Երբ անհանգստություն եք զգում աջ կողատակում, ծանրության զգացողություն ուտելուց հետո, ցավ, որն առավել հաճախ զգացնել է տալիս աջ ուսի, թիակի շրջանում, ապա ձեր լեղապարկը բորբոքված է, նկատվում է խոլեցիստիտ, որը բավականին տարածված հիվանդություն է եւ ըստ վիճակագրության՝ այս հիվանդությամբ կանայք երեք անգամ ավելի հաճախ են հիվանդանում:
Խոլեցիստիտի թեթեւ աստիճանի դեպքում բուժումը կարող եք տան պայմաններում իրականացնել, որի համար անհրաժեշտ է ավելի երկար հանգստանալ անկողնում, թեթեւացնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, կարեւոր է նաեւ հոգեկան հանգիստը: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել սննդին, որպեսզի լեղապարկի բորբոքման սրացում առաջացնող հնարավորինս քիչ նյութեր ընկնեն օրգանիզմ: Սուր ցավերի դեպքում խորհուրդ են տալիս խմել ոչ թունդ տաք թեյ, հյութեր եւ օշարակներ, մասուրի թուրմ, թեթեւակի տաքացրած հանքային ջուր, որը պետք է ընդունել ոչ մեծ բաժիններով՝ հասցնելով օրական 6 բաժակի: Սննդամթերքի մեջ կարելի է ընդգրկել ձավարեղենով տարատեսակ ապուրներ, շիլաներ` բրինձ, մանրաձավար, վարսակ, ինչպես նաեւ կիսել եւ դոնդող: Քիչ-քիչ սննդաբաժնի մեջ պետք է եփած ոչ յուղոտ ձկնատեսակներ ավելացնել, ինչպես նաեւ աղացած միս, սպիտակ չորահաց: Անհրաժեշտ է շաբաթը մեկ-երկու անգամ բեռնաթափման օր անցկացնել: Խուսափել թունդ թեյից, սուրճից եւ գազով ըմպելիքներից: Պետք է բացառել ալկոհոլը, յուղոտ, տապակած ուտեստները:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
19.02.2015
Իսկ եթե ձախ կողատակում?