Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության ներկայացուցիչ. «Ոստիկանությունը դատապարտում է ծեծն ու խոշտանգումը»

Փետրվար 19,2015 13:22

«Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության փետրվարի 19-ին կազմակերպած «Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի 2013 եւ 2014 թվականների Հայաստանի այցելությունների վերաբերյալ հաշվետվությունները» խորագրով հանրային քննարկումներին ներկա էր նաեւ ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ Նելլի Մանանդյանը:

Նա նշեց՝ ասել, որ Խոշտանգումների կանխարգելման կենտրոնի այցելությունների արդյունքում կազմված հաշվետվությունների վերաբերյալ ոստիկանությունը կամ իրավապահ մարմինները ոչինչ չեն արել՝ սխալ կլինի, բայց միեւնույն ժամանակ ճիշտ չի լինի ասել, թե խնդիրներ չկան. «Միաժամանակ համեմատելով մեզ մոտ կանգնած երկրների փորձը Հայաստանի Հանրապետության փորձի հետ պետք է տեսնել դրական տարբերություններ, եւ հակառակը՝ համեմատելով այն պետությունների հետ, որոնք առաջ են մեզնից, կարելի է ակնառու խնդիրներ արձանագրել: Ոստիկանությունը մշտապես Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից կազմված զեկույցներին մեծ հետեւողականությամբ է վերաբերվել եւ փորձել է քննարկման առարկա դարձնել բոլոր արձանագրված խախտումները, թերությունները եւ առաջարկությունները»:

Ոստիկանության հերթապահ ծառայության վարչության պետ, փոխգնդապետ Վահրամ Աբրահամյանն իր խոսքում անդրադարձավ Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի ելույթին: Նա նշեց, որ իրենց վարչությունը ՁՊՎ-ներում վերահսկողություն է իրականացնում եւ պարոն Իշխանյանի արձանագրած իրավիճակը ՁՊՎ-ներում չի համապատասխանում իրականությանը, մասնավորապես՝ աթոռները ամրացված են հատակին եւ հնարավոր չէ դրանցով հարվածել եւ ոստիկանության օպերատիվ աշխատակիցները այնտեղ մուտք չեն գործում. «Եթե զեկույցում նշված է, որ բաժիններում եւ ՁՊՎ-ներում խոշտանգումները համատարած բնույթ են կրում, որտե՞ղ են մեր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները, դիտորդական խմբի անդամները, որոնք մեզ հետ սերտ համագործակցում են եւ բազմաթիվ անգամ այցելություններ են կատարում: Ինչո՞ւ չեն բողոքել նրանց, եթե դա համատարած բնույթ կրեր, ապա մի քանի տասնյակ դեպք կներկայացվեր Մարդու իրավունքների պաշտպանին կամ հասարակական դիտորդների ներկայացուցիչներին: Ոստիկանությունը դատապարտում է ծեծն ու խոշտանգումը, այն ոստիկանները, որոնք նման վարվելակերպ կդրսեւորեն, խստորեն կպատժվեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728