UWC Դիլիջան քոլեջը մարտի 18-ին հյուրընկալեց հայտնի պատմաբան, ցեղասպանագետ, Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր Յաիր Աուրոնին (Yair Auron): Քոլեջի ուսանողների եւ դասախոսական կազմի առջեւ նա հանդես եկավ Հայոց ցեղասպանությանը եւ Հոլոքոստին նվիրված դասախոսությամբ, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:
Յաիր Աուրոնը «Զորյան» ինստիտուտի, ինչպես նաեւ Երուսաղեմի Հոլոքոստի եւ ցեղասպանության ինստիտուտի գիտական խորհուրդների անդամ է, հայտնի է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր գործունեությամբ: Նա նաեւ Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի մասին պատմող «Անընդունելի անտարբերություն» գրքի հեղինակն է:
Յաիր Աուրոնի հանդիպումով UWC Դիլիջան քոլեջում մեկնարկեց մարդասիրական թեմաներին վերաբերող դասախոսությունների շարքը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Նախագիծն իրականացվում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի եւ UWC Դիլիջան քոլեջի համատեղ նախաձեռնությամբ: Նախատեսվում է, որ տարվա ընթացքում քոլեջը կհյուրընկալի մարդասիրության ոլորտում հայտնի գիտնականների եւ մասնագետների, ովքեր թեմայի շրջանակում դասախոսություններ կկարդան ուսանողների համար:
«Լիովին անտեղի կլիներ ցեղասպանությանը նվիրված դասախոսությունը որակել «հաճելի», բայց Յաիր Աուրոնը «ստիպեց» քոլեջի եւ Դիլիջանի Երիտասարդական կենտրոնի մեծ լսարանին ավելի քան երկու ժամ կլանված ունկնդրել իրեն», – ասաց UWC Դիլիջան քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը:
«Մեզ համար պատիվ էր հյուրընկալել նման անվանի գիտնականի` այդպիսով սկսելով Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումների շարքը: Հատկանշական է, որ Աուրոնի դասախոսությամբ հատկապես հետաքրքրված էին Մերձավոր Արեւելքի երկրների ուսանողները` Լիբանան, Սիրիա, Պաղեստին, ինչպես նաեւ Իսրայել: Նրանք դրական եւ երախտապարտ մոտեցում էին ցուցաբերում դասախոսության եւ անհատապես Յաիր Աուրոնի նկատմամբ»,-ընդգծեց Ջոն Փադըֆութը:
Կարդացեք նաև
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամն իրականացնում է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված երկարաժամկետ ծրագրեր, որոնք կօգնեն գոյատևումից անցում կատարել դեպի բարեկեցություն: Հիմնադրամի առանցքային ծրագրերից են UWC Դիլիջան քոլեջի, «Տաթևի վերածնունդ», Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու վերականգնման, Դիլիջանի զարգացման ծրագրերը։
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDEA) հանրային կապերի բաժին