Ջրաթուրմերը եւ եփուկները պատրաստում են երկու եղանակով՝ տաք եւ սառը: Տաքացման եղանակով պատրաստելու դեպքում հումքը հարկավոր է տեղավորել հախճապակյա կամ էմալապատ կաթսայի մեջ, ավելացնել սենյակային ջերմաստիճան ունեցող ջուր, փակել կափարիչով եւ պահել ջրային բաղնիքում:
Եփուկները խորհուրդ է տրվում եփել 30 րոպե, իսկ ջրաթուրմերը՝ 15 րոպե: Սառեցնել սենյակային ջերմության պայմաններում. ջրաթուրմերը՝ 45 րոպե, եփուկները՝ 15 րոպե, այնուհետեւ քամել թանզիֆի կամ թեյաքամիչի միջոցով: Եթե պատրաստի թուրմը նախատեսված չափից պակաս է, ապա վրան ավելացնել համապատասխան չափի եռացրած ջուր:
Տաք եղանակով թուրմերը հարկավոր է պատրաստել թերմոսների մեջ. բուսական հումքը նշված չափով՝ սովորաբար 2 ճաշի դգալ, լցնել թերմոսի մեջ եւ ավելացնել երկու բաժակ եռացրած ջուր: Պատրաստվում է գիշերը, քնելուց առաջ: Առավոտյան պետք է քամել եւ թուրմը նորից գոլ վիճակում լցնել թերմոսի մեջ: Մեկ օրից ավելի ջրաթուրմը չի կարելի պահել: Սառը եղանակով ջրաթուրմ պատրաստելու դեպքում հումքի վրա լցնել պահանջվող չափի նախօրոք եռացրած, ապա սառեցման հասցրած սովորական ջուր եւ պահել 4-12 ժամ, քամել եւ օգտագործել: Եփուկները եւ ջրաթուրմերը ցանկալի է պատրաստել թարմ, միայն տվյալ օրվա համար, ծայրահեղ դեպքում՝ երկու օրվա ընդունման համար: Արտաքին օգտագործման նպատակով ջրաթուրմը եւ եփուկը պատրաստել բուսական հումքի կրկնակի կամ եռակի դեղաչափով: Արտաքին օգտագործման նպատակով ջրաթուրմը եւ եփուկը պատրաստել բուսական հումքի կրկնակի կամ եռակի դեղաչափով: Դեղաբույսի հումքի օրական օգտագործվելիք չափը հիմնականում պայմանավորված է հիվանդի անհատական առանձնահատկություններով՝ տարիք, քաշ, հիվանդության բնույթ, ինչպես նաեւ նշանակվող դեղաբույսի հատկություններով: Սովորաբար այն կազմում է 1-3 գդալից մինչեւ 4-6 ճաշի գդալ:
Շատ կարեւոր է նաեւ ջրի եւ հումքի հարաբերակցությունը՝ սովորաբար 1:10 կամ 1:20, այսինքն՝ 10 գրամ հումքին 100 կամ 200 մլ ջուր: Երբեմն պատրաստում են ավելի թույլ հարաբերակցությամբ՝ հաշվի առնելով դեղաբույսի ազդեցության ուժգնությունը եւ ընդունողի տարիքը: Երեխայի եւ մեծահասակի դեղաչափերը տարբեր են, օրինակ՝ 2/3 մասը՝ մեծահասակի համար, 1/8-1/12-ը՝ երեխայի: Սովորաբար եփուկները եւ թուրմերը խմում են ուտելուց 20-30 րոպե առաջ, իսկ որոշ հիվանդությունների դեպքում՝ ուտելուց մեկ ժամ հետո:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
19.02.2015