Տարվա բոլոր եղանակներին` հատկապես ձմռանը, մարդը չպետք է մոռանա մաշկի խնամքի մասին: Ջերմաստիճանային տատանումների պատճառով, ինչպես նաեւ քամու, ցրտի ազդեցության տակ մաշկը դառնում է չոր, գրգռված եւ ավելի զգայուն, որը բերում է մաշկի վաղաժամ ծերացման: «Առավոտի» հետ զրույցում կոսմետոլոգ Անուշ Շիրվանյանն ասաց այն կարեւորագույն պայմանները, որոնք յուրաքանչյուր մարդ կարող է իրեն թույլ տալ եւ լինել գեղեցիկ: «Ձմռանը ցերեկային կրեմն անպայման քսեք մաշկին փողոց դուրս գալուց 20-30 րոպե առաջ` այլապես չներծծված կրեմը կբերի մաշկի չորության եւ գերսառեցման: Դեմքի մաքրման համար մաքրող գելերի փոխարեն անհրաժեշտ է օգտագործել կրեմային մաքրող քսուքներ, քանի որ գելերը նույնպես չորացնում են մաշկը»,- ասաց տիկին Շիրվանյանը:
Ձմեռային եղանակին մաշկը շատ է հոգնում եւ արագ թոշնում է, ուստի, ըստ մասնագետի, շաբաթը մեկ, երկու անգամ մաշկը կարելի է լրացուցիչ սնուցել ինչպես խոնավեցնող, այնպես էլ մաքրող դիմակներով, օրինակ` կավե բաղադրությամբ: «Կարմիր կավը` գրգռված, թեփոտ մաշկի համար, սպիտակ կավը` թուլացած, ծակոտիներով մաշկի համար, դեղինը` ճարպոտ, մոխրագույնը` չոր մաշկի համար: Կավը պետք է մաքուր լինի, այն պետք է բացել գոլ ջրով այնպես, որ մածուցիկ դառնա եւ քսել մաքուր դեմքին: Դեմքից պետք է մաքրել, երբ չի հասցրել ամբողջությամբ չորանալ: Լվանալուց հետո քսել սնուցող քսուք»,- նշեց կոսմետոլոգը` ավելացնելով, որ արդյունավետ կլինի կավը օգտագործելուց առաջ մի երկու ժամ թողնել արեւի տակ` էներգիա վերցնելու համար: Անդրադառնալով կավե դիմակի արդյունավետությանը` տիկին Շիրվանյանը նշեց, որ դիմակները պետք է առավոտյան դնել: Նա ասաց, որ տղամարդիկ նույնպես պետք է խնամեն մաշկը`միայն հաշվի պետք է առնեն, որ դիմակը սափրվելուց մեկ օր հետո է թույլատրվում դնել:
Բացի դիմակներից, ձմռանը, առավել քան երբեւէ, անհրաժեշտ են վիտամիններ, ուստի տիկին Շիրվանյանը խորհուրդ է տալիս օգտագործել ճարպեր, ձվի դեղնուց, կաթնաշոռ, հատապտուղներ, բանջարեղեն եւ այլն: Օգտագործեք նաեւ արեւապաշտպան քսուքներ՝ փողոց դուրս գալուց առաջ, քանի որ ձմռան արեւը նույնպես կարող է վնասել ու ժամանակից շուտ ծերացնել մաշկը:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
19.02.2015