«Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունը ողջունելի է: Մոտեցումները՝ ընդունելի: Բայց զուտ քաղաքական առումով այդ հայտարարությունը, մեր համեստ կարծիքով, Գագիկ Ծառուկյանի քաղաքական ֆիասկոն է: Դժվար է այլ գնահատական տալ տվյալ իրավիճակում:
Մի քանի օր առաջ «մոբիլիզացիա» ես հայտարարում, շեշտում՝ «Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը», կամ, ասենք. «Ես համոզված եմ, որ միակ հանգուցալուծումն ամբողջական իշխանափոխությունն է` արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով», ավելին՝ անթաքույց ակնարկում ես ցնցումների գնալու, իսկ զինակիցների միջոցով՝ «մարտահրավեր ընդունելու», անգամ՝ «պատերազմի» մասին եւ այլն: Մեջբերումները Գագիկ Ծառուկյանի փետրվարի 13-ի՝ ԲՀԿ խորհրդում ունեցած՝ միայն գրավոր տարբերակով տարածված ելույթից են:
Եվ ընդամենը մի քանի օր անց, նախագահի հետ հանդիպումից հետո, հայտարարում ես, որ միշտ էլ խաղաղ, օրինական, քննարկումային, քաղաքական լուծումների, մոտեցումների կողմնակից ես եղել, «անհրաժեշտ է ոչ թե պատերազմել, այլ հանգիստ աշխատել», եւ այդպես շարունակ:
Այնինչ ժողովրդի շահերը, առկա խնդիրները, դրանց լուծման անհրաժեշտությունը եւ մյուս նման՝ վկայակոչվող հանգամանքները այս մի քանի օրերի ընթացքում, բնականաբար, չեն փոխվել: Փոխվել է միայն իրավիճակը եւ, տրամագծորեն, փաստորեն, փոխվել է Գագիկ Ծառուկյանի մոտեցումն ու պատկերացումը: Հարկավ, տեղի ունեցածը որոշակի առումով հանգուցալուծում է, հնարավոր է անգամ՝ հաշտեցում է, բայց մեծապես հենց քաղաքական տապալում է:
Կարդացեք նաև
Առհասարակ այս օրերի զարգացումներին անդրադառնալով՝ չպետք է մոռանալ, իսկ առանձին շրջանակների միտումնավոր, հնարավոր է անգամ՝ ակամա թերասացությունը նկատի ունենալով՝ պետք է հիշեցնել դեպքերի պատճառահետեւանքային կապը:
Ողջ խնդիրն այն է, որ ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, այո, երկրում քաղաքական նոր իրավիճակ ձեւավորեց: Բայց դա պետության ղեկավարի, իշխանության ռեակցիան էր կոնկրետ ԲՀԿ-ի ակցիային: Հարցը ոչ միայն փետրվարի 5-ին հրավիրած խորհրդաժողովում Գագիկ Ծառուկյանի ելույթի տոնայնությունն ու իշխանությունների հետ շանտաժի, «ահ տալու» լեզվով խոսելն էր, այլեւ մեր ներքին քաղաքական հարցերի հետ կապված օտար երկրների, օտարազգի գործիչների հետ «խաղեր տալու» փորձերը:
Այդ ամենը, հանրագումարում, իշխանության դեմ ուղղված ակցիա էր, իշխանությունը դրսեւորեց իր ռեակցիան, ու այստեղ էլ պարզվեց, որ իշխանափոխության կամ «հեղափոխության ակցիոներները» (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») անպատրաստ են դրան:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում