Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Խաչատրյան. «Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալը նշանակում է հետընթաց եւ կորուստներ»

Փետրվար 19,2015 15:16

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությանը եւ դրա հետեւանքներին՝ նշեց, որ շատ հանգիստ է վերաբերվում ամեն ինչին. «Կարծում եմ մեր հանրությունը եւս պիտի հանգիստ վերաբերվի, ամեն ինչ ծանր չտանի: Քաղաքականությունը շատ հետաքրքիր շրջադարձեր է ունենում: Պետք է հասկանալ , որ մեր քաղաքական գործիչները ժողովրդավարական դաշտում են գործում, քաղաքական գործիչները պիտի հաշվետու լինեն իրենց գործողությունների համար»:

ՀՀԿ խորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանի դեմ հնչեցրած Սերժ Սարգսյանի ելույթին, ըստ բանախոսի, պետք է վերաբերվել շատ լուրջ. «Հատկապես այն մասին, որ փողը քաղաքական պրոցեսի մասնակիցների համար պետք է որոշիչ չլինի»: Իսկ Գագիկ Ծառուկյանի ելույթը նա հրաժարվեց մեկնաբանել:

Նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն էլ տեսակետ հայտնեց, որ հաշվի առնելով այն, որ ալիք եղավ հասարակության մեջ, կարելի է ենթադրել, որ երկրի ներքին քաղաքական իրավիճակի նկատմամբ սպառնալիք կա . «Ներքին այս բոլոր հակասությունները իրավիճակը դարձնում են վտանգավոր»: Ըստ պրն Խաչատրյանի՝ ներքաղաքական վերջին իրադարձություններին հանգուցալուծում չի կարող լինել, եթե վերջին փուլը՝ դեմ առ դեմ զանգվածային առճակատումը, տեղի չի ունեցել:

«Եթե առճակատումը շարունակություն չունենա , ապա ապագայում կլինի նույնպիսի իրավիճակ»,- մանրամասնեց Վարդան Խաչատրյանը եւ հավելեց, որ եթե պայքարը շարունակություն չունեցավ, նշանակում է՝ փակ գործընթացը խոսքերով չի լիցքաթափվելու:

Վարդան Խաչատրյանը նշում է, որ եթե ինքը ԲՀԿ-ի տեղը լիներ, բացահայտ ակտիվություն չէր ցուցաբերի. «Առաջին հերթին այն պատճառով, որ տարբեր հաշվարկներ չէին համապատասխանում իրականությանը»: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից դուրս գալուն՝ բանախոսը նշեց, որ  Ծառուկյանը քաղաքականությունից չի կարող դուրս գալ, քաղաքականությունը կապվել է մնացած ամեն ինչի հետ եւ նրա՝ քաղաքականությունից դուրս գալը նշանակում է հետընթաց եւ կորուստներ՝ ֆինանսական, տնտեսական կորուստների եւ դաշնակիցների առումով»։

Ասուլիսին բանախոսները նաեւ անդրադարձան Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ-ից ետ կանչելու որոշմանը: Վարդան Խաչատրյանը նկատեց, որ ինքը վաղուց էր հայտարարում, թե պետք է պարտադիր դուրս գալ այդ գործընթացից։ Ըստ բանախոսի՝ կա մի մեծ վտանգ, երբ մի կողմից Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, մյուս կողմից էլ հայ-թուրքական խնդիրները կարգավորման գործընթացում են, ապա դրանք կարող են սպառնալիք հանդիսանալ արտաքին հարաբերությունների դաշտում. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը իր տակ երկրորդացնում է ղարաբաղյան խնդիրը, ես ողջունում եմ, որ դրանք ետ են կանչված»:

Պրն Խաչատրյանը մտահոգիչ բան է տեսնում. «Արդյոք Հայաստանը պատրա՞ստ է բաց եւ լիարժեք սահման ունենալ Թուրքիայի հետ, երբ Թուրքիան այն պետությունն է, որ իրականացրել է հակահայկական քաղաքականություն: Ես համարում են, որ կարեւոր է Հայաստանի համար այն կարգավիճակին հասնելը, որ մենք վստահ լինենք, որ թուրքական հնարավորությունների մուտքը Հայաստան չի աղավաղի մեր երկիրը ներսից»:

Լեւոն Մարտիրոսյանն էլ տեսակետ հայտնեց, որ ինքը ի սկզբանե շատ կողմ է եղել այդ արձանագրություններին. «Նույնիսկ եթե դրանք չվավերացվեցին, ես դրանք մեր պետության հաջողությունն եմ համարում, մենք ցույց տվեցինք, որ մենք ի վիճակի ենք այդ գործընթացը նախաձեռնելու: Հարյուրամյակի նախօրյակին, երբ որեւէ քայլ չարվեց Թուրքիայի կողմից, այլ բան, քան ետ կանչելը նախագահը չէր կարող անել»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728