Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը միմյանց գիրք նվիրելն ավանդույթ է դարձել

Փետրվար 19,2015 16:01

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Բացելով նիստը, վարչապետն ասել է, որ արդեն մի քանի տարի է, ինչ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանում դարձել է գիրք նվիրելու օր: Հովիկ Աբրահամյանը նիստի մասնակիցներին նվիրել է Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպը և կարևոր համարել, որպեսզի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին նրանք ժամանակ գտնեն և ընթերցեն այն:

ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ մշակույթի նախարարության Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին ամրացված իննսունինը թանգարանային առարկաները հետ վերցնել և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին: Խոսքը վերաբերում է պոլսահայ բանասեր, գրող Թորոս Ազատյանի հավաքածուի օսմաներեն, թուրքերեն, պարսկերեն և արաբերեն մի շարք ձեռագրերին, ինչպես նաև հայ միջնադարյան բժշկագիտությանն առնչվող 18-19-րդ դարերում կատարված ընդօրինակություններին և ձեռագիր բառարաններին, որոնք տարիներ շարունակ դուրս են մնացել գիտական շրջանառությունից: Հավաքածուի մի մասը վատ վիճակում է և անհապաղ վերականգնման կարիք ունի, ինչը կարելի է անել միջնադարյան ձեռագրերի պահպանության և վերականգնման լիարժեք պայմաններ ունեցող Մատենադարանում: Ավելի վաղ Թորոս Ազատյանի հավաքածուի հայկական ձեռագրերը փոխանցվել են Մատենադարան, որտեղ հնարավոր է ցուցանմուշների պատշաճ պահպանությունը, ուսումնասիրությունն ու հանրահռչակումը:

Կվերադարձվեն  հիպոթեքային վարկերի վճարված տոկոսագումարները

Կառավարությունը հաստատել է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը: Վարչապետի դիտարկմամբ, այս խնդիրը բազմիցս քննարկվել է, և ընդունված որոշումը լուրջ քայլ է: Նրա խոսքով՝ կառավարությունը նաև բեռ է վերցնում բյուջեի վրա և նպաստում, որպեսզի քաղաքացիները կարողանան   օգտվել հիպոթեքից և ձեռք բերել բնակարան:

Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում  կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով սահմանել է, որ դրամի և ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքի 5 տոկոս և ավելի աճելու (հայկական դրամի արժեզրկման) դեպքում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը վերանայվելու է, այսինքն՝ հարկերը հաշվարկվելու են ըստ նոր գների: Մեկ այլ որոշման փոփոխությամբ կրեդիտորական պարտքը կետանցված դառնալու 366-րդ օրվանից համարվում է անհուսալի, բացառությամբ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերի: Գործադիրը որոշել է ՀՀ 2015թ. պետբյուջեով «Ավելացված արժեքի վերադարձ» ծախսային ծրագրի գծով նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով 4.57 մլրդ դրամ ս.թ. չորրորդ եռամսյակից տեղաշարժել ս.թ. առաջին եռամսյակ (անփոփոխ թողնելով այդ ծրագրի գծով հատկացումների տարեկան գումարը): Այսպիսով, կապահովվի առաջին եռամսյակում ԱԱՀ վերադարձը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է վերը նշված որոշումները՝ շեշտելով, որ դրանք ընդունվել են հանգամանալից քննարկման արդյունքում:

Կառավարությունը սահմանել է, որ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի ռեեստրը վարող լիազոր մարմինը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն է: Այն հարկային մարմնին տեղեկություն է տրամադրում էլեկտրոնային եղանակով, համապատասխան համակարգչային ցանցով, վեբ ծառայությունների միջոցով:

Կառավարությունը հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» և հարակից ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:

Նախագծերով առաջարկվող կարգավորումները առնչվում են առևտրական առուվաճառքի գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների ձեռքբերումների փաստաթղթավորմանը: Փաթեթը քննարկվել է բավական երկար, խնդրի կարգավորման և հանգուցալուծման նպատակով կան մի քանի մոտեցումներ, այդ թվում նաև խորհրդարանական ուժերի կողմից: Անհրաժեշտ է քննարկել նաև փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների և հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունները: Միայն դրանից հետո, համաձայն վարչապետի հանձնարարության, օրինագծերի փաթեթը պետք է անհետաձգելի համարել և ներկայացնել ՀՀ Ազգային ժողով:

Կհստակեցվի կտակի վերացման հետ կապված հարաբերությունը

ՀՀ կառավարությունը քննարկել է «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր  Էդմոն Մարուքյանը: Նա առաջարկել է օրենքի այնպիսի փոփոխություն, որ կտակի վերացումը նոտարի կողմից վավերացվի գործարքի վավերացման կարգով, ինչը համահունչ է  օրենքի դրույթներին: Գործադիրը պատգամավորին առաջարկել է նշված հարցը դիտարկել կառավարության կողմից մշակվող օրենսդրական փոփոխության նախագծի շրջանակում: Օրինագծի նախագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն հանձնարարել է օրենքի հաջորդ փոփոխությունները ներկայացնելու դեպքում նվազեցնել նոտարական ծառայության վճարը:

Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնք միտված են բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամտի ու փոխկապակցված անձանց հայտարարագրերի հրապարակայնության և մատչելիության ապահովմանը: Հաջորդ որոշմամբ հաստատվել է բարձրաստիճան պաշտոնական անձանց էթիկայի հանձնաժողովին պետական կառավարման առանձին մարմինների մշակած անհատական տվյալների տեղեկատվական բազաներից տվյալների տրամադրման կարգը: Հանձնաժողովը հնարավորություն կունենա վերլուծել էլեկտրոնային առցանց եղանակով ստացված հայտարարագրերը: Բացի այդ, 10-15 օրով կկրճատվի համապատասխան գերատեսչություններից պահանջվող տեղեկության ստացման ժամկետը:

ՀՀ կառավարությունը ստեղծել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, հաստատել խորհրդի կազմը, սահմանել, որ խորհրդին կից ստեղծվում է անկախ փորձագետներից կազմված մշտապես գործող փորձագիտական հանձնախումբ: Նիստում հաստատվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի, Փորձագիտական հանձնախմբի և ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը:

Կառավարության որոշմամբ արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերած նշանակալի արդյունքների համար ՀՀ կառավարության 2014թ. մրցանակ է շնորհվել Երևանի կոնյակի գործարանին, Մեղրու ճանապարհաշինական ձեռնարկությանը, Սուրբ Գր. Լուսավորիչ բժշկական կենտրոնին, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին, «Դիլիջան» հանքային ջրերի գործարանին և «Գյումրու գարեջուր» ՍՊԸ-ին:

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր 2013թ. նոյեմբերի 21-ի «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ գույքի առուվաճառքի պայմանագրին հավանություն տալու մասին» որոշման մեջ և հավանություն տվել բարեփոխված և կողմերի իրավահարաբերություններն առավել հավասարակշռված եղանակով կարգավորելու նպատակով էապես լրամշակված պայմանագրին: ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը լիազորություն է ստացել կառավարության անունից ստորագրել նշված փաստաթուղթը:

Նիստում հավանություն է տրվել Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցին, որը մշակված է Եվրոպայի խորհրդի սահմանած ձևաչափին և ժամանակացույցին համապատասխան, ներառում է 2010-2013թթ. ժամանակահատվածի տեղեկատվությունը:

 2015թ. կավելանա սուբսիդավորման ծավալը

ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծավալի ավելացում: ՀՀ 2015թ. պետբյուջեով գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող  վարկերի սուբսիդավորման նպատակով հատկացվել է ավելի քանի 290 մլն դրամով ավելի գումար, քան նախորդ տարի, ինչը հնարավորություն է տալիս  տարբերակված 4 և 6 տոկոսի փոխարեն երկրի բոլոր համայնքների համար կիրառել վարկերի տոկոսադրույքների 6 տոկոսային կետի սուբսիդավորում: Տնտեսվարողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու կառավարության որդեգրած քաղաքականության իրագործման գործիքներից մեկը գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվող պետական աջակցության ծավալի ավելացումն է, այդ թվում՝ տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ավելացումը:

Կառավարությունը հավանություն է տվել հատուկ կացության կարգավիճակ ստանալու դիմումի քննարկման կարգը և ժամկետները, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը հաստատելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին՝ դրանով իսկ սահմանափակելով դիմումի քննարկման ընթացքում լիազորությունների հնարավոր սահմանազանցումը և կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև ապահովելով ՀՀ-ում հատուկ կարգավիճակ հայցող անձանց իրավունքների անխոչընդոտ իրացումը:

Կառավարությունը հավանություն է տվել «Հայփոստ» ՓԲԸ «Հայփոստ հյուսիս» հանրապետական փոստային հանգույցի ստեղծման ներդրումային ծրագրին: Նախատեսվում է նոր խոշոր փոստային կապի հանգույց հիմնել Սպիտակ քաղաքում: Այն ապահովված կլինի տեսակավորման, ընդհանուր գրասենյակային և մեքենաների կառավարման տարածքներով: Ծրագրով նախատեսվում է նաև Սպիտակում կառուցել երկու նոր փոստային բաժանմունք: Ամբողջ ծրագրի համար ներդրվելու է մոտավորապես 500 մլն դրամ: Հաջորդ որոշմամբ գործադիրը համաձայնություն է տվել, որպեսզի ծրագրի համար անհրաժեշտ քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի ձևով օտարվեն «Հայփոստ» ՓԲԸ-ին:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728