Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ հիմքեր կային Գագիկ Ծառուկյանին զրկելու մանդատից՝ բացակայությունների համար

Փետրվար 19,2015 14:12

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը առաջ բերեց մի խնդիր, թե ինչպես կարող են պատգամավորի բացակայությունները համարել հարգելի, բացակայությունների հիմքով ինչպես պետք է զրկեն նրան պատգամավորական մանդատից:

Անհարգելի բացակայությունների հարցը մինչ օրս կանոնակարգված չէ: Կա ՍԴ որոշում, որոնք մանդատից զրկելու ընթացակարգին են վերաբերվում եւ հակասահմանադրական են ճանաչում ԱԺ կանոնակարգի այն դրույթները, ըստ որոնց անհարգելի բացակայությունների համար փակ գաղտնի քվեարկություն է անցկացվում եւ պատգամավորին մանդատից կարող են զրկել:

Այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ ՍԴ որոշման մեջ կա լիազորությունների դադարեցում եւ լիազորությունների դադարում հասկացությունները. «Հստակ ասվում է, որ պետք է պառլամենտական քվեարկություն տեղի ունենա, եւ այնքանով, որքանով դա տանում է քվեարկությանը, այդքանով ինքը հակասում է Սահմանադրությանը: Այսինքն, քվեարկության չպետք է դրվի: Երկրորդը, շատ կարեւոր հայտարարություն կա ՍԴ որոշման մեջ՝ հայեցողական լիազորությունների դաշտում չպետք է լինի հարգելին կամ անհարգելին:

Այն պետք է հստակ նախատեսված հիմքերով լինի: ԱԺ-ն պետք է անդրադառնար եւ հստակեցներ հիմքերը: Հիմքերից մեկը վերաբերում է հետեւյալին՝ բացակայող պատգամավորը ներկայացնում է հիմքերը ԱԺ նախագահին, ԱԺ նախագահը ճանաչում է հարգելի: Չի ասում, որ ԱԺ նախագահը կարող է ուսումնասիրել դրանք, գտնել չհիմնավորված կամ ճանաչել անհարգելի: Սա էլ մյուս պրոբլեմն է, որը ԱԺ նախագահին դրել է շատ դժվար վիճակի մեջ: Այսինքն, պատգամավորը կարող է ասել՝ ես ներկայացրել եմ թուղթ, դու պիտի ճանաչես հարգելի: Չճանաչելու լիազորություն, ըստ էության, չկա»:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ եթե պատգամավորը ներկայացնի, ասի ես եղել եմ գործուղման մեջ, հարց է առաջանում՝ եթե դա գործուղում է, օրենքով նախատեսված հիմք է բացակայելու համար, այլ հարց է՝ որքանո՞վ է գործուղումը կախված քո պատգամավորական գործունեության հետ: Եթե դու ունես այլ գործատու, որը քեզ գործուղման է ուղարկում,ստացվում է, որ դու խախտում ես այլ նորմ. «Դու չես կարող այլ վճարովի աշխատանք կատարել, բացի գիտական, մանկավարժական աշխատանքից»:

Ավելին, ըստ պարոն Մինասյանի, եթե արգելված չի եղել, որ Գագիկ Ծառուկյանը ՀԱՕԿ-ը նաեւ ներկայացնի՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, ուրեմն այդ մասով նրա գործուղումներն էլ չեն կարող անհարգելի համարվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728