Գյումրիում սպանված Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանին հարցրինք, թե իրեն ե՞րբ հնարավորություն կընձեռվի հանդիպել Վալերի Պերմյակովի հետ: Նա ասաց. «Ամենահավանական հնարավորությունը դա դատաքննությունն է, դրան մասնակցելու ժամանակ: Իսկ թե ընթացիկ գործողությունների ժամանակ ի՞նչ հնարավորություններ կստեղծվեն, տեսականորեն նման հնարավորություն կա, ժամանակը ցույց կտա»:
Նրան հարցրինք այդ սպանդի դրդապատճառի մասին: Երեմ Սարգսյանը հայտնեց. «Կոնկրետ այս պահին միանշանակ որեւէ տարբերակ չունենք, կան վարկածներ, որոնք մենք միջնորդում ենք նախաքննական մարմնին, տարբեր գործողություններ միջնորդելով՝ պարտադրում, որ այդ վարկածները ստուգման ենթարկեն, դեռեւս կոնկրետ հստակեցված որեւէ պատճառ չկա»:
Ե. Սարգսյանն ասաց, որ անձամբ զննել է դեպքի վայրը, Պերմյակովի հայտնաբերման վայրը, սահման է գնացել, ռազմաբազա- դեպքի վայր եւ դեպքի վայր-Բայանդուր գյուղ երթուղիները մանրակրկիտ զննել է, դրանց հետ կապված կոնկրետ գնահատականներ, վարկածներ կան, որոնց վերաբերյալ ինքը դեռեւս նախաքննության փուլում միջնորդություններով հանդես կա:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ