Լրահոս
Օրվա լրահոսը

Հայի երազը. Անտիուտոպիա վարդագույն տոներով

Փետրվար 19,2015 17:30

Վիրավորական է, երբ քո երազանքներն իրականանում են ուրիշի մոտ:

Միխաիլ Ժվանեցկի

 Ողջ աշխարհը ներկայումս ամերիկացել է և շարժվում է դեպի առավել ամերիկացումը, թեև, թվում է, թե այլևս ավելի ամերիկանանալ հնարավոր չէ: Հագնում են ջինս, իրար ասում օքեյ, լսում ամերիկյան պոպ երաժշտություն, թափահարվում դրա տակ ամերիկյան ձևով և բլբլում անգլերեն (որպես ամերիկերեն): Գլոբալիզացիայի անմիտ դրսևորումներից մեկը: Իսկ եթե քաղաքակրթությունների մրցության մեջ հաղթեր մե՞րը: Կամ, քանի որ մենք հավերժական ենք, իսկ մնացած ամեն բան աշխարհում՝ ժամանակավոր, մարդկությունից միայն մենք մնայինք երկրի վրա:

Եվ ահա, պատկերացնենք, որ ոչ շատ հեռավոր ապագայում, կատարվել է այն, ինչը երազում են և ինչի համար ապրում ու պայքարում են ժամանակակից հայերը: Աշխարհը զարգացել է ճիշտ հունով, ոչ հայերը չեն դիմացել հավերժության փորձությանը և…

*           *           *

Աշխարհում ամենուրեք, Պեկինից մինչև Պուերտո Ռիկո և Մուրմանսկից մինչև Մելբուռն, բոլոր բնակավայրերի փողոցների անկյուններում պպզած են երիտասարդ և ոչ այնքան երիտասարդ տղամարդիկ: Զրուցում են «արա՛, ախպեր» թեմայի շրջանակներում: Շուրջը վխտում են աղջիկներ, որոնց մեր տղամարդիկ երբեմն ռեպլիկներ են գցում: Աղջիկները կայտառ պատասխանում են:

Ամենուրեք՝ քաղաքներում, ջունգլիներում և անապատներում տարածվում է ռաբիսի քաղցրահնչյուն ոռնոցը:

Ամբողջ աշխարհը խոսում է խոսակցական հայերեն, որը համընդհանուր գրական լեզուն է: Նրանով են ստեղծագործում աշխարհի գրողները, բանաստեղծները և այլն: Գրում են լատինատառ՝ kyanq, ari ste, aziz:

Աշխարհն ընդունել է ճիշտ հավատը՝ աշխարհով մեկ առաքելական են բոլորը, Հռոմի պապից մինչև Մեքքայի ամենահետին թափառաշրջիկը: Ստորև որոշ տեքստեր համաշխարհային «Հայլուր» գործակալության հաղորդումներից:

…Էսօր առավոտ ԱՄՆ նախագահ Վլադիմիր Կզողլյանը (Լոսի Վլո) իր նստավայրում ընդունել ա Նիկարագուայի հայտնի ավտարիծետ Ճպոյին (Գարեգին Սրվանձտյան): Բարեկամական զրույցի վախտ մի մոմենտ նախագահն իրան ճշտով չի պահե՝ Ճպոն մի հատ ճպցրել ա: Կզոն ռազբիրատի ա կանչել Անգլիայի վարչապետին, Ֆրանսիայի նախագահին ու մի շարք ավտարիծետների: Ներկա են եղել Կահիրեի Մնդոն, Քյավառ Սմոն, Շանհայի Մզոն և այլ պաշտոնական դեմքեր: Սխոդկեն սխալ ա հանել Ճպոյին, բայց Քյավառը աբառոտկեն վերցրել ա իր ձեռը ու կզցրել Վլոյին էլ, իրա տղերքին էլ: Հանդիպումը պրծել ա Վաշինգտոնի Երրորդ մասի Ճլոյի վետերոկում, բարիշելով:

Իսկ հմի, մեր բոլոր ժամանակների մեծ երգիչ, սիրո գերի քեյփթաունցի Գոճոյի հին հիթը՝ «Համփյուրներս ջեյրանիս»:

–                    Արա, դե չկա, էլի, Գոճոյի պեսը, չկա:

Հռոմի հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Շպո IV պապը (աշխարհիկ անունով՝ Գարսևան Շապիկյան) էս վերջերս խոսք էր գցել Մարիամ Մագթաղինացու ոչ հայ, կամ դաժե մագթաղինացի ըլնելու մասին: Տղերքը՝ Քյավառը, Վնգոն, Լչոն, ռազբիրատի կանչեցին Ռուսաստանի առաքելական միտրոպոլիտ Քոլոյին, Մեքքայի առաքելական իմամ Հովոյին, Հնդկաստանի առաքելական կրիշնայականների արքեպիսկոպոս Գսպոյին, Հոնկոնգի առաքելական պոգոդաների միավորման ավագ լեյտենանտ Արկադիկին: Ներկա էին նաև մի շարք հայտնի ավտարիծետներ՝ Մնդոն, Սնգոն, Մզոն և այլ պաշտոնական դեմքեր: Նիստի վերջում Մզոն հագավ մի հատ պապի աջ թշին, էս ձախ թուշը դեմ տվեց, Քյավառն էլ մի հատ ձախին հագավ: Հարցը լուծվեց: Ռազբիրատից հետո տղերքը գնացին Կոլիզեյի Ռոզի սաունան, պապի քարտուղարության նանարների հետ մի կտոր հաց ուտելու: Ծախսը փակեց Հռոմի պապի նոր ջիգյար-ախպերը, Վստրեչի Վզոն:

Իսկ հմի՝ մեր մեծերի խոսքը շարքից՝ լսենք հատվածներ Զիմբաբվեի սոխակի՝ Արիադուստր Մբոնգայի «Արիացիներն հայոց» պոեմից, նվիրված բոլորիս սիրելի ավտարիծետին, Պրագայի Կառլով Մոստի Լուսոյի կատարմամբ:

Արիացիներն Այրարատյան, այրող այրամբ այրնավառ,

Այռուծաձև այրուձիով արիական այրշավում էին Այր՝ Քյավառ:

–                    Արի, արի, իմ արիացի արիածին,

Արիատիրիր քո արիուհուն արիաբար…

Եվ արիապիրկ, արիազորեղ, արիահմուտ արիացին

Արիուհու հետ այռանձնացավ

Այրանալու Այրիվանքում այրածին…

Եվ հայրացավ արիաբեղուն արիացին

Մայրացնելով իր արիուհուն մաքրածին…

Եվ արիածնեց արիուհին Այր քարայրում մայրական,

Եվ այրն այրվեց Նոր-Այր մանկան արիաճիչով արիական…

Մբոնգացի Արին էր նա, արիաբազեն հայկածին,

Որ մբոնգեց չար չարաչար չարիացուն չարքածին…

Աշխարհը լսում է հին աստղերին՝ Գոճոյին, Զզվոյին, Կխկոյին ու նրանց գործի շարունակողներին՝ Ախկոյին, Բխկոյին ու Գխտոյին: Մոռացվել են Բախը, Բեթհովենն ու Շաինսկին, նրանց տեղը զբաղեցրել են ռաբիսի դասականները: Աշխարհի երաժշտանոցներում ուսումնասիրում և նմանակում են նրանց կատարումները, փնտրում ու հայտնաբերում են արդեն կորած ու մոռացված մի ժողովրդի՝ թուրքերի երաժշտությունն ու երգերը դրանք հազարամյա հայկական հռչակելու և դրանց վրա հայերեն բառեր հարմարեցնելու համար: Երբեմն պեղվում են արդեն եղած գոհարները՝ «Ես ապրում եմ անապատի խորքերում», «Յար ջան, ինձնից մի հեռացիր, սիրում եմ» և այլն: Այս ֆոնի վրա, երբեմն, դասական թուրքական մեղեդիների վրա գրվում են նոր երգ-հիմներ, ինչպես «Ծաղկիր, միլիարդամյա հայրենիք» կանտատը, ըստ Հավետ Վարսեղյանի անմահ պոեմի:

Աշխարհի բոլոր մայրաքաղաքներում գործում են հայագիտական ակադեմիաներ, բազմապրոֆիլ անձնակազմերով: Դրանք բոլորը մասնաճյուղերն են «Հայոց պատմության հնացման համաշխարհային ընկերակցության»:

…(Թարգմանություն գրական լեզվի) Դեռևս անցյալ տարի մենք սիրով նշում էինք հայ ազգի ծագման երեսունինըմիլիարդերորդ տարեդարձը, բայց այդ տվյալն արդեն հնացել է: Դուբլինի, Քաբուլի և Սեուլի հայագիտական ամբիոնների աշխատակիցներից բաղկացած ստեղծագործական հայահնացման միջճյուղային խմբի աշխատանքների ջանքերով արդեն այսօր պարզ է դառնում, որ հայ ժողովուրդը շատ ավելի հին է, քան ենթադրյալ երեսունինը միլիարդ տարին: Ինչպես նշում է խմբի ղեկավար Այրտավազդ Մամեդովը, հայության տարիքը առնվազն քառասուն մեկ միլիարդ տարի է: Խմբի աշխատանքները տպավորիչ են և պատկառելի: Միայն վերջին յոթ տարիների ընթացքում, ինչ գործում է խումբը, հայությունը հնացվել է ավելի քան տասնվեց միլիարդ տարով: Մինչ այդ, նման արդյունք ցույց էր տվել հայագետների անգոլա-հոլանդական դպրոցը, որը վեց տարում հայությունը կարողացել էր հնացնել ինը միլիարդ տարով: Բայց այդ ցուցանիշը, ինչպես տեսնում ենք, գերազանցվում է օր-օրի: Եվ իզուր չէ, որ նրանք, արդեն երկրորդ անգամ անընդմեջ, արժանանում են բարձրագույն՝ Քոբուլեթի ակադեմիայի Ճղոպուր-Ճոբելյան մրցանակին:

Հայ աստվածաբանների նոր դպրոցը անդուլ աշխատանքներ է իրականացնում տարբեր ուղղություններով: Արդեն վաղուց ապացուցված է, որ մարդն առաջացել է հայից: Ժամանակին նույնիսկ վեճ էր եղել՝ աստված է ստեղծել հային, թե հայն է ստեղծել աստծուն, բայց այն հարթվել էր Վիեննայի աստվածաբանական դպրոցի կողմից, որը վստահաբար ապացուցել էր երկրորդ դրույթի ճշմարտությունը: Տիեզերածնությունը ստացել է հետևյալ տեսքը՝ Հայն ի սկզբանե միայնակ էր. հետո նա ստեղծեց աստծուն, իսկ աստված ստեղծեց տիեզերքը և մարդուն: Իհարկե, հասկանալի է, որ հայը ցուցումներ էր տալիս, թե ինչը և ինչպես պիտի ստեղծվի:

Հասարակությունը երջանիկ է: Չկան պատերազմներ, կան միայն գզվռտոցներ, քուչի կռիվներ, որոնք վերջանում են սաունա-վետերոկներում, հաշտությամբ: Երկրների նախագահները և իշխանության մարմիններն ընտրվում են ավտարիծետների սխոդկայի՝ հեղինակությունների պարբերական հավաքների ժամանակ: Նախագահների, հատկապես մեծ երկրների նախագահների համար՝ բարձրագույն սխոդկա, ավելի փոքր մասշտաբի շեֆերի համար՝ առավել ցածր սխոդկաներ: Ընտրությունների ժամանակ բոլորին փող են բաժանում՝ հինգ հազարական դրամ: Մարդիկ ընտրությունների չեն գնում, այլ միայն փող են ստանում: Այդ օրերին երեկոյան մեծ տոնախմբություններ են լինում նորընտիր ղեկավարների պատվին, մարդիկ գնում են օբյեկտներ, ամենուրեք ավելի բարձր ու խրոխտ է հնչում ռաբիսը: Ըստ այդմ, ընտրությունները տոնական հիանալի միջոցառումներ են:

Ամենակարևոր համաշխարհային իրադարձությունը մի քանի տարին մեկ հավաքվող գերագույն սխոդկան է: Այդտեղ են ընտրվում նոր, ընտրության բարձրագույն իրավունքով անդամները, որոնց կարգավիճակն աշխարհում ավելի բարձր է քան փոքր ու մեծ երկրների նախագահներինն ու ղեկավարներինը: Այդ ընտրյալները կարող են նույնիսկ ժամկետից շուտ հեռացնել երկրների ղեկավարներին, երբեմն՝ չափալաղել նրանց և այլն:

Բոլոր տղաները օջախի տղերք են, կարգին ընտանիքի զավակներ: Աղջիկներ չեն ծնվում: Նրանք առաջ ստեղծվում էին տղաների կողոսկրերից, թեթև վիրահատական միջամտությամբ, իսկ հետագայում՝ տեխնիկայի զարգացմանը զուգահեռ, կտրած եղունգներից: Նրանք բոլորը դաստիարակվում են մանկատներում, որտեղից դուրս են գալիս որպես օջախի «հալալ կաթ կերած» կերպարներ, հնազանդ, նամուսով ու թասիբով, միանգամայն պատրաստ իրենց կենսաբանական պարտքը կատարելու համար: Կատարվել է տերտերների, կեսուր-կեսրարների ու փեսաների երազանքը՝ նրանք բոլորը կույս են լինում մինչև ամուսնությունը, և աշխարհից վերացել է զոքանչների ատելի դասը:

– Հնազա՞նդ ես, – հարցնում է տերտերը: Հնազանդ եմ, – երջանիկ պատասխանում է աղջիկը և հնազանդ գնում իր հնազանդական պարտքը կատարելու:

Կարմիր խնձորի արարողությունը վերածվել է համազգային տոնախմբության: Ամեն մի հարսանիքից հետո ողջ երկիրը պետք է ապահոված լինի բավարար քանակությամբ կարմիր խնձորներով և ուղեկցող երևույթներով՝ լափոցի և այլն: Խնձորը մատուցվում է ամենուր, պրոֆեսիոնալ պպզողներին՝ փողոցի անկյուններում, սիրող պպզողներին՝ տներում, հիվանդներին՝ հիվանդանոցներում, երեխաներին՝ մանկապարտեզներում և խորը հավատացյալներին՝ եկեղեցիներում: Խնձորի զանգվածային օգտագործումից մարդկանց առողջական մակարդակը շեշտակիորեն բարելավվել է: Արդյունաբերության և գյուղատնտեսության հիմնական ճյուղերից է կարմիր խնձորներ աճեցնելու և մշտական մատչելիությունը ապահովելու հասարակության սպասարկման կարևորագույն ոլորտը:

Հասկանալի է, որ կան նաև այլ տեսակի՝ արհեստածին աղջիկներ՝ «նանարներ», որոնց հետ գնում են սաունա, օբյեկտ և այլն: Սրանք ևս կույս են, լրիվ հալալ կաթ կերած և այլն, և այդ արարողությունները միանգամայն անմեղ են, միայն իրար պատմելու և գլուխ գովելու համար:

Մարդիկ քչացել են: Աշխարհի ամեն մի բնակչի, այսինքն՝ ամեն մի հայի, հասնում է մեկ հողամաս, իր առանձնատնով: Հայոց շինարար ոգին իր տարերքի մեջ է: Մարդիկ իրենք աշխատում են քիչ, տեխնիկան շատ է առաջ գնացել: Ամեն տղամարդ, փողոցի անկյուններում պպզելուց ազատ ժամանակ, զբաղված է իրեն բաժին հասած տունը նորագույն տեխնիկայով վերաձևելով ու վերափոխելով: Հիմնական ուշադրությունը հատկացվում է միջնորմների վերատեղադրման աշխատանքներին: Ամեն մի առանձնատանը կից կա մեկ առաքելական եկեղեցի, իր քահանայով և երգչախմբով: Կան նաև հասարակական եկեղեցիներ: Առավոտյան արթնանալով մարդիկ գնում են տնային եկեղեցի, մաքրագործվում, քահանային մուծվում ծեսի և եկեղեցու մշտական ընթացիկ ընդարձակման աշխատանքների ու «ռեմոնտի» համար, ապա գնում հասարակական եկեղեցի, այնտեղ համապատասխան մուծումներ կատարելու: Հետո՝ պպզելու:

Առանձնատնաշինության և եկեղեցաշինության տեմպերը մշտապես աճում են: Վերցվում են հին եկեղեցիների նախագծերը և դրանց հիման վրա կառուցում նորը: Նոր ոճերն ու ձևերն արգելվում են օրենքով: Սեփական ճաշակով «զարգացնել», «ծաղկեցնել» հինը, առավելագույնս «արդիականացնել» այն: Ահա շինարարի դևիզը: Վերջերս Բանգկոկում բացվեց աշխարհի ամենաբազմագմբեթ առաքելական եկեղեցին՝ հազար հարյուր տասնմեկ գմբեթներով, ամեն մեկի վրա հազար հարյուր տասնմեկական խաչ, ինչը խորհրդանշում է մեր՝ քրիստոնեություն ընդունելու տարեթիվը՝ Քրիստոսի ծնունդից հազար հարյուր տասմեկ հազարամյակ առաջ:

Բայց եկեղեցաշինությունը խամրում է գերեզմանաշինության մասշտաբների առջև: Միջին գերեզմանի վրա ծախսվող միջոցները վաղուց արդեն գերազանցել են Քեոփսի բուրգի համապատասխան ծավալները: Ճարտարապետական հզոր կազմակերպությունները զարգացնում են գերեզմանոցային ցանկապատերի կոնստրուկցիաները, նորարարական առաջարկներ անում գերեզմանաքարերի, խաչքարերի և ստորերկրյա ու վերերկրյա մահարձանների պատկերասրահների կառուցման ու նախշազարդման ուղղությամբ: Շաբաթական երկու օր՝ երկուշաբթին և հինգշաբթին հայտարարված են ոչ աշխատանքային մեռելոցներ, իսկ եկեղեցական տաղավար տոներից հետո գալիս են մեռելոցի միամսյակներ:

Ժողովրդի մեծագույն հաճույքն է ամենատարածված սպորտաձևի՝ նարդու մրցություններ հաճախելը և իրենց երկրի հավաքականին երկրպագելը: Խաղերն անցկացվում են մարզադաշտերում՝ խաղաքարերը մարդիկ են: Միավորները տրվում են խաղի մեջ խաբեության, «զառ բռնելու» վարպետության և գլուխ գովելու հռետորական արվեստի համար (դա հեռարձակվում է ողջ երկրով մեկ): Չեմպիոններն արժանանում են համազգային և համաշխարհային փառքի և սիրո:

Աշխարհի առաջատար թատրոնները և կինոարդյունաբերությունը զբաղված են «Հարազատ թշնամի», «Սիրո գերի», «Գեներալի դուստրը» և այլ դասական սերիալների ռեմեյքների արտադրությամբ: Սցենարիստների բրիգադները, պպզելուց ազատ ժամանակ, զբաղված են հին սերիալների սյուժեների ու կերպարների մշակմամբ՝ մեկ մի կերպար մի սյուժեից մյուսն է քոչում, մեկ մի սյուժե մի կերպարից մյուսին է անցնում: Երբեմն լինում են համարյա օրիգինալ սյուժեներ: Այսպես, Յարո-Կաննի վերջին փառատոնում գլխավոր մրցանակի արժանացավ «Թագուհին հայոց» կատակերգությունը, ըստ Հրաչ Քեշիշյանի «Սպանված աղավնին» դասական դրամայի, նվիրված Արատտայի հայկական կայսրության նոր գիտական վերաժամանակագրմանը՝ հարյուրհիսունմիլիոնամյակին:

Կանգ առ ակնթարթ, դու հրաշալի ես:

 

Արմեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

 Նկարը՝ Վահրամ Բաղդասարյանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728