Այսօր ՀՀ Կոտայքի մարզի Գառնիի գյուղապետարանում տեղի ունեցած Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման վերաբերյալ քննարկման արդյունքում կողմերը ընդհանուր հայտարարի չեկան:
Ինչպես ԷկոԼուրին տեղեկացրեցին Գառնիից, ողջ քննարկման արդյունքում «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի ներկայացուցիչները փորձել են համոզել բնակիչներին համաձայնել նախագծի իրականացմանը: Սակայն գառնեցիներին համոզել չի հաջողվել: Բնակիչները մտադիր են շարունակել պայքարը և կոչ են անում բնապահպաններին միանալ իրենց և համատեղ պայքարել Գառնիի ձորը փրկելու համար:
Հիշեցնենք, որ Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի նախագծով նախատեսվում է Ազատ գետի միջին հոսանքներից 820-:-1,020 մմ տրամագծով 27,685 մ երկարությամբ պողպատե խողովակաշարով գետի ջուր տանել Արարատի մարզի Այգեստան, Բերդիկ, Գետազատ, Դեղձուտ, Հնաբերդ, Մրգանուշ, Նարեկ, Ներքին Դվին, Նորաշեն, Վարդաշեն, Վերին Դվին, Քաղցրաշեն համայնքներ ոռոգման համար:
Ազատ գետը Ազատի կիրճի էկոհամակարգի ձեւավորման գլխավոր գործոնն է: Նախագծի ազդեցության գոտում է գտնվում Խոսրովի արգելոցը, Գառնիի ձորը, Քարերի սիմֆոնիան եւ այն համայնքները, որոնք օգտվում են Ազատ գետի եւ Ազատի ջրամբարի ջրերից: Ծրագրի իրականացման դեպքում մեծանում է Ազատ գետի չորանալու ռիսկը, Գառնիի ձորի անապատացման ռիսկը, տեղի հարուստ կենսաբազմազանության վերացման ռիսկը, Ազատի ջրամբարի չլցվելու ռիսկը: