Այն գործատուները, ովքեր ունեն մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող` կուտակային բաղադրիչի մասնակից հանդիսացող աշխատողներ, մինչև փետրվարի 20-ը պետք է հունվար ամսվա համար 3000 դրամ սոցիալական վճար փոխանցեն գանձապետական կամուրջ հաշվին:
Ինչպես հայտնի է, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից մեկը վերաբերում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց համար ամսական 8000 դրամ կուտակային հատկացում կատարելու պահանջին։ Ընդ որում՝ 3000 դրամը կատարում է գործատուն, իսկ 5000 դրամը մասնակցի օգտին փոխանցվում է պետական բյուջեից։
Այս դրույթը ուժի մեջ է մտել 2015 թվականից, և արդեն հունվար ամսից սկսած՝ հատկացումները պետք է կատարվեն սոցիալական վճարի և եկամտային հարկի հաշվարկման և փոխանցման համար սահմանված ժամկետներում՝ մինչև հաջորդ ամսվա 20-ը։
Անձանվորված հաշվետվությունների համակարգում հաշվարկի մեջ համապատասխան դաշտը հասանելի կլինի մարտ ամսին, ուստի, այս ամիս տույժերից խուսափելու նպատակով, կոչ ենք անում գործատուներին` կատարել փոխանցումը, իսկ հաշվարկի ձևում համապատասխան դաշտի հայտնվելուց հետո` ներկայացնել ճշտված հաշվետվություններ:
Պարզաբանումների համար քաղաքացիները կարող են դիմել 114 անվճար թեժ գծին:
ԿՀԻԿ հիմնադրամ,
Մամուլի հաղորդագրություն