Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր մեկ տարուց ավելի շարունակվում էր Արթուր Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստերը, այսօր մեղադրանքը փոխելու որոշմամբ հանդես եկավ դատախազ Արմեն Փանոսյանը (լուսանկարում):
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի օրոք իմանալով, որ ինքը կրում է կառավարությունում իրավաբանական վարչության պետի ազգանուն-անունը, հանդես է եկել որպես կառավարության աշխատակից, երբեմն էլ հանդես է եկել Արտյոմ Առուստամյան կեղծ անունով՝ ներկայանալով որպես գործարար: Նոր մեղադրանքով դատախազը ավելացրեց դրվագները, մասնավորապես՝ նրան մեղադրելով, որ նա հանդես է եկել որպես պաշտոնատար անձ, խարդախությամբ, խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գույքի հափշտակություն է արել, մասնավորապես՝ Ֆրանսիայի դեսպանատան միջոցով քաղաքապետարանի հետ Էդուարդ Գասպարյանին խաբել է իբրեւ գովազդային վահանակներ պատրաստելու եւ նրանից հափշտակել է 3 մլն 600 հազար դրամին համարժեք դոլար: Նույն տուժողից Թբիլիսյան խճուղում հողատարածք ձեռք բերելու նպատակով նրանից հափշտակել է 15 մլն 735 հազար դրամ:
Նոր մեղադրանքով Ա. Սարգսյանը 2008-ի սեպտեմբեր-դեկտեմբերին Արմեն Միրզախանյանից համատեղ բիզնես ծրագիր իրականացնելու կապակցությամբ հափշտակել է 5 մլն 719 հազար դրամ գումար: «Եվրոպա» ՍՊԸ-ից (Արթուր Մանուչարյան) հափշտակել է 12 մլն 500 հազար դրամ: Կային բազմաթիվ դրվագներ. տիրացել էր տուժողներից մեկի 54 մլն 750 հազար դրամին՝ գազալցակայանների կառուցման համար իբրեւ բիզնես ծրագիր իրականացնելու համար:
Հայաստանի «կառավարության աշխատակիցը» եւ նրա պաշտպանը խնդրեցին 10 ժամանակ, որպեսզի ծանոթանան մեղադրանքին եւ դատաքննությունը լրացնելու միջնորդություններ անեն, իսկ տուժող կողմն էլ խնդրեց քաղհայցերի հետ կապված ողջամիտ ժամանակ:
Կարդացեք նաև
Մարտի 12-ին «կառավարության անդամը» կասի՝ ընդունո՞ւմ է նոր մեղադրանքը, թե՞ ոչ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ