Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կառավարությունը պարտավոր է քաղաքական կամք դրսեւորել» (Տեսանյութ)

Փետրվար 19,2015 15:38

Այսօր կառավարության նիստին հավանություն տրվեց արդարադատության նախարարության առաջարկած նախագիծը` կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ եւ փորձագիտական հանձնախումբ ստեղծելու մասին:

Նիստից հետո լրագրողները արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին մի քանի հարց ուղղեցին: Մինչ հարցերին պատասխանելը, նախարարն, այսօր` գիրք նվիրելու օրվա առիթով լրագրողներին գրքեր նվիրեց. նա վստահեցրեց, որ նախապես է պատրաստված` գրքերի խրձով է եկել կառավարություն եւ հատուկ լրագրողների համար է գրքեր բերել: Հարցին` որքա՞ն գումար է բյուջեից ծախսվել այդ նվերների համար, նախարարը վստահեցրեց, որ իր անձնական բյուջեից է գնել նվեր-գրքերը:

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի հանձնախմբին, լրագրողները հետաքրքրվեցին` նախկինո՞ւմ էլ էր նմանատիպ կառույցներ ստեղծվել, սակայն, արդյունքները չերեւացին, նախկինից ինչո՞վ է տարբերվելու նոր հանձնախումբը, պարոն Մանուկյանը տեղեկացրեց, փորձել են խորհրդի կազմն ավելի ներկայացուցչական դարձնել եւ քաղաքացիական հասարակության, ինչպես նաեւ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորների ներկայությունն ապահովել այդտեղ. «Նաեւ փորձել ենք այս հանձնաժողովի գործունեության մեխանիզմներն ավելի արդյունավետ, ճկուն դարձնել եւ հնարավորություն տալ հարցերն ավելի պատրաստված ներկայացնել: Հանձնախումբը պետք է գործի, որպեսզի խորհուրդը կարողանա ճիշտ վերլուծություններ կատարել եւ համապատասխան որոշումներ ընդունել, որոնք հետագայում պետք է ռեալիզացվեն համապատասխան իրավական ակտերի տեսքով, մասնավորապես, վարչապետի եւ կառավարության որոշումների տեսքով»:

Այս հանձնաժողովը խոշորներին գլխից բռնելո՞ւ է, լրագրողների այս հարցին էլ, պարոն Մանուկյանն ասաց, որ պայքարը պետք է ավելի արդյունավետ ու ակտիվ իրականացվի. «Իսկ դրա համար, բացի ինստիտուցիոնալ լուծումներից, քաղաքական կամք է անհրաժեշտ: Եթե քաղաքական կամք չլինի, առաջընթաց չի լինի»:

Իսկ նախկինում այդ կամքը չի՞ եղել, այս հարցին էլ նախարարն այսպես պատասխանեց. «Եթե ձեր հարցի ենթատեքստը սա էր, ապա, այո, քաղաքական կամքը կարեւոր է ցանկացած ինստիտուցիոնալ լուծումը իրագործելի դարձնելու համար»:

Ի՞նչ փոխվեց կառավարությունում, որ որոշվեց քաղաքական կամք դրսեւորել կոռուպցիայի դեմ պայքարելու համար, այս հարցին էլ նախարարն ասաց, որ այնպես չէ, որ կառավարությունը հավաքվեց ու որոշում կայացվեց, որ կա քաղաքական կամք. «Այնուամենայնիվ, կառավարությունը եւ նրա առանձին անդամներն ունեն քաղաքական պատասխանատվություն այդ ուղղությամբ, որն ինչ-որ ձեւով վաղն արտահայտվելու է, եւ մենք պետք է վաղը հանրությանը պատասխան տանք: Մասնավորապես, ես եւ ընդհանուր կառավարությունը պարտավոր ենք քաղաքական կամք դրսեւորել, այդ պատճառով այս գործողություններն իրականացնում ենք: Թե ինչ արդյունք սա կունենա, ես հույս ունեմ, որ ինչ-որ բան հնարավոր կլինի տեղից շարժել»:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե, ըստ նախարարի, ո՞ր ոլորտներն են ավելի կոռումպացված, ասենք` արդարադատության նախարարությո՞ւնը, պարոն Մանուկյանն ասաց, որ նման վերլուծություններ չունեն, թե որ ոլորտում է ավելի շատ, քանի որ կոռուպցիոն հանցագործությունները եւ կոռուպցիոն երեւույթները մեծ լատենտայնություն ունեն, իրականում նման վերլուծությունները շատ սուբյեկտիվ են եւ շատ գնահատողական: Նախարարի խոսքերով` այդպիսի վերլուծությունները փորձագետների աշխատանքն է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728