Լրահոս
Օրվա լրահոսը

Ողջ աշխարհի առաջ խայտառակ լինելու ավելի գործուն սցենար դժվար թե կարողանային մշակել անգամ մեր ամենաոխերիմ հակառակորդները. «Հայոց աշխարհ»

Փետրվար 19,2015 12:55

Փետրվարի 11-ին, Տեր-Պետրոսյանն արդեն հանդես էր եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին ընդունված համահայկական Հռչակագրի բովանդակության թույլ եւ խիստ արխայիկ քննադատությամբ։ Ուստի նոր պայմաններում նման փաստաթղթի գոյությունը սոսկ սեփական դեմքը փրկելու պատեհ առիթ էր Տեր-Պետրոսյանի համար։

Այդ պատճառով նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակի մեջ հայտնվեց նրա այն պնդումը, թե իբր մինչեւ հանրապետության նախագահի ու ԲՀԿ առաջնորդի հայտնի հայտարարություններն ու դրանց հետեւած իշխանության քայլերը ինքն անձամբ պատրաստ է եղել հանդիպել ու Սերժ Սարգսյանին ներկայացնել համահայկական Հռչակագրի բովանդակության շուրջ իր մտահոգությունները։

Ակնհայտ է, որ սա ուղղակի սեփական դեմքը փրկելու նպատակով ձեռնարկված պարզ աճպարարություն էր, եւ ոչ ավելին։ Դա է պատճառը, որ նույն կեղծիքը ավելի համոզիչ մատուցելու համար իր բաց նամակում Տեր-Պետրոսյանը հանկարծ հագել է «հանուն պետության ապագայի» ցանկացած գործակցության գնալու պատրաստ գործչի՝ իրեն ամենեւին էլ ոչ սազական համազգեստը։

Դրան նպաստեցին նաեւ բաց նամակի միջոցով Հռչակագրի փաստացի վերաքննության համար իր առաջադրած խորհրդակցական հանձնաժողովի անդամների հիմնական մասի ակնհայտորեն «արխիվային բնույթ» ունենալու փաստը, նրանց շարքում Վանո Սիրադեղյանի անունը ներառելու տարօրինակ առաջարկը։

Հասկանալի է, որ Տեր-Պետրոսյանի դրսեւորած կառուցողականության դաշտ տեղափոխվելու ցանկությունը ներքաղաքական առումով միանգամայն բնական քայլ է, հետեւաբար իշխանությունը որեւէ հիմք չունի մերժելու իրեն մեկնված ձեռքը։

Հարց է առաջանում. բայց ի՞նչ կապ ունի դրա հետ Ծիծեռնակաբերդում՝ հանդիսավոր պայմաններում, Հայոց երկու կաթողիկոսների ներկայությամբ արդեն ընդունված Հռչակագրի վերաքննության առաջարկը։ Արդյոք մինչեւ Հռչակագրի ընդունումը Տեր-Պետրոսյանը տեղյակ չէ՞ր ներառված կետերի ու դրույթների բովանդակության մասին կամ զրկվա՞ծ էր իր տեսակետը հրապարակայնորեն արտահայտելու հնարավորությունից։

Ուրեմն ինչո՞վ է պայմանավորված Հռչակագրի բովանդակության վերաքննության պահանջի հիմնական՝ ռազմավարական շարժառիթը։ Այստեղ արդեն «Բարգավաճ Հայաստանից» «հետ չմնալու» մտահոգությունը երկրորդական դեր ունի։ Երկրորդական է անգամ 1990-ականների սկզբների իր հայտնի տեսակետների եւ դրանց կրողը հանդիսացող գործիչների «ռեանիմացիայի» ցանկությունը։

Կարեւորն այստեղ Հռչակագրով ամրագրված նպատակների եւ դրույթների շուրջ համազգային համախմբման հեռանկարը կասկածի տակ առնելու ցանկությունն է, որը միանգամայն համահունչ է այդ կարեւոր փաստաթղթի վարկաբեկման ցանկություն ունեցող երկրների նպատակների հետ։

Պատկերացնել միայն կարելի է, թե ինչ տեղի կունենա, եթե մինչեւ ապրիլի 24-ը ձեւավորվի եւս մեկ, այս անգամ «խորհրդակցական» հանձնախումբ, եւ մշակվի Հռչակագրի դրույթներին հակասող եւս մեկ փաստաթուղթ ու տարածվի ողջ աշխարհում՝ Հայաստանի Հանրապետության նախագահի անունից։

Ազգը պառակտելու եւ ողջ աշխարհի առաջ խայտառակ լինելու ավելի գործուն սցենար դժվար թե կարողանային մշակել անգամ մեր ամենաոխերիմ հակառակորդները։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728