավ ուսումը շարունակելու վաղեմի երազանքը, և ներքին հուշարար ձայնը ավելի հստակվեց, վճռական դարձավ:
1995-ին Գիքորի կարգավիճակով հայտնվեց Մոսկվայում` ուղեկիցներ «ունենալով» անծանոթ և անսովոր միջավայրը` պաշարված ինքնազղջումի, անօգնականի զգացողություններով: Բայց ինչպես ասում են` վիճակն արդեն նետված էր. ցերեկները բեռնակրի աշխատանք էր կատարում, գիշերները ռուսական զրուցարաններ, բառարաններ էր ուսումնասիրում, կարդում հայ, ռուս, եվրոպական պոետների գործեր` պատսպարվելով որտեղ պատահի` շարունակելով իր համար բանաստեղծություններ գրել:
Արդեն Համառուսական կինոյի ինստիտուտի սցենարական բաժնում սովորելու տարիներին ի հայտ են գալիս նրա լայն հետաքրքրությունները կինոարվեստի նկատմամբ, ստեղծագործական փորձ ու հմտություններ է ձեռք բերում, զինվում մասնագիտական հարուստ գիտելիքներով: Աշխատանքի անցնելով, բազմաթիվ վավերագրական ֆիլմերի սցենարներ էր հեղինակում, այդ թվում՝ հայկական թեմաներով, որոնք ցուցադրվում էին ռուսական հեռուստաալիքներով:
Ստեղծագործական աշխատանքին զուգընթաց ընդունվում է Մոսկվայի մշակույթի և արվեստների համալսարանի ասպիրանտուրան: Այստեղ, ըստ էության, Սլավի-Ավիկ Հարությունյանի գիտական հարցասիրությունները ավելի պարարտ հող են գտնում և խորը հափշտակությամբ սկսում է ուսումնասիրել հայկական, ռուսական և համաշխարհային մշակույթի պատմությունը, սոցիոլոգիան, փիլիսոփայությունը, բանարվեստը հատկապես, ձևավորվում է նրա աշխարհայացքը, դրսևորվում են հետազոտական աշխատանքի կարողությունները: Արդյունքում, պաշտպանելով գիտական թեզ` ստանում է փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան` «Սեմիոտիկայի (նշանագրության) սահմանները արվեստում» թեմայով: Դրան նախորդած և հաջորդած տարիներին ռուսերեն, իսպաներեն, կատալոներեն և ֆրանսերեն լույս են տեսնում Սլավի-Ավիկ Հարությունյանի բանաստեղծական շարքերն ու ժողովածուները:
Եվ ահա վերջերս, տևական ընդմիջումից հետո, Երևանում, «Տիգրան Մեծ» հրատարակչությունը տպագրում է նրա բանաստեղծությունների ստվարածավալ ժողովածուն` «Երկինք և երկիր» վերտառությամբ:
Հատկանշական է, որ ժողովածուի բանաստեղծությունների մի մասը նախապես տպագրվել էր Հայաստանի գրեթե գրական բոլոր ամսագրերում և թերթերում։ Հեղինակի դասակարգումով` «Երկինք և երկիր» բազմաթեմա ժողովածուն ունի հինգ, իր բանաստեղծական աշխարհի տարբեր եզրերը հայտարարի բերող, բանաձևող «Անթռչուն երկինք», «Աստված մոլորվել է մեր մեջ», «Որ սիրում ես, այնքան հեշտ է լինում», «Քանզի մահն էլ մյուս թևն է կյանքի», «Աստծո որդին չիջավ երկխոսության» խորագրերով շարքերը, որոնք վերցված են տարբեր բանաստեղծությունների տողերից և յուրօրինակ հղումներ են բանաստեղծի տեսադաշտի ուղղությունների, մարդկային-հուզական, խորքային-տարածական ընկալումների վերաբերյալ:
Ընդ որում, այդ բանալի-խորագրերը բանաստեղծի կյանքային զգացիմացության, երկնքի ու երկրի բանաստեղծական փիլիսոփայության, հայրենազգացության, թարմ մտածողության, ժամանակի հարահոսի մեկնաբանման, խեղված մարդու տեղի ու դերի ճշգրտման բացահայտումներ են: Այսինքն` բանաստեղծի համազգացողությունը հայտանշվում է քնարական հերոսի ներաշխարհի շարժումներով, բանաստեղծության (հեղինակի բնութագրմամբ` տեքստի- Հ. Ա.) էության մերձեցումներով, խոսքի ազատ, անկաշկանդ պատումների դրսևորումներով, վերլուծական ներքին թափանցումներով, ճշմարիտ պատկերներով, պոլեմիկ շեշտերով:
Սլավի-Ավիկ Հարությունյանը խաղաղ պահերի բանաստեղծ չէ, նրա միտքը, ապրումը, տողը կռվազան են և նորին ու մնայունին, հավերժականին ու անցողականին, մեծ գաղափարին քաղաքացիական զգոնությամբ հայրենիքին զինվորագրվելու դավանանք են` դասական հիմքերով ոգու հայտնության ձեռքբերումներ, իր տեսածի ու զգացածի, առօրեականի ու երևայականի համադրման շաղախով ստեղծված պատումներ են` բառի նորոգչական երանգներով:
Այսպես, Սլավի-Ավիկ Հարությունյանի հայացքի ուղիները ընդգրկում են կենսական և հոգեբանական լայն տարածքներ` խորքային ու լայնքային դրսևորումներով ելակետվելով կյանքից, հայրենիքից, աշխարհից, մարդուց, վերադառնում են մարդուն` ընտրելով թարմ ու անսովոր բառային համադրություններ, իմաստավոր տողանցումներ, արտահայտչական տարբեր միջոցներ:
Կարծում եմ՝ գրքի հաջողվածությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ հեղինակը կարողացել է հմտորեն օգտագործել և մի շաղախի մեջ առնել արվեստի տարբեր ճյուղերի՝ նշանագրության, կինոյի, դրամատուրգիայի, կերպարվեստի որոշ տարրեր և հնչերանգային տարբեր կազմությունների միջոցով որսալ մարդու հոգուց եկող ձայները, բանաստեղծություններին «օծել» ներքին էներգիայով՝ ստեղծելով մեր ժամանակի ու ժամանակակցի դիմանկարը։
Սեփական ներուժ և դիտակետ ունենալով, նա հայտնի և անհայտ երևույթները, իրողությունները նոր կողմերից «քննաբանելու», դրանց էությանը բնորոշ պատկերներ, շեշտեր գտնելու ակնհայտ տաղանդ ունի: Այդ հանգամանքն էլ տպավորիչ է դարձնում նրա բանաստեղծությունները, հարստացնում ընթերցողի միտքն ու ապրումները` մերթ ընդվզումի, մերթ խոստովանքի, մերթ հուսավառության, մերթ հուսալքության, մերթ բանավեճի, հավատի զորեղ շեշտերով` ճշմարտության ու բարոյականության վսեմ դիրքերից, անվերջ որոնումներով, ճանաչողության կուտակումներով` փորձելով պահպանել ոգու հավասարակշռությունը` սիրո ամենազոր ուժը, որը համադրում է իր մեջ կենդանի բարոյականության բաղադրիչները` բարություն, արդարություն, ճշմարտություն:
Առանձին պարբերությամբ, այնուհանդերձ հարկ է շեշտել, որ Արցախյան գոյամարտի, ընդհանրապես պատերազմական թեմայով գրված «Քանզի մահն էլ մյուս թևն է կյանքի» շարքի բանաստեղծությունները իրենց խորքային, իրական և երևակայական զուգորդումներով, դրամատիկ ապրումների ու մտքերի գեղարվեստական խտացումներով առ այսօր էլ մնում են անգերազանցելի:
Իմ համոզմամբ` «Երկինք և երկիր» ժողովածուի «Միայնակ թռչուն» առաջին բանաստեղծության առաջին տողի` «Ես- միայնակ թռչունն եմ» և վերջին՝ «Երկինք և երկիր» ստեղծագործության «Որ գտնեմ այն պահը, ուր երկինքն ու երկիրը պիտի միանան» տողերի միջակայքում են «գաղտնագրված» բանաստեղծի փիլիսոփայական ինքնասուզումներն ու դրամատիկ մեկնաբանությունները բազմանիստ ու անեզր տիեզերքի, սիրո, կյանքի, աշխարհի պատկերով Աստծո ու մարդու հարաբերությունների մասին:
Գրախոսության տեսքով թերթային մտորումներիս սահմաններում, ինչ խոսք, դժվար է հանգամանալից և ամբողջական խոսք ասել, քաղվածքներ անել ժողովածուի բանաստեղծություններից, որովհետև, ինչպես դիպուկ նկատել է «Երկինք և երկիր» գրքի առաջաբանի հեղինակ, բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը՝ «Պիտի աշխատեմ խուսափել մեջբերումներից, որովհետև գայթակղությունն այնքան մեծ է, որ վախենամ բոլոր էջերից քաղվածքներ բերեմ»:
Այս խորհուրդ-խորինի սկզբունքով էլ ես առաջնորդվեցի, գիտակցաբար շեղվեցի գրքի արժևորման ու գնահատանքի ընդունված «կանոններից», համոզված լինելով, որ պոեզիայի երկրպագու ընթերցողը (և ոչ միայն նրանք) կորոնի, կգտնի ու կկարդա բանաստեղծական թարմ մտածողությամբ, պոլեմիկ բնույթով, ոճակառուցվածքային ինքնատիպությամբ և արտահայտչական ձևերի բազմազանությամբ հագեցած «Երկինք և երկիր» ժողովածուն, որը ամբողջության մեջ մի համանվագ է և նոր գծերով ու նոր երանգներով է հարստացնում արդի հայ բանարվեստը:
ՀԵՆՐԻ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.02.2015