Այսօր գիրք նվիրելու տոնի կապակցությամբ Գյումրու «Բեռլին» արվեստների հյուրանոցի սրահում տեղի ունեցավ պատմաբան Արթուր Նիկողոսյանի (նա ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ամենասիրած ուսուցիչն է եղել) հեղինակած «Գյուրջիեւը մարդու, հասարակության եւ պատմության մասին» գրքի շնորհանդեսը:
Արթուր Նիկողոսյանի ներկայացմամբ, գիրքը տարիների երկարատեւ չարչարանքի արդյունք է: «Ուրախալին այն է, որ մենք կարողացանք մեր հայրենակցին հարգանքի տուրք մատուցել իր սեփական, հայրենի, հարազատ քաղաքում: Ամենաուրախալին այն է , որ գիրքը լույս տեսավ «Y» ակումբի «Մատենաշար» խորագրի ներքո: Փորձեմ վերծանել «Y»-ը. Գյուրջիեւը իր ամբողջ կյանքում երազում էր իր հայրենի քաղաքում բացել մարդու ներդաշնակ զարգացման ինստիտուտ: Ցավոք սրտի, հայրենի քաղաքում չստացվեց , ահա մենք փորձում ենք այդ բացը լրացնել, ներդաշնակ զարգացման եւ բնական կարգավորման ինստիտուտ «Y»-ի հապավման վերծանումն է: Սա առաջին ծիծեռնակն է, հուսանք վերջինը չէ: Մենք Ալեքսանդրապոլի երեւելիներին վերհիշելու նպատակ ենք դրել մեր առջեւ»,-ասաց Արթուր Նիկողոսյանը: Պատմաբանը նաեւ ասաց, որ գիրքը գրելիս ջանացել է նվազագույնի հասցնել իր ներկայությունը՝ որպես հեղինակի: Ըստ հեղինակի, ինքն ավելի շատ անդրադարձել է աշխարհահռչակ գյումրեցու կենսագրությանը, իհարկե, որոշակի մեկնություններ եւս արել է, սակայն գրքում մեծամասամբ տեղ են գտել Գյուրջիեւի հայտնի աշակերտների վերլուծությունները: Դրանք ծաղկաքաղի տեսքով հավաքվել են գրքում: «Անկեղծ ասեմ չէր լինի այս գիրքը, եթե չլիներ Գյուրջիեւի ուղերձը, ցանկությունը : Մի խոսքով, հուսանք, որ սառույցը հալվեց , վերջապես հայրենի քաղաքում այս մեծ, աշխարհահռչակ գյումրեցին կսկսի հարգվել, հասկացվել, ճանաչվել: Զարմանալիորեն նա մեր հայրենիքում ավելի քիչ է ճանաչված, քան աշխարհում: Աշխարհին Գյումրին կարող ես ճանաչել տալ Գյուրիջիեւի միջոցով: Բազմաթիվ դեպքեր են եղել, երբ որ հարցրել են՝ որտեղի՞ց ես , առանց վարանելու ասել եմ՝ Գյուրջիեւի հայրենի քաղաքից: Եւ հավատացեք ապշած ու նախանձով են նայել», ասաց Արթուր Նիկողոսյանը:
Նա հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց Գեորգի Գյուրջիեւի կյանքից:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ