Այսօր կառավարության նիստից հետո կրթության եւ գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների քաղաքական հարցերին: Նա ամեն կերպ փորձում էր «փախչել» լրագրողներից, սակայն վերջիններս նրան շղթայի մեջ առան ու սկսեցին հարցեր տալ: Նշենք, որ պարոն Աշոտյանն, ի տարբերություն այլ հանրապետական նախարարների, միշտ պատրաստակամ պատասխանել է բոլոր տեսակի հարցերին:
Այս անգամ չպատասխանելու պատճառն ակնհայտ էր, ՀՀԿ-ԲՀԿ «հակամարտությամբ» պայմանավորված, ՀՀԿ փոխնախագահը հրաժարվեց խոսել քաղաքականությունից:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս իր հայտնի ելույթում մի շարք մեղադրանքներ է հնչեցրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հասցեին, որից հետո Արմեն Աշոտյանը «Ռ-էվոլյուցիա» հաղորդման ժամանակ շատ ակտիվ, կոշտ քննադատության էր ենթարկել Ծառուկյանին: Այդ քննադատությունից կարժ ժամանակ անց, Սերժ Սարգսյանն ու Ծառուկյանը բանակցել են, ու այսպես ասած` «հրադադար» կնքել: Ուստիեւ, Աշոտյանն այսօր խուսափեց խոսել այդ թեմայով: «Տգիտությունն ավարտվե՞ց»,-լրագրողների այս հարցին, պարոն Աշոտյանը նույնպես հրաժարվեց պատասխանել:
Հարցին էլ, որ լրատվամիջոցներից մեկում տեղեկություն կար, որ Աշոտյանին ոստիկանությունը թիկնապահներ է առաջարկել, ինչից ինքը հրաժարվել է, այս դիտարկմանը նախարարն ասաց. «Ես ձեր նման պահապաններ ունեմ, հետեւաբար ոչնչից չեմ վախենում»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ