Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Համաշխարհային բանկի փորձագետները կգան կֆռֆռան, խաշ-խորոված կուտեն ու կասեն, որ «Նաիրիտը» հնարավոր չէ վերագործարկել»

Փետրվար 19,2015 17:53

«Իրենք իրենց ժողովրդին աշխատավարձ են տալու: Դա որեւէ առնչություն չունի «Նաիրիտի» հետ, գործարանի պարտքերի, աշխատող ժողովրդի հետ: Մի քանի փորձագետ կգան, մի 20-25 հազար դոլար փող կստանան այդ ուսումնասիրությունների համար եւ դրանով ամեն ինչ կավարտվի, կավարտվի այն պարզ պատճառով, որովհետեւ, «Նաիրիտը» որեւէ հեռանկար չունի աշխատելու»,-մեկնաբանելով «Նաիրիտ» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը գնահատելու Համաշխարհային բանկի պատրաստակամությունը, 110 հազար դոլար տրամադրելու, փորձագետներ հրավիրելու, Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Գագիկ Ներսիսյանը:

Նախկին տնօրենի կարծիքով՝ փորձագետները «մեկը Անգլիայից, մեկը` Հոլանդիայից կգան, կֆռֆռան, խաշ-խորոված կուտեն ու կասեն, որ ստեղ անելու բան չկա»:
Պարոն Ներսիսյանի խոսքերով. «Եթե այդ փորձագետները մի քիչ նամուսով մարդիկ լինեն, կգան կտեսնեն ու կասեն, որ «Նաիրիտը» հնարավոր չէ վերագործարկել, այն պարզ պատճառով, որ նախեւառաջ ոչ մի ճանապարհ չկա, մոտավորապես, կես միլիոն տոննա բեռնաշրջանառություն անելու համար: Մենք երկաթուղի չունենք: Լարսն էլ տարվա մեջ 8-9 ամիս փակ է, այդ ո՞ր ճանապարհով պետք է «Նաիրիտի» բոլոր հումքերը ներկրեն: Հայաստանում որեւէ հումք գոյություն չունի «Նաիրիտի» համար, բացի` աղաջրից, իսկ եթե «Նաիրիտը» պետք է իր հզորությամբ աշխատի 80 հազար տոննա տարեկան, դա նշանակում է, որ քլորի խնդիրն էլ չենք կարող լուծել` այդ քանակությամբ քլոր ստանալու համար: Որպեսզի «Նաիրիտը» ամբողջական գործի այստեղից առաջանում է պարզ ճշմարտություն. պետք է անպայման Բաքվի բեռնատար փոխադրումների երկաթուղագիծը բացվի, այլապես որեւէ այլ ճանապարհ գոյություն չունի: Այդ քանակությամբ բեռներ ներկրելու համար մենք ուրիշ ճանապարհ չունենք»:

Ըստ պարոն Ներսիսյանի, Թբիլիսիից դեպի Հայաստան երկաթգիծն ուղեւորատար է եւ այդ ճանապարհը չի կարող դիմանալ բեռների ծանրությանը. «Մի տասը վագոն ցորեն բերելիս` 8-ը շուռ են տալիս Այրումում կամ Նալբանդում»:

Համաշխարհային բանկի կողմից հրավիրված փորձագետները նաեւ պետք է ուսումնասիրեն, թե «Նաիրիտի» գործունեությունը ինչ հետեւանք կթողնի շրջակա միջավայրի վրա:
Գագիկ Ներսիսյանի համոզմամբ. «Նաիրիտը ոնց որ մի վատ տակառ լինի վտանգավոր նյութերով լցված եւ ուզում են դրանք վառեն եւ այդ հոտը գցեն Հայաստանում»:

Ըստ նախկին տնօրենի, դեռեւս իր աշխատած տարիներին ահազանգել է, թե «Նաիրիտն» ինչպիսի վտանգ է իրենից ներկայացնում շրջակա միջավայրի համար. «Այն մարդիկ, որ 110 հազար դոլարը կստանան, կասեն, որ մաքրման ոչ մի հնարավորություն չկա, իսկ ամենաթանկարժեք ծախսերը արվում են, երբ որ բնապահպանական խնդիր են լուծում, էկոլոգիան թանկարժեք հաճույք է: Մեր աչքի առաջ են պոչամբարները, ոչ ոք չի ուզում այդ գումարներ ծախսել, որովհետեւ դրանք հսկայական փողեր են, իսկ ի՞նչ երաշխիք կա, որ «Նաիրիտի» նոր գործարկողը 1 միլիարդ դոլար կներդնի գործարանը վերագործարկելու համար, հումք գնելու համար, 1 միլիարդ էլ` կդնի էկոլոգիական հարցերը լուծելու համար»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728