Լրահոս
Օրվա լրահոսը

Հ/Կ ներկայացուցիչներն առաջարկում են. Azdarar.am-ում հրապարակելու պահանջը պետք է վերաբերվի միայն պետական բյուջեից ֆինանսավորվող Հ/Կ-ներին

Փետրվար 19,2015 15:58

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռոբերտ Ռեւազյանը «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկման ընթացքում ասաց, որ կարեւոր դրույթներից մեկն այն է, որ նոր օրենքով հասարակական կազմակերպություններին իրավունք է տրվում դիմել դատարաններ եւ վիճարկել պետական տեղական ինքնակառավարման մարմինների կայացված որոշումները:

Անդրադառնալով մտահոգություններին՝ նա նշեց, որ օրենքով սահմանվել է, որ հասարակական կազմակերպությունը յուրաքանչյուր տարի Azdarar.am հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում պետք է հրապարակի այնպիսի տվյալներ, ինչպիսիք են տարեկան մուտքերի ընդհանուր գումարը, ստացման աղբյուրը, իրականացվող ծրագրերի անվանումները, վայրերը, անդամների, կամավորների թիվը. «Խնդիրը կայանում է նրանում, որ եթե մինչեւ մայիսի 30-ը հասարակական կազմակերպությունը չի տրամադրում այդ տեղեկությունները, ապա նախարարությունը կարող է վարչական գործընթաց սկսել: Սակայն եթե նախատեսվում է պարտավորություն, ենթադրվում է, որ ինչ-որ մի ժամանակ կսահմանվի նաեւ պատասխանատվություն՝ պարտավորություն չկատարելու համար: Հարց է առաջանում՝ ի՞նչ կլինի, եթե կազմակերպությունը չներկայացնի իր կամավորների թիվը, վարույթ է հարուցվելու, կազմակերպությունը ինչ-որ պատժի է ենթարկվելո՞ւ, կարծում եմ՝ դա անընդունելի պետք է լինի»:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը եւս անդրադարձավ Azdarar.am հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքին. «Մենք արել ենք առաջարկություն, որ եթե կազմակերպությունն ունի պաշտոնական կայք, ապա ղեկավար մարմինների, աշխատողների անուն-ազգանունները, կազմակերպություններից ստացված նրանց միջոցները, կամավորների թիվը մենք համաձայն ենք, բայց կամավորների կողմից հասարակական կազմակերպություններից ստացված միջոցները, որոնք կարող են մասնավոր կյանքի գաղտնիք համարվել, չհրապարակել: Այսինքն՝ այն տեղեկությունը, որը մենք ընդունելի ենք համարում, որը մինչեւ հիմա Հ/Կ-ները հրապարակել են իրենց նախաձեռնությամբ իրենց կայքերում, պետք է հրապարակեն իրենց պաշտոնական կայքերում, իսկ Azdarar.am-ում հրապարակելու պահանջը վերաբերվի միայն պետական կամ համայնքային բյուջեից ֆինանսավորվող Հ/Կ-ներին, որովհետեւ այստեղ կա հանրային միջոցների վերահսկման գործոնը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728