Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վստահեցնում է, որ վերջին տարիներին Հայաստանը գրեթե լուծել է փախստականների սոցիալական ու բնակարանային խնդիրները:
«Բոլոր այն հանրակացարանները, որտեղ տեղավորվեցին մեծ մասը սեփականաշնորհվեց ու տրվեց նրանց: Նրանք այսօր ինտեգրված են մեր հասարակությունում, չունեն այնպիսի խնդիրներ, ինչպիսին է լեզուն, կրթությունն ու մշակույթը»,- այսօր սփյուռքի նախարարությունում ասաց նախարարը: Այսօր Ադրբեջանի փախստականների հիմնախնդիրների թեմայով փակ քննարկում էր նախարարությունում: Լրագրողներին թույլ չտվեցին մասնակցել:
Նախարարի խոսքով, առաջիկայում կլրանա Սումգայիթյան ողբերգության 27-րդ տարելիցը, ու հենց այդ ողբերգության հետեւանքով ադրբեջանական ԽՍՀ-ից 400.00 մարդ բռնագաղթվեց, միայն այն բանի համար, որ ուներ այլ ազգություն ու այլ դավանանք. «400.000 փախստականի ընդունեցինք Հայաստան, երբ պատերազմ էր, շրջափակված էինք ու երկրաշարժի հետեւանքով Հայաստանը ծանր վիճակում էր»:
Նա նաեւ ասաց, որ նախատեսել են ադրբեջանական ԽՍՀ-ից բռնագաղթվածների համար կառույցներ ու կազմակերպություններ ստեղծել, իսկ աշնանը Հայաստանում համապատասխան համագումար հրավիրել:
Կարդացեք նաև
Հրանուշ Հակոբյանը նաեւ պատմեց, որ Ամերիկայի նահանգներից մեկում Բաքվից բռնագաղթված մի աղջիկ փաստաբան է դարձել ու հրապարակել ջարդերի վերաբերյալ իր տեղեկություններն ու տեսածը եւ հասել նրան, որ այդ նահանգը ճանաչել է ցեղասպանությունը եւ այնտեղ հասկացել են` ով է թուրքը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ