Ինչպես տեղեկացրել ենք, երեկ ուշ ժամի Մարալիկի գազալցակայանի մոտ, նորակառույց սոցիալական թաղամասից մոտ 100 մետր հեռավորության վրա անհայտ մի անձ «Մազդա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Մարալիկի բնակիչներ 1991 թվականին ծնված Մանուկ Ամիրխանյանին եւ 1986 թվականին ծնված Գագիկ Մանուկյանին: Վերջինս, իր ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, փախուստի էր դիմել: Սակայն այսօր նա ինքնակամ ներկայացրել է ոստիկանություն:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի ղեկին եղել է Խաչատուր Ենգոյանը, որը ձերբակալվել է: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: «Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը» վերնագրով հոդվածը նախատեսում է «ազատազրկում չորսից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:
Վերջինս հայտնել է, որ այդ ավտոմեքենան եղել է իր բարեկամինը: Մենք ճշտեցինք, որ վարորդ Խաչատուր Ենգոյանը Ազատան գյուղից է: Ազատանցիների ասելով, վաղը նրա հարսանիքն էր, հարսնացուն Մարալիկի կողքի գյուղերից մեկից էր, եւ նա այդ ժամին վերադառնում էր հարսնացուի տնից: Ազատանցիները նաեւ տեղեկացրեցին, որ Խաչատուրը ՀՀ Շիրակի նախկին փոխոստիկանապետ Վահրամ Ենգոյանի եղբորորդին է: Գյուղացիները շատ են ցավում կատարվածի համար, ասում են, որ այս երիտասարդը փոքրուց զրկվել է մորից. մայրը մահացել է հիվանդության պատճառով: Ինքն էլ խելոք, շնորհքով անձնավորություն է, զբաղվում է գյուղատնտեսությամբ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ