azatamart.am. «2008-ի մարտի 1-ից հետո պայքարի դուրս եկած յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի հստակ գիտի, թե իրեն ինչ է սպասվում գործող համակարգի շարունակվելու դեպքում»,-հայտարարեց «Ազատամարտիկների դաշինքի» համակարգող խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանը՝ այսօր տեղի ունեցած ԱԴ վարչության նիստում:
Ռազմիկ Պետրոսյանը նշեց, որ փետրվարի 20-ի հանրահավաքը քաղաքական ուժերը չեղյալ են հայտարարել ժողովրդին առճակատման չտանելու նպատակով: Ազատամարտիկը, խոսելով ԲՀԿ կուսակցության անդամների նկատմամբ իշխանության գործադրած հետապնդումների մասին, ասաց, որ իշխանությունների քայլերն ուղղված էին փետրվարի 20-ին կայանալիք հանրահավաքը կանխելուն: Իսկ ինչ վերաբերում է մարտի 1-ի արտոնված հանրահավաքին, Պետրոսյանը նկատեց, որ մարտի 1-ը հիշատակի օր է. «Մի օր, երբ յոթ տարի առաջ զոհվեցին ՀՀ տասը քաղաքացիներ, եւ այդ օրը ժողովուրդը պատրաստ է գալ ու մասնակցել հանրահավաքի»:
ԱԴ վարչության ընդլայնված նիստում քննարկվեցին նաեւ դաշինքի դիրքորոշումները՝ ներքաղաքական առկա իրավիճակի վերաբերյալ եւ նախապատրաստական աշխատանքները՝ առաջիկա հանրահավաքից առաջ: Ազատամարտիկ Սամվել Հովսեփյանը նշեց, որ չպետք է տրվել սադրանքների, քանի որ կարող են ստեղծվել ֆորս-մաժորային իրավիճակներ: Հովսեփյանը կոչ արեց զերծ մնալ իշխանության որեւէ ներկայացուցչի անձնական վիրավորանքներ հասցնելուց:
Ազատամարտիկների դաշինքի վարչության նիստում հայտարարվեց, որ մարտի 1-ին ձեւավորվելու է նոր քաղաքական ձեւաչափ: Վարչության բոլոր անդամները համակարծիք էին, որ մարտի 1-ին տեղի է ունենալու հուժկու հանրահավաք: