Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» մենակ է մնացել Ազատության հրապարակում. հավանաբար կլքի եռյակը

Փետրվար 19,2015 15:20

«Երեկվա իրադարձություններից հետո «Ժառանգությունն» ինքը պետք է նախ հասկանա, թե ինչ է կատարվում»,-Aravot.am-ի հարցին` հավանական համարո՞ւմ է «Ժառանգության»` եռյակը լքելու մասին որոշումը, այսպես պատասխանեց Միջազգային եւ անվտանգության հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը:

Նա հիշեցրեց, որ չեն գործում եռյակում եղած պայմանավորվածությունները`օրինակ` հանրահավաքի կազմակերպման հարցում, երբ ԲՀԿ-ն կարող է միանձնյա որոշում կայացնել:

Ըստ Պարոն Սաֆարյանի` պահը վճռորոշ է. «Եռյակի երեք ուժերի ներսում որոշումների կայացման մեխանիզմները հստակեցված չեն ու երբեք էլ չեն եղել, և նման վճռորոշ իրավիճակը կարող է ցույց տալ ողջ արատները: Ի վերջո, հասկանալի չէ, թե ինչ կարող է անել մի ուժը, որը չկարողացավ ընդհանուր օրակարգ ձևավորել: Թվում էր, թե այդ օրակարգի ձևավորումը շատ մոտ է, այդ պատճառով էլ հայտարարվեց փետրվարի 20-ի հանրահավաքը, և եթե հրավերը նայենք, ապա երեք ուժեր իշխանափոխության խնդիր էին դրել`երկուսի տեքստերը գիտեինք վաղուց` «Ժառանգությանը» և ՀԱԿ-ինը, ԲՀԿ-ն տակավին վերջերս դրեց իր տեքստը. հետևաբար հրավերը հետևյալն էր եթե ժողովուրդը համաձայնություն տա այս երեքի օրակարգին, ապա անցնել գործողությունների»:

Պարոն Սաֆարյանի դիտարկմամբ` տեսանելի է, որ «Ժառանգության» համար այլևս չկա այդ իրավիճակը, որը կար ԲՀԿ տեքստից հետո, նաև չկա ընդհանուր օրակարգը: Հետևաբար դժվար է կանխատեսել, թե ինչ կանի վաղը «Ժառանգությունը»: Այս առիթով Ստեփան Սաֆարյանը նկատեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը չի էլ ասել, որ գնում է հանրահավաքի, նա հայտարարել է, որ գնում է բաց ասուլիս անելու: Խնդիրը վաղվա Ազատության հրապարակը չէ, այլ այն, թե «Ժառանգությունն» ինչ անի և ուր գնա»:

Մեր այն դիտարկմանը` ներքաղաքական դաշտում խաղացող ուժերն ամեն մեկն իր հերթին համախմբվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ` Լևոն Տեր-Պետրոսյանի նամակը Սերժ Սարգսյանին, Գագիկ Ծառուկյանի` Սերժ Սարգսյանի հետ հաշտեցման գնալը, կարծես թե խաղից դուրս վիճակում մնացել է Րաֆֆի Հովհաննիսյանը, պարոն Սաֆարյանն արձագանքեց. «Այո, այդպես է. ՀԱԿ-ն էլ ինչ-որ թեմա հրապարակ մղեց իշխանության հետ իր հարաբերությունները լեգիտիմացնելու կտրվածքով: Լևոն Տեր-Պետրոսյանի ասած պայմանավորվածություններն արդեն բավական են.ԲՀԿ-ականների նկատմամբ չկան հետապնդումներ, ուստի Տեր-Պետրոսյանին ոչինչ չի խանգարում Սերժ Սարգսյանի հետ նստել դեմ առ դեմ ու խոսել Հայոց ցեղասպանության խնդիրներից: Նրա համար խոչընդոտ չկա, քան երկխոսություն սկսել իշխանությունների հետ: Հակառակը, Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ժառանգության» պարագայում կան խոչընդոտներ, և մինչև վերջերս էլ «Ժառանգությունը» դրեց իշխանությունից Սերժ Սարգսյանի հեռանալու խնդիր և նման հայտարարությունից հետո դժվար թե նա կարողանա նույն ձևով որևէ երկխոսություն տանել: Ուստի «Ժառանգությունը» մնացել է միայնակ Ազատության հրապարակում»:

Հարցին` ներքաղաքական այս զարգացումներում տեսնո՞ւմ է Սերժ Սարգսյանի` որպես բեմադրիչ մասնակցությունը, պարոն Սաֆարյանն այսպես պատասխանեց. «Միշտ ես օգտագործել եմ ոչ թե փոխպայմանավորված, այլ հաշվարկված բառը: Կոնֆլիկտն իր բոլոր հետևանքներով միանգամայն հաշվարկված էր իշխանությունների համար: Սերժ Սարգսյանը գիտեր` որքան հեռու կարող է վազել Գագիկ Ծառուկյանը և որքան խոցելի է նա, ինչ հեռավորության վրա նրան բռնել: Հետևաբար` իշխանության համար չափազանց կանխատեսելի է եղել ԲՀԿ վարքագիծը: Միգուցե ԲՀԿ-ն չի պատկերացրել, որ իշխանությունը կարող է մի կողմ դնել իր բոլոր դիմակները և բռնել ԲՀԿ-ի վզից: Այս կտրվածքով նկատելի է, որ ԲՀԿ-ն բարկացրել է ՀՀԿ-ին, բայց ՀՀԿ-ի համար խաղը չափազանց կանխատեսելի էր ի տարբերություն նախորդների, որոնք իշխանության դեմ ձեռնոց էին նետում: Նրանցից ամենախոցելին ու կանխատեսելին Գագիկ Ծառուկյանն էր, իշխանության համար խնդիր չի եղել նրան շրջանակների մեջ պահելու առումով: Ուստի սա չափազանց հաշվարկված խաղ էր»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728